«Վախենում ենք երկրորդ երեխան ունենալ»,- ասում են երիտասարդ ամուսինները

30/05/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վարդաշենի հանրակացարանում նյութ պատրաստելիս մոտենում է մի երիտասարդ ու հուսահատված ձայնով հարցնում. «Եթե ձեզ խնդրեմ` մի օր էլ մեր տուն կբարձրանա՞ք»: Հարցնում եմ` «Ինչ-որ բա՞ն է պատահել»: «Մեր վիճակը շատ վատ ա: Ուզում եմ մեր մասին թերթում գրեք»,- ասում է նա ու ամոթից կարմրում: Նրա դեմքից հասկանում եմ, որ մինչեւ մեզ դիմելը կեսմարդ է դարձել: Ասում եմ` «Չէ՛, որովհետեւ ես անօգնական մարդկանց մասին եմ գրում, իսկ դուք երիտասարդ եք, կարող եք աշխատել ու նորմալ ապրել»: Այս խոսքերը նրան վիրավորում են, գլուխը կախում է ու շփոթված ասում. «Ճիշտ եք ասում, ես երիտասարդ եմ, առավոտից իրիկուն ծանր ու կեղտոտ աշխատանք եմ կատարում, բայց իմ նորաստեղծ ընտանիքում բոլորը հիվանդ են, ու մենք շատ կարիքի մեջ ենք»: Վիրաբ Ավագյանը 24 տարեկան է, վերջերս ամուսնացել է Անուշի հետ: Նրանց միակ որդին 3 տարեկան Հրանտն է, որին ծնված օրվանից հիվանդանոցի դռներից չեն կարողանում տուն բերել: Երեխան հիվանդ է: Անուշն ու Վիրաբը վախենում են երկրորդ երեխան ունենալ, որովհետեւ որպես ծնողներ՝ երեխայի հիվանդության հարցում նրանք իրենց մեղավոր են զգում: Չեն կարողանում իրենց միակ երեխային պաշտպանել սովից ու հիվանդություններից: «Ո՞նց պահենք ախր, հնարավորություն ընդհանրապես չկա: Ոչ կարողանում ես ուտացնել, ոչ հագցնել, ոչ մի տեղ տանել: Որ երկրորդին ունենանք ու չկարողանանք պահել` ո՞ւմ ա պետք»,- ասում են ամուսինները: Այն սենյակը, որտեղ ապրում են Վիրաբը, կինը, երեխան եւ Վիրաբի ծեր մայրը, նման է լաբիրինթոսի, իսկ պատերի վրա անձրեւաջրերի հետքեր են: 5-րդ հարկում ապրող այս ընտանիքի անդամները տանիքից ներս թափվող անձրեւաջրերի խոնավության պատճառով հերթով հիվանդացել են: Անկյունում դրված մահճակալին հանդիպակաց առաստաղի պատն ամողջովին բորբոսնած է: Անուշն ասում է` «Հենց անձրեւ ա գալիս՝ ամբողջ սենյակի պատերը ջուր են դառնում: Քնած ժամանակ անգամ անձրեւը կաթում ա մեր վրա: Վաննաները շարում ենք մեր մեջտեղն ու քնում»: Վիրաբը տառապում է սրտի անբավարարություն հիվանդությամբ եւ հաճախակի սրտի տագնապներ է ունենում: Ասում է, որ արյան շրջանառությունը լավ չի կատարվում, մշտապես դեղորայք է օգտագործում: Թեեւ բժիշկները նրան արգելել են ծանր աշխատանք կատարել, այդուհանդերձ, նա աշխատում է Էրեբունի համայնքի սանսեկտորում: Աղբատար մեքենայով շրջելով` համայնքի աղբահանությունն է կատարում: «Առավոտից իրիկուն լապատկով զիբիլ եմ հավաքում-թափում, բայց չի ստացվում նորմալ ընտանիք պահել»: Ասում է, որ աղբահանության աշխատանքի համար վարձատրվում է 40.000 դրամի չափով: Այս ընտանիքն ապրում է Վիրաբի աշխատավարձով եւ նրա մոր` տիկին Պայծառի հաշմանդամության 5000 դրամ թոշակով: Հարցնում եմ` «Դուք բնակարան չե՞ք ունեցել: Միշտ այս հանրակացարանո՞ւմ եք ապրել»: Վիրաբը պատասխանում է` «Մայրս երկար տարիներ պետական հիմնարկում ա աշխատել, բնակարանի համար հերթագրված ա եղել: Մեզ էն ժամանակ տեղավորեցին էստեղ, ասեցին` 3 ամսով մնացեք, մինչեւ բնակարան կտանք, հերթն արդեն հասել էր: 3 ամիսը դարձավ 17 տարի»: Հանրակացարանային պայմաններն այստեղ սարսափելի են` ընդհանուր ջուր, խոհանոց, զուգարան եւ այլն: Ամեն ինչ հակահիգիենիկ է: Վիրաբն ասում է, որ աշխատավարձով կարողանում է միայն ամբողջ ամսվա ընթացքում խանութում կուտակած պարտքերը մարել: «Գոնե մի ուղղություն, մի խորհուրդ տվեք: Հարազատություն, բարեկամություն չունենք, որ մեզ մի ճիշտ ուղղություն ցույց տան: Իմանանք, թե ոնց կարելի ա ապրել: Ոչ մի հույս չկա: Պետությանն էլ դիմում ես` ասում ա` ջահել ես, գնա աշխատի: Էլ ո՞նց աշխատես, էլ աշխատելը ո՞նց ա լինում: Աշխատում, աշխատում ես, բայց օրերով սոված ես ապրում»,- ասում է նա` ավելացնելով, որ դեռ ամսական 3000 դրամ էլ վճարում են հանրակացարանի սենյակի համար: «Վիճակներս վիճակ չի»,- ասում է Անուշն ու մատնացույց անում սենյակում տիրող ծանր տեսարանները: Փոքրիկ Հրանտի թոքերի ու փայծաղի վիճակը շատ վատ է: Հիվանդանոցում բժիշկներն ասել են, որ երեխայի կյանքը հնարավոր է փրկել միայն արյան փոխներարկման ճանապարհով: Հրանտը ներկայումս գլխի պրոբլեմ էլ ունի, իսկ բժիշկները ծնողներին խորհուրդ են տվել շատ ուշադիր խնամել երեխային, այլապես նրա կյանքն արդեն հնարավոր չի լինի փրկել: «Ձմռանը հնարավոր չի էս խոնավությանը դիմանալ: Երեխայիս թոքերը շարքից դուրս եկան: Ամբողջ ձմեռ կռիշում սվաղել եմ, բայց ձյունն ու անձրեւը նորից թափվել են ներս: Ստիպված ցելոֆան եմ փռել, բայց քամին քշում-տանում ա: Դե՛, ասում եք՝ երիտասարդ եք, աշխատեք, ապրեք: 40.000 դրամ ստանում եմ ու չգիտեմ` ուտելիք հասցնե՞մ, վարձ տա՞մ, թե՞ իմ մի քանի ամսվա աշխատավարձով մասնագետ ճարեմ, որ կռիշը սարքի: Ո՞նց անեմ, ինձ մի խորհուրդ տվեք` ես կհետեւեմ ձեր ասածին»,- ասում է Վիրաբը:

Փոքրիկ Հրանտը ձեռքի փոքրիկ մատներն այս ու այն կողմ անելով՝ մատնացույց է անում սենյակի այն անկյունները, որտեղից պարբերաբար առնետներ են դուրս գալիս: «Բոբո կա»,- վախեցած հայացքով ու խոժոռած հոնքերով ասում է նա: Իսկապես, ի՞նչ խորհուրդ տաս այս ընտանիքին: Այնուամենայնիվ, առաջնային խնդիրը երեխայի կյանքը փրկելն է: