ՀՀԿ-ում գլխապտույտներ չեն արձանագրվել

17/05/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ ԱԺ արտահերթ նիստում հաշված րոպեների ընթացքում հաստատվեց Սերժ Սարգսյանի ներկայացրած, այսպես ասած, միջանկյալ կառավարության ծրագիրը: Նիստը, ի տարբերություն ՄԱԿ խմբակցության, որն այլեւս ներկայացված չի լինելու չորրորդ գումարման խորհրդարանում, բոյկոտում էր ընտրություններում հինգ տոկոսը չհաղթահարած «Ազգային Միաբանությունն» ու 5 տոկոսն անցած «Օրինաց երկիրը»:

Նիստին ընդդիմությունից ներկա էին միայն Շավարշ Քոչարյանն ու ուշացումով նաեւ «Արդարության» պատգամավոր Արամ Գ. Սարգսյանը, որի ներկայությամբ կոտրվեց այն տեսակետը, թե «Արդարությունն» էլ «ԱՄ»-ի պես բոյկոտում է Սերժ Սարգսյանի կառավարությունը:

Իսկ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած գործընթացով ընդամենն իրականացվեց Սահմանադրության պահանջը, համաձայն որի` նոր վարչապետը 20-օրյա ժամկետում պետք է ԱԺ հաստատմանը ներկայացնի իր ծրագիրը: Բայց քանի որ երեկ ամեն ինչ արվում էր ձեւական կողմն ապահովելու եւ հերթական «պտիչկան» ստանալու համար, ուստի, բացի նիստ գումարելուց, ուրիշ ոչինչ սահմանված ընթացակարգով չանցավ: Համաձայն ընթացակարգի, վարչապետը պետք է ներկայացներ ծրագիրը, հետո հարցեր հնչեին` ծրագրի վերաբերյալ, այնուհետեւ պետք է խումբ-խմբակցություններն իրենց տեսակետներն ու դիրքորոշումն արտահայտեին: Բայց ոչ ծրագիր ներկայացվեց, ոչ հարցեր եղան, եւ, կարելի է ասել, ոչ էլ ելույթներ հնչեցին: Բացառություն էր միայն ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը, որն առիթն օգտագործեց եւ ոչ թե ծրագրի մասին ելույթ ունեցավ, այլ` պառլամենտից իր հեռանալու: Սակայն ուշագրավն այն էր, որ հենց Գ. Արսենյանի ելույթի սկիզբը լսելուց հետո նիստերի դահլիճը դեմոնստրատիվ լքեց ՄԱԿ քարտուղար Գրիգոր Ղոնջեյանը: Ասում են, որ նրա վրա ազդել էր իր ղեկավարի սրտաճմլիկ, շնորհակալություններով ու խորհուրդներով համեմված հրաժեշտի տեքստը, ուստի դահլիճից հեռանալը միայն հուզմունքի հետեւանք էր: «Ուզում եմ ՀՀ կառավարությանը հաջողություն մաղթել իր ծրագրերի իրականացման համար եւ մի ուղերձով դիմել ՀՀ կառավարությանը` հիշեցնելով մի իմաստունի խոսքն այն մասին, որ Հայաստանը, կամ ցանկացած երկիր, դա իր մարդիկ են: Եվ որպեսզի ՀՀ կառավարությունն իր գործունեությունը կառուցի` ելնելով մարդկանց կենսամակարդակի բարձրացման մասին հոգսերի մասին մտածելուց, իր գործունեությունը կառուցի` ելնելով այն հանգամանքից, որ չկա երկիր առանց մարդ, եւ այդ գործունեության վերջնական նպատակը լինի մարդկանց վերաբերյալ իրականացված մտահոգությունների իրականացում: Ես ուզում եմ ՀՀ կառավարությանը մաղթել նաեւ, որ իր գործունեությամբ կարողանա նպաստել ՀՀ քաղաքացիների եւ իշխանության մեջ եղած վստահության մեծացմանը: Ես ուզում եմ մեր բոլոր քաղաքական գործընկերներին, ովքեր 2007թ. մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով շարունակելու են խորհրդարանական գործունեությունը, շնորհավորել եւ մաղթել բեղմնավոր աշխատանք` հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն այն երկրի, որը մեր բոլորի հայրենիքն է եւ որտեղ ապրելու ենք բոլորս»,- վերջին անգամ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու հնարավորությունից օգտվելով՝ հայտարարեց Գուրգեն Արսենյանը, ինչից, սակայն, բացի Գ. Ղոնջեյանից, ոչ մի հուզվող չեղավ:

Ինչեւէ, երեկ միաձայն` 87 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով հավանություն տրվեց ՀՀ կառավարության ծրագրին, եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը 2003-ին ԱԺ-ի կողմից հավանության արժանացած կառավարության ծրագիրը, որն էլ նույնությամբ վերահաստատվեց երեկ, շատ արդյունավետ համարեց` ասելով, թե այդ ծրագրի շնորհիվ անցած տարիների ընթացքում արձանագրվել է ՀՆԱ-ի երկնիշ աճ, արտահանման ծավալների, ժողովրդի բարեկեցության մակարդակի զգալի մեծացում: «Իհարկե, չի կարելի ասել, որ դա մեր երազանքների գագաթնակետն էր, սակայն այն, ինչ կառավարությունը ներկայացրել էր, եւ այն, ինչին բոլորս միասին հավանություն էինք տվել, ամենակարեւորը` իրականացավ»,- հայտարարեց նա:

Իսկ նիստից հետո, լրագրողների հարցին ի պատասխան, թե` ՀՀԿ-ն միայնա՞կ է կառավարություն ձեւավորելու, ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ասաց, թե այդ մասին խոսելը դեռեւս վաղը է: Իսկ ինչ վերաբերում է իր ցանկությանը, ապա նա ասաց. «Ես իմ ցանկություններն այդքան արագ չեմ փոխում: Իմ ցանկությունն արտահայտել եմ դեռ մեկ ամիս առաջ եւ ասել, որ ինչքան շատ քաղաքական ուժեր ընդգրկված լինեն կառավարության կազմում, այնքան մեծ կլինի վստահությունն այդ կառավարության նկատմամբ»: Կառավարության կազմի փոփոխությունների վերաբերյալ հարցի պատասխանից էլ ակնհայտ դարձավ, որ Ս. Սարգսյանը մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել կառավարությունում: «Ո՞վ է ասել` չեն սպասվում: Իհարկե` սպասվում են, եւ էական փոփոխություններ»,- հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա չի փոխի Վարդան Օսկանյանին, անվտանգության եւ ուժային կառույցների ղեկավարներին միայն այն պատճառով, որ այդ փոփոխությունները վերապահված են Ռոբերտ Քոչարյանին: Ս. Սարգսյանը նաեւ չբացառեց ընտրություններում 5 տոկոսը չհաղթահարած եւ ԱԺ-ից դուրս մնացած ուժերի հետ հնարավոր համագործակցությունը. «Այո, մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի, ցանկացած կարող անհատի հետ»,- ասաց Ս. Սարգսյանը: Սակայն, պարզ է, որ խոսքն ամենեւին էլ ընդդիմության մասին չէր: Ակնարկն ավելի շատ ուղղված էր ՄԱԿ-ին, որի ղեկավարը, ինչպես արդեն նշեցինք, ԱԺ ամբիոնից կառավարությանն ու իշխող կուսակցությանը ոչ թե մեղադրեց, ասենք, ընտրակեղծիքների մեջ, որի արդյունքում իր նման «կարող ուժը» դուրս մնաց խորհրդարանից, այլ հակառակը` գովաբանեց: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, որը երեկ բոյկոտում էր Սերժ Սարգսյանի ծրագիրը, ապա Ս. Սարգսյանը դրանից չի մտահոգվել. «Իրենց գործն է: Յուրաքանչյուրն ազատ է իր որոշման մեջ,- ի պատասխան ընդդիմության բոյկոտի մասին հարցի, ասաց Ս. Սարգսյանն ու անդրադառնալով հաջորդ` ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ «Ազգային Միաբանությունն» ու մյուս ընդդիմադիրները դուրս մնացին խորհրդարանից, հարցին, շարունակեց,- Հիմա դժվար է գնահատական տալ, բայց խորհրդարանն առաձգական չէ. 131 տեղ է, որոնց համար պայքարում այսպիսի արդյունքներ գրանցվեցին: Այնպես որ` նպատակահարմար չեմ գտնում որեւէ գնահատական տալ»:

Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին ռուսական մամուլի հրապարակումներին, որտեղ ՀՀ ԱԺ-ն որակվել է ռուսամետ: «Ես բազմիցս հայտարարել եմ, որ ՀՀԿ-ն, անձամբ ես, մեզ համարում ենք հայամետ, ոչ թե ռուսամետ, ՆԱՏՕ-ամետ կամ արեւմտամետ ուժեր: Մենք մշտապես աշխատել ենք իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են մեր ժողովրդի անվտանգության խնդիրների լուծմանը, կենսամակարդակի բարձրացմանը, եւ այդ պարագաներում մեզ այնքան են հետաքրքրել այլ շահերը, որքան այլ ուժերի հետաքրքրել են մեր շահերը»,- ասաց նա: Իսկ` «Գո՞հ եք ընտրությունների արդյունքներից» հարցին էլ Ս. Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ եթե ընտրություններում մենք ստանանք 25 եւ ավելի տոկոս, ապա կհամարեմ, որ մենք լավ ենք աշխատել: Մենք միշտ համեստ ենք եղել մեր ձգտումների մեջ, եւ հիմա համարում եմ, որ լավ ենք աշխատել: Բնականաբար` մեզնից որեւէ մեկը գլխապտույտ չունի, որեւէ մեկը չի համարում, որ թերություններ չեն եղել, եւ ընդհանրապես` համարում եմ, որ որեւէ երկիր չի կարող ասել, որ իր ընտրական համակարգն այնքան է կատարելագործված, որ այլեւս զարգանալու տեղ չունի: Բնականաբար` դժգոհներ միշտ լինում են: Դժգոհներ կարող են չլինել, եթե ընտրություններում պարտվողներ չլինեն, կամ` այն ժամանակ, երբ տվյալ երկրի քաղաքացիները 100 տոկոսով գոհ լինեն իրենց վիճակից: Քանի որ այդպիսի վիճակ որեւէ տեղ չի կարող լինել, ապա միշտ դժգոհներ կլինեն: Մենք գոհ ենք ընտրությունների արդյունքից: Մենք նշագիծ ունենք, այն է` հաջորդ ընտրություններին մեր ժողովուրդը եւ մեր եվրոպացի գործընկերները ընտրությունները գնահատեն ամբողջովին եվրոպական չափանիշներին համապատասխան»:

Հ.Գ. Երեկ ԱԺ-ում պատգամավորներն առանձին-առանձին հավաքված քննարկում էին, թե ՀՀԿ-ն, կոալիցիա կազմելու որոշում կայացնելու դեպքում, ո՞ւմ կնախընտրի տալ իշխանության որոշ մասը: Կարծիքները տարբեր էին, այդ թվում նաեւ` ՀՀԿ պատգամավորների մոտ: Սակայն շատերը կարծում են, որ դա, այնուամենայնիվ, կլինի «Բարգավաճ Հայաստանը»: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնին, ապա, մեր աղբյուրների հավաստմամբ, այն անկասկած մնալու է ՀՀԿ-ին, ու, թերեւս, դարձյալ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ներկայիս նախագահ Տիգրան Թորոսյանին: