Վազգեն Մանուկյանն առաջարկում է միավորվել

17/05/2007

Երեկ հրավիրած ասուլիսում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է ընդունել, թե ՀՀԿ-ն ունի 200 հազար ընտրող, ինչը, սակայն, ըստ նրա, ՀՀԿ-ի համար փրկություն կամ մխիթարություն չէ: «Հայաստանում կա 2 միլիոն 200 հազար ընտրող, որից Հանրապետականին ձայն են տվել 200 հազարը: Երկու միլիոնը բացարձակապես չեն ընդունում այդ կուսակցությանը, շատերը՝ մինչեւ ատելության աստիճան: Ստացվեց, որ նրանք 200 հազար ձայնով պետք է հակադրվեն 2 միլիոնին եւ մոնոպոլ իշխանություն ունենան այս երկրում: Դա ուղղակի խայտառակություն է, սարսափելի եւ երկարատեւ լինել չի կարող»,- երեկ հրավիրված ասուլիսում ասել է Վ. Մանուկյանը: Վերջինիս պնդմամբ՝ ՀՀԿ-ի ստացած 450 հազար ձայները եղել են բազմակի քվեարկության եւ բռնի ուժի կիրառման արդյունք:

Ընտրություններին չմասնակցած ԱԺՄ-ն հայտարարում է, որ ժողովրդից հիասթափվել պետք չէ, ժողովուրդը ցույց տվեց, որ ակտիվ է, պարզապես ժողովրդի քվեների մոտ 25%-ը փոշիացավ, որովհետեւ ընդդիմությունը չմիավորվեց: Ու բնական է, որ «ժողովուրդը որքան զզված է իշխանություններից, նույնքան էլ մեղադրում է ընդդիմությանը: Փաստորեն, ընդդիմության այն մասը, որ հասկանում էր, որ չի անցնելու, բայց մասնակցեց ընտրություններին՝ ինչ-որ ձեւով խաբեց ժողովրդին»: «Խախտումները տարեցտարի ավելի աննկատ են դառնում՝ կողմնակի դիտորդի համար: Մարազմը հասավ գագաթնակետին, կանոնավոր բանակի դեմ կանոնավոր բանակ է պետք: Ասում են՝ մեքենայով կաշառք են բաժանում: Բա ընդդիմությունն ո՞ւր է, թող գնա, այդ մեքենան ջարդի, այդ մարդու վզից բռնի կա՛մ դատարան տանի, կա՛մ տեղնուտեղը ծեծի: Ինչո՞ւ այդ կաշառք տվողին չէին վախեցնում, ինչո՞ւ հենց տեղում չէին ծեծում վրդովված քաղաքացիները: Սա ինձ համար անհասկանալի է: Ոչ մի երկրում չի լինում, որ ինտելիգենտ ծրագրեր ներկայացնես ու գաս իշխանության»,- ասել է Վ. Մանուկյանը: Ըստ նրա, միակ դրականը բանը, որ հետեւելու է այս ԱԺ ընտրություններին, այն է, որ ընդդիմության մեջ վերափոխումներ կսկսվեն: Վ. Մանուկյանն ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին ու «Ժառանգությանն» առաջարկել է միավորվել ընդդեմ ՀՀԿ-ի ու պայքարել մինչեւ վերջ: Մանուկյանը երեկ ասել է նաեւ, թե 2007թ. ԱԺ ընտրությունը պետք է դաս լինի ժողովրդի եւ ընդդիմության համար, որ նույն սխալը չկրկնվի 2008-ին՝ նախագահի ընտրությունների ժամանակ: «Ես իմ թեկնածությունը դնելու եմ եւ փորձելու եմ կազմակերպել բոլորին եւ գնալ հաղթանակի: Մենք շատ անհույս վիճակներում ենք հաղթանակ ունեցել»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ նախագահի ընտրությունից առաջ միավորում, այնուամենայնիվ, կլինի: Այս վստահության հիմքերն ԱԺՄ առաջնորդը կներկայացնի մի ամիս հետո, սակայն երեկ մի քանի կետով նշել է. ոմանք կմիավորվեն, որովհետեւ ԱԺ ընտրություններում քթները տրորվեց, ուրիշներն էլ կմիավորվեն, որովհետեւ ազատվել ենք «Սահակաշվիլու սինդրոմից»: