Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրիտյոֆ Նանսենի կյանքին ու գործին նվիրված հանդիսավոր երեկո, որը նվիրվել է լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Փոխանցելով Երեւանից բացակայող Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնանքը` թեմի քահանա Հայկազուն Մկրտչյանը ասել է, որ «կան մարդիկ, որոնք իրենց ապրած կյանքով խոր հետագիծ են թողնում, եւ գալիք սերունդները ոգեշնչվում, ներշնչվում են նրանց օրինակով»: «Այդպիսիք էին Նանսենը եւ Անդրանիկ Մարգարյանը, որոնց ապրած ժամանակներն ու ճակատագրերը թեեւ տարբեր էին, բայց կա մի ընդհանրություն, որով կարծես թե նրանք միավորվում են: Այդ ընդհանրությունն իրենց կյանքը իմաստալից ապրելու եւ ուրիշներին ծառայելու մեջ էր»,- ասել է քահանան: