Այն, որ ընտրությունների օրը եւ դրանից մի քանի օր առաջ Հայաստանում զանգվածային ընտրակաշառք էր բաժանվում, թերեւս, ոչ մեկի համար այլեւս գաղտնիք չէ: Ընտրակաշառք էին բաժանում (տարբեր մասշտաբներով) ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՄԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ըգ:
Ընտրակաշառք էին բաժանում նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված բազմաթիվ թեկնածուների օգտին քվեարկելու համար (ի դեպ, մայիսի 12-ին հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ շատ ՀՀԿ-ականների ու ԲՀԿ-ականների պես ընտրակաշառք է բաժանում նաեւ ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը, ով պաշտոնական տվյալներով հաղթել է իր ընտրատարածքում): Պարզվում է, որ ընտրակաշառքների զանգվածային բաժանման առիթով «Օրինաց երկիր» կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ), սակայն ԿԸՀ-ից գրավոր պատասխանել են, թե ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանում ոչ մի տեղ ընտրակաշառք չի բաժանվել: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում տեղեկացրեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հետաքրքիր է, ԿԸՀ-ում տեղյակ չե՞ն, որ ընտրակաշառքի բաժանման մեկ փաստով նույնիսկ քրեական գործ է հարուցվել: Բայց անցնենք առաջ: Ա. Բաղդասարյանը երեկ նաեւ տեղեկացրեց, թե իրենք ունեն տեսանկարահանումներ, որ կոնկրետ մարդը փողը վերցնում է, գնում է քվեարկության, եւ պատրաստվում են այդ տեսագրությունը սահմանված կարգով ներկայացնել դատական քննարկումների ժամանակ: Ընտրությունների վերաբերյալ իր գնահատականը շարադրելիս նա կրկնեց ՕԵԿ-ի՝ օրեր առաջ արած հայտարարությունը՝ ԱԺ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մասին, եւ հավելեց, որ դիմելու են նաեւ առաջին ատյանի դատարաններ՝ ընդդեմ այն ընտրատեղամասային հանձնաժողովների, որոնք անհիմն մերժել են քվեների վերահաշվարկի վերաբերյալ ՕԵԿ-ի դիմումները: Ըստ Ա. Բաղդասարյանի, քարոզարշավի ընթացքում ՕԵԿ-ն իր ուղերձը հանրությանը հասցնելու հավասար հնարավորություններ չի ունեցել: Ա. Բաղդասարյանը նշեց արձանագրված խախտումների բազմաթիվ դեպքեր՝ ընտրակաշառքներ, միեւնույն գրիչով քվեարկելու դեպքեր, ձայների հաշվարկման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատում, բազմակի քվեարկության դեպքեր եւ այլն: Խախտումների շարքում Ա. Բաղդասարյանը նշեց նաեւ նոր անձնագրերի բաժանման մասին: Նա զարմանալի եւ տարօրինակ է համարում հատկապես հոսանքի խափանումները, մայիսի 13-ի լուսադեմին քվեների հաշվարկի մոտ մեկժամյա դադարեցումը եւ այն, որ մոտ 400 ընտրատեղամասերում ՕԵԿ-ը ոչ մի ձայն չի ստացել, ինչն, ըստ նրա, անհնար է: «Մենք ունենք փաստեր, որ Արմավիրի, Լոռու մարզի որոշ տեղամասերում տեղամասի արդյունքների մասին արձանագրությունը կազմվել է ոչ թե տեղամասային, այլ՝ ընտրատարածքային հանձնաժողովում, մարդկանց ահաբեկել են: Մենք ունենք տեղեկություններ, որ եղել է հստակ հրահանգ՝ պակասեցնելու ՕԵԿ-ի ձայները»,- նշեց նա՝ հավելելով, թե վերոնշյալ 400 ընտրատեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում ՕԵԿ-ի ձայները զրոյից դարձել են 123: Միաժամանակ ՕԵԿ ղեկավարը նշում է, թե նախորդ ընտրությունների համեմատ լավ փոփոխություններ էլ են եղել: Օրինակ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների նկատմամբ այս անգամ ուժային կառույցների ճնշումները եղել են ոչ թե զանգվածային, այլ՝ բացառություններով: Լցոնումները եւս, ըստ նրա, եղել են բացառություններով: «Խախտումները եղել են ոչ թե ընտրատեղամասերում, այլ՝ դրսում: Ընտրությունից մեկ օր առաջ հանրապետությունով մեկ փող բաժանվեց, եւ դա փոխեց իրավիճակը»,- ասաց Ա. Բաղդասարյանը: Վերջինս դրական է համարում նաեւ այն, որ ընդդիմադիր ուժերը միասին հավաքել են 450 հազար ձայն: «Սա նշանակում է, որ ընդդիմությունը պետք է միավորվի: Մենք նախատեսում ենք դիմել Սահմանադրական դատարան եւ նաեւ առաջին ատյանի դատարաններ, որպեսզի Հայաստանում տեղի ունենա ընտրությունների արդյունքների վերանայում, վերահաշվարկ, որովհետեւ մենք համոզված ենք՝ բազմաթիվ ընտական տեղամասերում, իրոք, տեղի են ունեցել ընտրական կեղծիքներ: Մենք դիմում ենք ՀՀ բոլոր քաղաքական ուժերին. ովքեր ունեն ընտրական կեղծիքների վերաբերյալ փաստեր, կարող են տրամադրել ՕԵԿ-ին: Մենք պատրաստ ենք բոլորի փաստերը համադրել, բոլորի շահերը, ընդդիմության շահերը պաշտպանել Սահմանադրական դատարանում եւ հասնել օրինականության ու արդարության վերականգնմանը,- հայտարարեց Ա. Բաղդասարյանը՝ հավելելով,- Այո, այս երկրում կան մեծ թվով քաղաքացիներ, որոնք փողը վերցրել, գնացել, քվեարկել են»: Հետաքրքիր է, ինչո՞ւ է մի դեպքում Ա. Բաղդասարյանը դիմում դատական ատյաններին, իսկ մեկ այլ դեպքում չի դիմում՝ դա բացատրելով մեր երկրի դատական համակարգի հայտնի վիճակով: Հիշեցնենք, որ Ա. Բաղդասարյանի եւ ՀՀ-ում ՄԵծ Բրիտանիայի փոխդեսպանի զրույցի գաղտնալսումից հետո ՕԵԿ ղեկավարն իր իրավունքների խախտման եւ իրեն ապօրինի գաղտնալսելու համար դատական ատյաններին չդիմելը հիմնավորեց նրանով, որ Հայաստանում «արդարադատությունն այն հիմքերի վրա չէ»: Մոտավորապես այսկերպ նա բացատրեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի՝ իր հասցեին հնչած վիրավորանք-որակման (դավաճան) կապակցությամբ դատարան չդիմելը: Եթե ընտրությունների հետ կապված ՕԵԿ-ը վստահում եւ դիմում է դատարաններին, ապա ինչո՞ւ վերոնշյալ դեպքերի կապակցությամբ չի դիմում: Այս հարցը երեկ մի թեթեւ զայրացրեց ՕԵԿ ղեկավարին: Հարցին նա հետեւյալ կերպ պատասխանեց. «Ո՞ւմ դիմեմ: Ո՞վ է, սուբյեկտն ո՞վ է: Ո՞ւմ եմ ես դիմում դատարան, ո՞ւմ: Սուբյեկտը ո՞վ է, գաղտնալսումն ո՞վ է իրականացրել, ո՞ւմ եմ դիմում դատարան: Ո՞վ է սուբյեկտը»: Լրագրողներից մեկը նրան հուշեց, որ, օրինակ, «դավաճան» վիրավորանքի համար սուբյեկտը Ռոբերտ Քոչարյանն է, եւ կարելի է նրան դատի տալ: Այս դիտարկմանն էլ Ա. Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Ռոբերտ Քոչարյանն ասել է, ես էլ Ռոբերտ Քոչարյանին հրապարակային պատասխանել եմ: Սա հրապարակային բանավեճ է»: Այնուհետեւ նա նշեց, թե բոլորս էլ մեր երկրի դատական համակարգի վիճակը գիտենք, սակայն նորից հավելեց. «Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան»: Այստեղ, երբ լրագրողները նորից հարցրին, թե այդ դեպքում ինչո՞ւ գաղտնալսման ու Ռ. Քոչարյանի հետ կապված դատարան չեն դիմում, Ա. Բաղդասարյանն ասաց. «Հիմա մենք խոսում ենք ընտրությունների մասին: Խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանին: Ընկերներ, սա ուրիշ բան է»: Նա երեկ նաեւ վստահեցրեց, որ գաղտնալսման հրապարակումը չի ազդել ՕԵԿ-ի վարկանիշի վրա, բայց դրանից հետո կուսակցականների թիվն աճել է: Ի դեպ, ՕԵԿ-ը չի պատրաստվում վայր դնել նորընտիր ԱԺ-ում իրեն բաժին հասած 8-9 մանդատները: