Ո՞ւմ անձնական կերակրամանն է դարձել ԱՊՀ միջպետական բանկը

17/05/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը 2006թ. դեկտեմբերին «Արմինֆո» գործակալությանը պատմել էր, որ «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել է «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությանը, իսկ բաժնետոմսերի 10 տոկոսը համարվում է պետական սեփականություն:

Ա. Մովսիսյանը նշել է, որ գնորդը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել 120մլն դոլարի ներդրումներ: Իսկ եթե հանկարծ սեփականատերը չկատարի իր պարտավորությունները, ապա կառավարությունը կարող է ետ վերցնել գործարանի բաժնետոմսերը` առանց մասնակի ներդրումները վերադարձնելու: Էներգետիկայի նախարարի տեղեկություններով՝ «Ռայնովիլը» հատուկ ստեղծվել է «Նաիրիտի» գործարքը կատարելու համար, իսկ նրա հիմնադիրներն ամերիկյան, գերմանական, լեհական կազմակերպություններ են, որոնք համարվում են հայկական կաուչուկի հիմնական գնորդները: Համաձայն գործարքի՝ «Նաիրիտում» կաուչուկի տարեկան արտադրությունը պետք է հասներ 35 հազար տոննայի` ներկայիս 10 հազարի փոխարեն: Հետաքրքիրն այն է, որ «Ռայնովիլի» եւ նրա հիմնադիրների մասին ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հերքում է Արմեն Մովսիսյանի ասածները: Գնահատելով մեր ռուս գործընկերների ջանքերը, ընդամենը փորձենք ներկայացնել այն մանրամասները, որոնց առանց այդ էլ տիրապետում էր ՀՀ էներգետիկայի նախարարը: Ասվածն ակնհայտ է 2007թ. հունվարին «Նաիրիտ գործարանի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի նիստի արձանագրությունից, որտեղ Ա. Մովսիսյանը, որպես ժողովի նախագահ, եւ Վահան Մելքոնյանը՝ որպես քարտուղար, երկուսով որոշել են վաղաժամկետ դադարեցնել «Նաիրիտի» տնօրենների խորհրդի անդամների լիազորությունները, եւ Ս. Կուլիկովին եւ Վ. Մելքոնյանին նշանակել որպես նոր անդամներ: Ահա այս անձի` Սերգեյ Կուլիկովի կենսագրությանն էլ անդրադառնում է «Ո՞ւմ անձնական կերակրամանն է դարձել ԱՊՀ միջպետական բանկը» հրապարակումը:

Կուլիկովի կասկածելի գործարքները

«Նաիրիտ» գործարանը վաճառելով «Ռայնովիլին», Հայաստանի կառավարությանը թվում էր, թե հաջող գործարք է կատարել: Նոր սեփականատերը խոստացել էր իսկույն ներդրումներ կատարելով բարձրացնել աշխատավարձերը, կատարել տեխնիկական վերազինում, զբաղվել կաուչուկի սպառման շուկայի ընդլայնմամբ եւ այլն: Ամիսներն անցնում են ամիսների հետեւից, մինչդեռ նոր սեփականատերն ընդհանրապես չի զբաղվել արտադրությամբ եւ նրան անգամ մի ցենտ չի հատկացրել: Ավելին, այդքան գովերգված «Ռայնովիլի» ղեկավարներն անգամ Երեւանում չեն էլ հայտնվել: «Նաիրիտ գործարանում» սկսել են պարտքեր կուտակել սպառած գազի, ջրի, էլեկտրաէներգիայի դիմաց: Սկսել են ձգձգել աշխատավարձերի վճարումը: Ընդհատումներով է մատակարարվել կաուչուկի արտադրության համար անհրաժեշտ հումքը, սակայն սեփականատերը չկա ու չկա: Եվ ահա այստեղ է, որ ձեռնարկության ներկայացուցիչները սկսել են անհանգստանալ, թե ո՞վ է «Նաիրիտի» իրական տերը: Ցավոք, այն, ինչ բացահայտվում է, չի կարող հայաստանցիներին ուրախացնել: Նախ՝ «Ռայնովիլը» կաուչուկի ոլորտում ընդհանրապես համաշխարհային «մետր» չի համարվում, ինչպես սիրում էին ներկայանալ իրենք: Այս ոլորտի հետ ոչ մի առնչություն չունի ոչ որպես հիմնադիր, ոչ էլ որպես գործընկեր: Բացի այդ, պարզվել է, որ «Ռայնովիլն» ընդամենը «օճառի պղպջակ» է, որը ոչ փող ունի, ոչ ձեռնարկություն, ոչ առեւտրային փորձ, ոչինչ չունի: Այս «պղպջակը», որը հայտնի չէ, թե ով էր ստեղծել 3 տարի առաջ մինչեւ «Նաիրիտի» գործարքը, հենց գործարքի սկզբին անցավ ՌԴ քաղաքացի Սերգեյ Վլադիմիրովիչ Կուլիկովի ձեռքը: Հավելենք, որ ԱՊՀ միջպետական բանկից 70 մլն դոլարի վարկ է հատկացվել «Ռայնովիլին», եւ զավեշտն այն է, որ այս պարոնը` Սերգեյ Վլադիմիրովիչ Կուլիկովը ԱՊՀ միջպետական բանկի փոխնախագահն է: Հասկանալի է, չէ՞, թե ինչո՞ւ է նման հարգարժան բանկը վարկավորում ոչինչ չունեցող մի կազմակերպության: Կարիք կա՞ նշել, որ ստացված վարկն անմիջապես մեջ-մեջ են արել: Կարիք կա՞ ասելու, որ «Նաիրիտ» գործարանը ոչինչ չի ստացել: Բայց եւ այդ միջոցների ծախսման համար շատ ավելի կարեւոր նպատակներ են գտնվել: 1մլն դոլարը գնացել է «Ռայնովիլի» ռուսական ընկերության հիմնադիր կապիտալին, որի տնօրենը մեզ հայտնի Կուլիկովի կինն է: (Նշենք, որ Արմեն Մովսիսյանը նույնպես հիշատակում է այս 1մլն-ի մասին, նշելով, որ այն կվճարվի «Նաիրիտի» բաժնետոմսերի վերջնական հանձնումից հետո: «Նաիրիտի» բաժնետոմսերը վաղուց տնօրինում է «Ռայնովիլը», սակայն այդպես էլ 1մլն դոլարը չի հասնում գործարանին: Այս գումարը մտնում է գործարանի գնման համար վճարված 40մլն դոլարի մեջ): «Նաիրիտի» վերազինման համար տրված վարկի մի մասն էլ մի հաշվեհամարից մյուսը «ցատկելով» վերադարձվել է ԱՊՀ միջպետական բանկին՝ որպես վարկի տոկոսների մարում: Այս ամենից ակնհայտ է, որ «Նաիրիտ» գործարանը գնել են շատ ավելի շահավետ պայմաններով վերավաճառելու նպատակով` գուցե եւ հենց ԱՊՀ միջպետական բանկին: Ո՞վ գիտե: Մի խոսքով, Կուլիկովը խիստ կասկածելի գործարք է կատարել` օգտագործելով իր պաշտոնական դիրքը ԱՊՀ միջպետական բանկում:

Ի դեպ, այս գործարքը Կուլիկովի համար եզակիներից չէ: Օրինակ, պարզել ենք, որ ոչ վաղ անցյալում Կուլիկովի «պասով» «Պրոմտրանսլիզինգ» կազմակերպությունը, որի բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է Կուլիկովի կնոջը` Ալլա Կուլիկովային, Միջպետական բանկով 650 վագոնի լիզինգ է ձեւակերպել: Գործարքի պահին այդ վագոնների գինը կազմել է 25 մլն դոլար: Նշյալ «Պրոմտրանսլիզինգ» կազմակերպության հերթական գործարքը եղել է այն, որ 2.5մլն դոլարով Տուապսեում գնել է 13 հեկտար տարածք: Ներկայումս «Պրոմտրանսլիզինգ» կազմակերպությունը բանակցություններ է վարում «Ռուսնավթի» բեռնահամալիրը գնելու ուղղությամբ, որի նախնական գինը մոտ 30մլն դոլար է գնահատվել: Թեպետ բոլորին է հայտնի, որ «Ռուսնավթը», եթե ոչ այսօր, ապա հետագայում անպայման գնելու է այդ տարածքը, սակայն Միջպետական բանկը բեռնահամալիր կառուցելու համար 20 մլն դոլար է տվել «Պրոմտրանսլիզինգին»: Բոլորին էլ պարզ է, որ այդ համալիրը չի կառուցվելու: Բանը նրանում է, որ Կուլիկովն այդ բանկում վաղուց է աշխատում: Նրան այս պաշտոնում նշանակել է ՌԴ ԿԲ փոխնախագահ Գորյունովը, ով ներկայումս հանգիստ ապրում է Շվեյցարիայում` Ռուսաստանի Դատախազությունից հեռու: Սակայն նրա աշակերտը` Կուլիկովը, բարեհաջող շարունակում է իր ուսուցչի գործը:

Մի՞թե հայկական կողմը Կուլիկովին թույլ կտա վերավաճառել «Նաիրիտ» գործարանը սկզբում՝ ԱՊՀ միջպետական բանկին, ապա` իր անձնական շահի համար մեկ ուրիշին: Այդպիսով Հայաստանը վերջնականապես կկորցնի «Նաիրիտը»:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը թերեւս հիշեց, թե ինչ նախապայմաններ էր դրվել «Նաիրիտ-Ռայնովիլ» գործարքի հիմքում, եւ որպես կառավարության ներկայացուցիչ եւ գործի մանրամասներին տեղյակ չինովնիկ՝ գուցեեւ գտնի «Նաիրիտի» փրկության նյուանսները: