Ֆրանսիական «SPFA»՝ «Ֆրանսիայի Բողոքական եկեղեցու եւ Հայաստանի համերաշխություն» բարեգործական կազմակերպությունը ՀՀ Մշակույթի նախարարությանն առաջարկել է համատեղ իրականացնել շրջիկ կինոթատրոնների գաղափարը։
Ենթադրվում է, որ Հայաստանի հեռավոր մարզերում շրջելու է կինոդիտումներ կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ավտոբուս, որը կարող է բացօթյա տարածքներն ու փակ սրահները շատ արագ կինոդահլիճների վերածել։ Այդ շարժական կինոթատրոնը կարող է յուրաքանչյուր գյուղ հասնել ու ֆիլմեր ցուցադրել ցանկացած լսարանի համար. թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների։
Լայնէկրան կինոն մարզային քաղաքներ ու գյուղեր վաղուց արդեն չի հասնում։ Խորհրդային կարգերի ավարտից հետո գրեթե բոլոր փոքր կինոթատրոններն ու մշակութային տները վերածվել են առեւտրի կետերի կամ զվարճանքի վայրերի։ Կորել են ոչ միայն կինոդահլիճները, այեւ՝ կինոդիտման ավանդույթը։ Մարզերում կինոն միայն հեռուստատեսության շնորհիվ է հասնում, իսկ հեռուստաընկերությունները, որպես կանոն, մեծ ուշացումով են արձագանքում կինոնորույթներին։ «Շրջիկ կինոթատրոնները հայկական գյուղերում» ծրագիրը կարող է լրացնել այդ բացը։ Շարժական ու մոբիլ կինոթատրոնների շնորհիվ հնարավոր կլինի ներկայացնել թարմ ֆիլմերը, իսկ եթե այդ կինոավտոբուսն իր ֆիլմադարանը կապի նոր ֆիլմերը հայկական կինոշուկա ներմուծող ընկերությունների ցանցի հետ, ապա շատ գյուղերում ֆիլմերի պրեմիերաները չեն ուշանա եւ գրեթե նույն ժամանակահատվածում կլինեն, ինչ Երեւանում, եվրոպական քաղաքներում կամ Մոսկվայում։ Նման կինոավտոբուսներ շրջում են շատ երկրներում։ Ինչպես ցույց է տվել Ռուսաստանի փորձը՝ մարզերում նման դիտումներն ունենում են 100 տոկոսանոց հաճախելիություն, իսկ մարզերի ղեկավարները հերթագրվում են՝ ավտոբուսն իրենց մարզ բերելու համար։ «Կինոավտոբուսը» ոչ միայն շատ օպերատիվ է աշխատելու, այլեւ՝ գործելու է մարդկային փոքրաթիվ ռեսուրսներով. մի քանի մասնագետներից կազմված խումբը կարող է լիարժեք կինոդիտում իրականացնել։ Ծրագիրը նախատեսվում է սկսել 2007թ. հունիսից, իսկ «կինոավտոբուսի» այցելության առաջին վայրը կլինի Լոռու մարզը։ Ծրագիրը շարունակական բնույթ կունենա, իսկ բոլոր կինոդիտումներն անվճար կլինեն։
Այս նախաձեռնությունը շատ կոնկրետ ու ուշադրության արժանի գործունեության սկիզբ կարող է դնել, քանի որ այն կնպաստի մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանն ու կինոյի միջոցով մարդկանց իրազեկմանը։ Գյուղերի բնակիչներն այսուհետ կկարողանան ֆիլմեր դիտել հենց իրենց բակերում. մեծ կինոն ինքը գյուղացիների մոտ հյուր կգնա։
ՀՀ Մշակույթի նախարարության եւ ֆրանսիական կազմակերպության միջեւ պայմանագիրը դեռ չի ստորագրվել, պատճառը շատ օրիգինալ է. ֆրանսիական կողմի ներկայացուցիչ Աստղիկ Մարանջյանը երկու օր առաջ որդի է ունեցել։ Պայմանագրի մանրամասների քննարկումը կշարունակվի, երբ նա դուրս կգրվի ծննդատնից։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վերջերս հայտարարել էր, որ ցանկանում է «ապակենտրոնացնել մշակույթն» ու այն մայրաքաղաքից մարզեր տեղափոխել։ Թերահավատորեն ընդունված այս ռազմավարությունն արդեն սկսել է հստակ ուրվագծեր ստանալ։ Շրջիկ կինոթատրոնը կարող է դառնալ այն արագ արձագանքման մոդելը, որը շատ շուտով իր պտուղները կտա՝ մարզային քաղաքների եւ գյուղերի բնակիչներին պարբերաբար ծանոթացնելով մեծ կինոյի նորությունների հետ։ Շրջիկ կինոթատրոնը կդառնա ֆրանսիացիների երկրորդ «շրջիկ նվերը»։ Առաջինը Ֆրանսիայի Վանդեյ դեպարտամենտի կողմից Հայաստան ուղարկված շրջիկ գրադարանն է՝ «Բիբլիոբուսը», որը գրեթե նույն սկզբունքով է աշխատելու։ Այն մարզերի բնակիչներին գրականություն է տրամադրելու, նոր գրքերի պատվերներ է ընդունելու եւ իր հաջորդ այցելության ընթացքում փոխանակելու է դրանք։ «Բիբլիոբուսը» համագործակցելու է մարզերի դպրոցների հետ եւ մարդկանց հնարավորություն է տալու գրական նորություններին ծանոթանալ նաեւ համաշխարհային ցանցի՝ ինտերնետի միջոցով։ Գրքերն ու կինոն կստեղծեն այն ինֆորմացիոն դաշտը, որից վաղուց արդեն զրկված են Երեւանից հեռու ապրող հայաստանցիները։