Իզուր չէ, որ վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում հռչակված են որպես գերակա ճյուղ։ Խորհրդարանական այս ընտրությունները կեղծվեցին բարձր տեխնոլոգիաներով՝ այնպես, որ բոլորն ապշած մնացին։ Ամեն ինչ այնքան սահուն էր կազմակերպված, որ նույնիսկ ծեծուջարդի ու քվեատուփեր գողանալու կարիք չզգացվեց։ Առանձին «տեղական նշանակության» տուրուդմբոցներ, իհարկե, եղան, բայց դրանց «թեման» ոչ թե բուն ընտրակեղծիքներն էին, այլ այն հարցը, թե ում օգտին պիտի իրականացվեն կեղծիքները։
Բայց սա վերջին ընտրությունների միակ առանձնահատկությունը չէր։ Նորություն էր նաեւ այն, որ պարտված ուժերի ղեկավարներից շատերն այս անգամ մեղադրեցին ոչ այնքան իշխանություններին, որքան ժողովրդին։ Ընդ որում, ասվածը վերաբերում է ոչ միայն Տիգրան Կարապետիչին (զուտ մարդկայնորեն նրա «մուննաթը» թեեւ չարդարացված, բայց միանգամայն հասկանալի է)։ Արտաշես Գեղամյանն էլ հայտարարեց, թե փաստորեն ժողովուրդը չընդունեց իր հակաճգնաժամային ծրագիրը, եւ կրկնեց հայտնի ճշմարտությունը՝ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը։
Բայց խնդիրն այն է, որ «ժողովուրդ» ասելով՝ տվյալ դեպքում ամենեւին էլ չպետք է հասկանալ 5 հազար դրամ ընտրակաշառք վերցրած հարյուր-հազարավոր խեղճուկրակներին։ Մի փոքրիկ հաշվարկ կատարենք։ Հայաստանում կար 1920 ընտրատեղամաս, ամեն տեղամասում՝ հանձնաժողովի 9 անդամ։ Այսինքն՝ մոտ 17 հազար մարդ։ Այդ 17 հազարից քանի՞սն են բողոքել ընտրակեղծիքների դեմ (չենք ասում՝ փորձել կանխել)։ Լավագույն դեպքում` հազարը։ Այլ կերպ ասած, 16 հազար մարդ ծպտուն չի հանել։ Բացի այդ՝ ամեն տեղամասում առնվազն երկու հոգի հետեւել են «գործընթացին» (ոստիկաններ, թաղի տղերք» եւ այլն)։ Ստացվեց, որ ամենաքիչը 50 հազար մարդ մասնակցել է ընտրակեղծիքներին։ Իսկ ովքե՞ր են եղել հանձնաժողովականները։ Հաստատ «Փարոս» ծրագրում ընդգրկվածներ չեն եղել։ Հիմնականում եղել են մանկավարժներ, միջին օղակների ադմինիստրատիվ աշխատակիցներ եւ այլք։ Հենց նրանց համաձայնությամբ են կատարվել կեղծիքները։ Իսկ նրանք նույնպես ժողովուրդ են. ո՞վ է ասել, որ ժողովուրդն անպայման պիտի սոցիալապես անապահով լինի։
Ի դեպ, երբ խոսում ենք զանգվածային ընտրակեղծիքների մասին, «օդից» չենք ասում։ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն, օրինակ, պաշտոնապես հայտարարում է, որ իր կուսակցությունն իրականում 250 հազար ձայն է ստացել, բայց արձանագրել են 80 հազար։ Այսինքն, ըստ նրա, միայն իր կուսակցության դեպքում 170 հազար ձայն կեղծվել է։ Իսկ դա կազմում է բոլոր քվեների 12 տոկոսը։ Հետեւաբար, ընտրությունների արդյունքներն էականորեն կեղծված են։ Այսպիսի թվեր են հրապարակում նաեւ այլ կուսակցությունների ղեկավարներ։
Ի դեպ, այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նաեւ նրանով, որ փաստորեն լրջագույն հակասություններ կան ոչ թե միջազգային կառույցների եւ ՀՀ իշխանությունների, այլ այդ կառույցների եւ ընդդիմության միջեւ։ Ընդդիմությունը պնդում է, որ ընտրություններն այլանդակ ձեւով կեղծվել են, իսկ միջազգային կառույցները պնդում են, որ «մի թեթեւ» են կեղծվել, էական բան չկա։ Պատճառն, իհարկե, այն չէ, որ մենք կարողացել ենք «ազգովի խաբել» միջազգային հանրությանը (թեեւ շատերն են խոստովանում, որ կեղծիքներն իսկապես վիրտուոզ էին՝ Դեյվիդ Կոպերֆիլդը ղալաթ էր արել)։ Պատճառն այն է, որ նախ՝ միջազգային հանրությունը գոհ է, որ զոհեր գրեթե չեղան, եւ երկրորդ՝ նրանց դուր եկավ, որ այս խորհրդարանում լինելու է ռուսամետ իշխանություն եւ արեւմտամետ ընդդիմություն (եւ ոչ թե նախկինի պես՝ ռուսամետ իշխանություն եւ նույնքան ռուսամետ ընդդիմություն)։ Երեւի Արեւմուտքին թվում է, թե նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի իր արեւմտամետ հայացքներով լրջորեն պայքարել ռուսամետ Սերժ Սարգսյանի դեմ, եւ «գունավոր հեղափոխությունը» կկայանա։ 2003-ին այդպիսի շանս չկար հենց այն պատճառով, որ չէր կարող ռուսամետ Ստեփան Դեմիրճյանը «գունավոր հեղափոխություն» անել ռուսամետ իշխանությունների դեմ։
Այսպես թե այնպես, միջազգային հանրությունն ինչ-որ բանի հասավ։ Չկարողացավ ռուսամետ իշխանություններից ազատել Հայաստանը, բայց գոնե ռուսամետ ընդդիմությունից ազատեց։
Թեեւ արդեն այսօր հասկանալի է, որ 2008-ի նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը (կամ Արթուր Բաղդասարյանը) ոչ այնքան Սերժ Սարգսյանի դեմ է պայքարելու, որքան Ստեփան Դեմիրճյանի ու Արտաշես Գեղամյանի։ Այնպես որ, խորհրդարանից դուրս մնացած լիդերների համար միշտ էլ աշխատանք կճարվի։