«Arme՚nie mon amie»

17/05/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանի տարին Ֆրանսիայում հնչեղ ու բազմերանգ ներկապնակ ունի։ Հայկական արվեստին, պատմությանը, կինոյին նվիրված միջոցառումների ազդակները երեւում են խանութների ցուցափեղկերից, սրճարանների դռներից, շենքերի պատերից ու Փարիզի ավտոբուսների վրա պատկերված խորհրդանիշից՝ «Հայաստան, իմ բարեկամ»։ Հայաստանը Ֆրանսիայում կարծես իր սկզբնաղբյուրներից է բացահայտվում. նախաքրիստոնեական շրջանից՝ մինչեւ ակտուալ արվեստ, եւ դառնում ֆրանսիացիների եթե ոչ բարեկամը, ապա անպայման՝ լավ ծանոթը։ Այնպիսի ծանոթը, որի հետ հանդիպելիս ու շփվելիս նրանք զուսպ հպարտությամբ ասում են. «Օ, Արմենիա…»։ Մեծ պետությունը իր քաղաքացիներին ու հյուրերին ներկայացնում է մեր գանձերը, ներկայացնում է սթափ գիտակի հարուստ փորձառությամբ՝ միահյուսելով մեր մշակույթը համաշխարհային կոնտեքստին։

Անշուշտ, Ֆրանսիայում մեր երկրի տարին քաղաքական մեծ նշանակություն ունի, այն անցկացնելու փաստը դիվանագետներից ու քաղաքական գործիչներից մեծ ջանքեր ու դիվանագիտական համառություն է պահանջել։ Ֆրանսիան իր երկրում անցկացնելով Բրազիլիայի ու Չինաստանի տարիները, որոշում էր կայացրել այլեւս ոչ մի պետության ներկայանալու համար ամբողջ տարին չտրամադրել, այլ՝ սահմանափակվել առավելագույնը ազգային սեզոնով։ Սակայն Հայաստանի համար բացառություն արվեց, ու Հայաստանը ստացավ, ֆրանսիացիների սիրելի արտահայտության համաձայն՝ իր «քարտ բլանշը» ու մի ամբողջ տարվա ընթացքում ներկայացավ իր հարստությամբ՝ հինավուրց մշակույթով ու այսօրվա արվեստով։

Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը, զրուցելով Հայաստանից ժամանած լրագրողների ու մտավորականների խմբի հետ, ասաց. «Մենք ուզում էինք ցուցադրել ոչ միայն այն, ինչը ունենք Հայաստանում, այլ՝ այն, ինչ ունեն աշխարհով մեկ սփռված հայերը։ Սկզբում նախատեսել էինք 100 միջոցառում իրականացնել, բայց երբ մեր ունեցած հարստության «ինվենտարիզացիան» անցկացրեցինք, հասկացանք, որ միջոցառումներն անհամեմատ ավելի շատ կլինեն»։ Ֆրանսիայի ավելի քան 160 քաղաքներում 850 միջոցառումներ են իրականացվել, եւ այդ թիվը սոսկ թիվ չէ. ամեն մի միջոցառումը մանրակրկիտ պատրաստված ու գովազդված է, ունի իր խորհրդանիշն ու պատկերավոր ապացույցը՝ կատալոգի, բուկլետի կամ գրքույկի տեսքով։

ՀՀ նախագահի օգնական, Ֆրանսիայում Հայաստանի տարվա համակարգող Վիգեն Սարգսյանը միջոցառումների ընթացքը հաջող է գնահատում։ Հսկայական ծավալի աշխատանք է արվել ու դեռ արվելու է։ Տարբեր մակարդակների պայմանավորվածություններ ձեռք բերելը, երկու երկրների միջեւ համատեղ աշխատանք համակարգելը, ցուցանմուշների, հյուրերի ու մասնագետների տեղափոխումն ու ապահովագրումը ոչ միայն աշխատատար, այլեւ՝ մեծ պրոֆեսիոնալիզմ պահանջող գործ է։ «Մեր հաջողությունը համախմբված թիմի աշխատանքն էր։ Ֆրանսիան շատ մեծ բյուրոկրատական մեքենա ունի, նույնիսկ ավելի մեծ, քան մենք կարող ենք պատկերացնել, եւ ամեն բան պետք էր շատ հստակ անել։ Ամենակարեւորը, կարծում եմ, այն էր, որ մենք մշակեցինք միջոցառումներն իրականացնելու սեփական մոդելը, որոշ իմաստով՝ մատրիցան, որը հետագայում կարող ենք օգտագործել ու խոշոր կտավների ցուցահանդեսներ իրականացնել»։ Վիգեն Սարգսյանը նշեց, որ բացի մշակութային միջոցառումներից՝ Հայաստանի տարվա շրջանակներում երկու երկրների միջեւ տարբեր գործնական պայմանագրեր են ստորագրվել, իսկ 1000 հայ երեխաներ մեկնել են Ֆրանսիա՝ որպես Հայաստանի փոքրիկ դեսպաններ, որոնք ծանոթացել են երկրի հետ՝ ապրելով ֆրանսիացիների ընտանիքներում։

Միջոցառումների գլխավոր շեշտադրումը, իհարկե, արվել է մշակույթի ու պատմության վրա։ Մեր երկիրը մշակութային այնքան արժեքներ ունի, որ եթե սկսի ցուցադրել, ցուցահանդեսների շարանը վերջ չի ունենա։ Ինչպես ասաց պատվիրակության անդամ, գրող Դավիթ Մուրադյանը՝ մշակույթն ամենադժվարին պահերին միշտ գալիս է մեզ օգնության։ Որպես դարերի միջով, թոհուբոհով, աղետներով, երկրաշարժով ու պատերազմներով անցած պետություն՝ մենք աշխարհին հետաքրքիր ենք հենց մեր զարմանալի մշակույթով, այն մշակույթով, որով հպարտանում ենք, բայց որն իրականում չենք գնահատում։ Մեր հարստությունը մեր կողքին է՝ թանգարաններում ու կինոժապավենների վրա, բայց մենք այն չենք տեսնում։ Իսկ Ֆրանսիայում տեսնում են։ Տեսնում են ու գնահատում մեզ՝ որպես այդ մշակույթի կրողներ։ Հայերը եվրոպացիների աչքերում դառնում են ոչ միայն երրորդ երկրի բնակիչներ, որոնք Եղեռն ու երկրաշարժ են տեսել, այլեւ մի զարմանալի ժողովուրդ, որի ստեղծածին նայելով՝ իրենք են հարստանում։ Հայաստանի տարին Ֆրանսիայում երկու երկրների համար փոխշահավետ կապեր է ստեղծում։ Եվ դա տեղի է ունենում առաջին հերթին պրոֆեսիոնալ դիվանագետների ու արվեստաբանների շնորհիվ։

Փարիզ

Ֆրանսիայում մշակութային միջոցառումները երեք հենակետային ցուցադրությամբ են ներկայանում։ Առաջինը հանրահայտ Լուվրի «Armenia Sacra» ցուցահանդեսն է, որը ներառում է Երեւանի Պատմության եւ Էջմիածնի թանգարանների ցուցանմուշները ու Հայաստանի տարբեր շրջաններից բերված խաչքարերը։ Խաչքարերի «Սուրբ Հայաստան» ցուցադրությանն առանցքային դեր է տրվել։ 10-րդ դարից ի վեր հայերը հյուսել են ժանյակ հիշեցնող իրենց քարե նախշերը, եւ յուրաքանչյուր խաչքարը մի փոքրիկ գլուխգործոց է դարձել։ Լուվրի 1000 քմ տարածք ունեցող Մելպոմենայի սրահում, որը գտնվում է թանգարանի առաջին հարկում, ցուցադրված են թվով 40 խաչքարեր, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է 7 տոննան։ Եվ այդ բոլոր խաչքարերն ինքնաթիռով են տեղափոխվել Փարիզ. դա ոչ միայն փոխադրությունը կազմակերպելու միակ ճանապարհն էր, այլեւ՝ միակ ապահո՛վ ճանապարհն էր։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանն ասաց, որ սկզբում բոլորը խաչքարերի տեղափոխումը խելագարություն են համարել, սակայն իրենք աշխատել են Ֆրանսիա բերել ոչ թե թանգարանում ցուցադրվող նմուշներն, այլեւ այն խաչքարերը, որոնք գտնվում են Հայաստանի տարբեր վայրերում՝ Եղեգնաձորում, Արցախում եւ այլուր։ Առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած Հայաստանը նաեւ առաջին անգամ է իր պետության սահմաններից դուրս հանել իր գանձերը՝ խաչքարերը, սրբապատկերներն ու մագաղաթները։ Դժվար չէ պատկերացնել, թե ի՜նչ մեծ ու հերոսական աշխատանք է կազմակերպիչներից պահանջել տոննայանոց խաչքարերի տեղափոխումն ու տեղադրումը։ Սակայն այս ամենն արվել է, եւ «Սուրբ Հայաստանը» քայլ առ քայլ բացվում է ֆրանսիացիների առջեւ։

Հայկական խաչքարերի գաղտնիքը ֆրանսիացիների առջեւ բացվում է Լուվրից, որի շենքի ճակատին փակցված է «Armenia Sacra»-ի հսկայական պաստառը։ Ինչպես պատմեց Է. Նալբանդյանը, ցուցահանդեսի լատինական անվանման գաղափարը ծնվել է Լուվրի թանգարանի տնօրենի հետ զրույցի ընթացքում։ Լուվրի տնօրեն Անրի Լուարեթը եղել էր Ռուսաստանում, հիացած էր մնացել ռուսական սրբապատկերներով եւ ցանկանում էր «Սրբազան Ռուսաստան» ցուցահանդես բացել։ Այդ զրույցի ընթացքում դեսպանն ու տնօրենը որոշել են, որ «sacra» լատինական անվանումը շատ բնորոշ կլինի քրիստոնեական Հայաստանը ներկայացնելու համար։

Հավատքի խորհրդանիշ խաչքարերը զարմանալիորեն գեղեցիկ ու ներդաշնակ են դիտվում Լուվրում, քանի որ սրահի պատերն ու ընդհանուր ձեւավորումը միտումնավոր անմշակ ու բնությանը համահունչ է պատրաստված։ Պատերը քարե աղյուսներ հիշեցնող սալիկներից են կառուցված, ինչը թույլ է տալիս խաչքարերին նայել իրենց թվացյալ նախաստեղծ միջավայրում։ Առանձին հիշատակման են արժանի ցուցանմուշներին ուղեկցող մեկնաբանությունները, որոնց շնորհիվ բացվում է քրիստոնեական Հայաստանի պատմությունը, եւ որոնց միջոցով յուրաքանչյուր նմուշ իր լեգենդն է պատմում, շունչ է ստանում ու շարունակվում մարդկանց հիշողությունների մեջ։ Շրջելով սրահում, ակամայից ուզում ես ասել՝ մեր լավագույնը քեզ ենք ցուցադրում, Ֆրանսիա, ու ինքներս մեզ համար ենք բացահայտում մեր գանձերը։

Արլ

«Armenia Sacra»-ի տրամաբանական շարունակությունը դարձավ «Անտիկ Հայաստանի հրաշքները Արարատ լեռան փեշերին» ցուցահանդեսը, որը բացվել էր արվեստների քաղաք Արլում։ Ցավոք, մենք չհասցրինք այցելել այդ քաղաք, սակայն Արարատ լեռան փեշերին փռված մեր պատմությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տարվա շրջանակներում անցկացված ցուցահանդեսների շարքում, քանի որ այն ներկայացնում է անտիկ, նախաքրիստոնեական, հեթանոս Հայաստանը, հայ ժողովրդի արմատները։

Արլը համարվում է արվեստների քաղաք, այն հռոմեական ակունքներ ունի։ Հինավուրց այդ քաղաքում պահպանվել են հին շունչն ու աուրան։ Դա զարմանալի քաղաք է, որտեղ մայթերի եզրերին, պուրակներում հին շինությունների բեկորներ են տեղադրված, քաղաքն ամեն քայլափոխի ցուցադրում է իր անցյալը։ Եվ կառուցում է իր թանգարանի շենքն ամբողջովին մոդեռն ոճով, թանգարանի շենքի պատերը ներսից բացվում են, որպեսզի ցանկացած իր հնարավոր լինի թանգարան բերել՝ առանց աստիճանների կամ վերելակների օգնության։ Արլի Արվեստի թանգարանը հայտնի է նաեւ Կապույտ թանգարան անվամբ, քանի որ ամբողջովին կապույտ գույնի է։ Եվ այդ թանգարանում բացվել է երկրորդ խոշոր հայկական ցուցադրություն, որի անվան մեջ շատ խորիմաստ ենթատեքստ կա. մեր Արարատը մեր ակունքն է։ Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ դեսպան Է. Նալբանդյանն ասաց. «Արարատն ավելի է, քան պարզապես սուրբ լեռը, Արարատը Հայաստանի եւ հայ ժողովրդի հավերժության խորհրդանիշն է, որը ժողովուրդը կրում է իր երգերում, լեգենդներում եւ իր հոգում»։

Ֆրանսիական մամուլը, որը բուռն կերպով է արձագանքել Հայաստանի տարվա գրեթե բոլոր միջոցառումներին, «Մոնդ» ամսագրի մի ամբողջ համար նվիրել է Հայաստանին՝ երկիրն անվանելով բիբլիական ու ներկայացնելով ոչ միայն պատմական Հայաստանի, այլեւ՝ ժամանակակից Երեւանի ու հայերի մասին պատմող ռեպորտաժները։ Արվեստը ներկայացնող ամսագրերն ու թերթերը շատ մանրամասն ու գեղեցիկ հոդվածաշարեր են նվիրել Հայաստանին։ Եվ դա մեր դիվանագիտության հաղթանակն է, որը կարծես թե ավելի է զգացվում Ֆրանսիայում, քան Հայաստանում։ Հայաստանում մշակութային իրադարձությունները հազվադեպ են թերթերի առաջին էջերում ու շապիկներին հայտնվում։ Այդ հարցում մենք շատ բան ունենք սովորելու ֆրանսիացիներից, որոնք կարող են առանց ցավագին մեծամտության «Մոնդի» համարի շապիկին դնել, ասենք, այսպիսի վերնագիր՝ «Արմենիա. ֆրանսիացիների կիրքը»։

Մարսել

Երրորդ հենակետային ցուցադրությունը բացվեց Մարսելում եւ ներկայացրեց հայոց գրերի հրաշքը։ Ցուցահանդեսն այդպես էլ կոչվում է «Արմենիա. գրերի կախարդանքը»։ Արամեերեն սեպագրերից, հունարեն եւ հռոմեական արձանագրություններից մինչեւ հայոց այբուբենի ստեղծումը…

Քարից, կաշվից, փայտից, մետաղից ու տեքստիլից պատրաստված արձանագիր իրերը ներկայացնում էին այն ամենը, ինչը Հայաստանը արձանագրել, պահպանել ու ժառանգել է աշխարհին։ Այս ցուցահանդեսը նույն կարեւոր նպատակն էր հետապնդում, ինչ նախորդ երկու ցուցահանդեսները. վկայում էր, որ Հայաստանն իր գիրն ու արվեստը շարունակում է կրել եւ այսօր, որ այդ հարստությունը միայն հիշողություն չէ, այլ մեր առօրյայի անբաժան մասնիկն է՝ իր տեսակի մեջ ունիկալ ու ավանդույթները շարունակող։

Այդ ցուցադրության ձեւավորումն իրականացրել է ֆրանսահայ ճարտարապետ Էդուարդ Սարգսյանը, ով իր գործը, ըստ Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի՝ արել է մեծ նվիրումով, ճաշակով ու հոգով։ Էդուարդ Սարգսյանի հայրը՝ Վարդան Սարգսյանը, եղել է մեծն Կոմիտասի աշակերտը։

Ֆրանսիայում ցուցադրվող իրերի ընտրությունը բոլոր հայկական թանգարաններն արել են խիստ մասնագիտական սկզբունքներով, այդ մոտեցման շնորհիվ էլ ցուցահանդեսները դարձել են տպավորիչ ու մի գաղափարի շուրջ կառուցված։ Ցուցադրելով այն, ինչը մենք ստեղծել ենք հազարամյակներ առաջ, մենք աշխարհին կարծես ասում ենք ՝ մենք այսօր էլ մեր ունեցածի տերն ենք։ Հինգ հազար տարի առաջ ստեղծածը մենք դնում ենք այսօրվանի կողքին ու ներկայանում որպես մեր ժառանգության տերը։ Եվ այդ գաղափարը դառնում է բոլոր ցուցադրումների լեյտմոտիվը։

Ֆրանսիական կողմը ցուցադրությունների կազմակերպմանը գրեթե չի միջամտել, եղել են միայն որոշակի շտկումներ կամ առաջարկներ։ Գաղափարներն ու ցուցադրման եղանակը ապահովել է հայկական կողմը։ Հայաստանն էլ մինչեւ Փարիզի օդանավակայան է հասցրել իր պատմական գանձերը, իսկ արդեն Փարիզից սկսած ֆրանսիական կողմն է իրականացրել բոլոր աշխատանքները՝ իրերը թանգարան տեղափոխել, կազմակերպել ցուցադրությունը, տպագրել կատալոգները։

Ոչ մի չկայացած կամ ձախողված միջոցառում չի եղել։ Բոլոր ցուցադրությունները հարգանքով ու խնամքով են արվել։ Երեւանի Պատմության թանգարանի տնօրեն, արվեստաբան Անելկա Գրիգորյանը, ով մասնակցել է գրեթե բոլոր կարեւորագույն ու խոշոր ցուցադրումների պատրաստման աշխատանքներին, ասում է. «Ֆրանսիացիների մոտ ներքուստ հմայված վիճակ կար, մասնագիտական առումով Ֆրանսիայի թանգարանների աշխատակիցները հայտնության առաջ կանգնեցին։ Նրանք չէին էլ պատկերացնում, որ այս կարգի ցուցանմուշներ ունենք»։ Հայ-ֆրանսիական մշակութային կապերի գլխավոր հանձնակատար Նելլի Տարդիվյեն նույնիսկ մտահոգվել էր, որ այսքան ցուցանմուշ է Հայաստանից դուրս բերվում, եւ Հայաստանի թանգարանների աշխատանքը կանգ է առնելու։ Սակայն, երբ իմացել է, որ Ֆրանսիա բերված 600-ից ավելի ցուցանմուշները, որոնք, փաստորեն, մեր շեդեւրներն են, չեն խափանելու թանգարանների աշխատանքը, շատ է զարմացել։ «Դուք ապշեցնող հարստություն ունեք»,- ասել է տիկին Նելլին։ Ֆրանսիան հպարտ է, երբ ուրիշ մշակույթ կրողը բերում է իր արժեքներն ու ներդնում ֆրանսիական մշակույթի մեջ։ Դա անհրաժեշտ է ֆրանսիացիներին, որոնք դարեր շարունակ արվեստ ստեղծող երկրում են ապրում, տարբեր ազգերի նկարիչներին, պոետներին ու դերասաններին սուզում են արվեստի մթնոլորտի մեջ, ձեւավորում ֆրանսիական ճաշակն ու արվեստի մարդկանց սերունդներ կոփում։ Այդ երկրում հավասարի պես ներկայանալը բնավ էլ հեշտ գործ չէ, Փարիզն ամենադժվար հաղթահարելի հարթակն է, որի վրա արժանի ներկայանալուց հետո նոր բեմեր, սրահներ ու ճանապարհներ են բացվում։ Փարիզը միշտ եղել է այն ինքնատիպ կետը, այն զարմանալի խառնարանը, որտեղ արվեստ է միախառնվում ու ծնվում։ Եվ այդ խառնարանում Հայաստանը ոչ միայն իր տեղը գրավեց, այլեւ՝ ցույց տվեց, որ դեռ շատ բան ունի ցուցադրելու։ Երբ Փարիզի փողոցներում քայլելով ու ֆրանսիացիների հետ զրուցելով` ասում էիր, որ հայ ես, բոլորը մատնանշում էին Լուվրի «Armenia Sacra»-ն ու հիացած ասում՝ հեքիաթային երկիր ունեք։ Եվ եթե նույնիսկ մենք ինքներս մեր երկիրը հեքիաթային չենք համարում, համոզված եղեք, որ այդ բնորոշումը լսելը շատ հաճելի է։ Անհամեմատ ավելի հաճելի, քան, երբ Հայաստան ասելով՝ եվրոպացիներն առաջին հերթին Եղեռնը ու երկրաշարժն են մտաբերում։ Մեր մշակույթը մենք կարողացանք շատ ճիշտ պահի ու շատ գրագետ ձեւով օգտագործել։ Ֆրանսիան նույնպես շատ խելացի ու նրբանկատ օգտագործեց մեր հարստությունը։ Մշակույթի հարցում երկրի տնտեսական ու քաղաքական վիճակը հաշվի չեն առնվում, այդ հարցում միայն կարող է երկուստեք շահ լինել։ Եթե Ֆրանսիան ցանկանար նման ցուցադրություններ կազմակերպել, նա պետք է վճարեր ամեն մի ցուցանմուշը Ֆրանսիա հասցնելու համար, իսկ այս դեպքում մենք պատրաստ ենք մեր լավագույնը տանել Ֆրանսիա, քանի որ մեր մշակույթին նոր հարթակներ են պետք։ Իհարկե, մշակույթն ինքնանպատակ չէ, նպատակը Հայաստան երկրի մասին լավ պատկերացում ստեղծելն է։ Սակայն ստացվում է, որ բացի մշակույթ ցուցադրելուց, մենք այդ նպատակին հասնելու այլ ուղիներ այսօր չենք տեսնում։

Այվազովսկի, Փարաջանով, Գորկի

Ֆրանսիայում Հայաստանը ներկայանում է իր լավագույն ուժերով ու անցյալի ամենագեղեցիկ էջերով ու պատկերներով։ Լոկալ, փոքրիկ, հնչեղ ու տպավորիչ ցուցադրություններ էին անցկացվում Լիոնում, Փարիզում, Թուլուզում, Սենտ Էտյենում…

Փարիզի «Կոնսիերժերի» թանգարանում բացված «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսը սկզբում մեծ տպավորություն է գործում ֆրանսիացիների վրա իր անվանման շնորհիվ։ Զարմանալի է, որ մի երկիր այդքան մայրաքաղաք է ունեցել, եւ բոլոր քաղաքների վկայությունները քիչ թե շատ պահպանվել են։ Եվ պահպանվել են առաջին հերթին եկեղեցիների միջոցով։ Անին, Վաղարշապատը, Արմավիր, Դվինը, Տիգրանակերտը, Արտաշատը ներկայանում են իրենց կիսաքանդ շինություններով, ավերակներով ու բեկորներով։ Ամեն մի բեկորը մի պատմություն է՝ լուսանկարի միջոցով իր վավերագրումը ստացած։ Լուսանկարների մեկնաբանումը շատ կոնկրետ է. այս վանքը մզկիթ է դարձել, իսկ այս մեկը՝ Թուրքիայի կառավարության մտացածին նպատակների հետեւանքով՝ քայքայման եզրին է կանգնած։ Սա մենք կորցրել ենք, բայց սա՝ պահպանել։ Մեր մայրաքաղաքների շղթան ավարտվում է ժամանակակից Երեւանի լուսանկարներով ու քաղաքի նորակառույց Հյուսիսային պողոտայի մակետով։ Սա մեր պատմությունն է, որը ձգվում է դարերի խորքից եւ հիշեցնում, որ Հայաստանում ծաղման շրջանը դեռ նոր է սկսվելու։ Սա շատ հայրենասիրական ուղերձ ունեցող ցուցահանդես է, որը հիշեցնում է անցյալի ու ապագայի կապի մասին։ Այն շատ բան կարող է ասել հայերին, որոնք շատ հաճախ գերադասում են միայն ներկայով ապրել՝ մոռանալով, որ մեր երկիրը ոչ մեզնով է սկսվել եւ ոչ էլ մեզնով ավարտվելու է։

Երեք մեծ հայ նկարիչները՝ Հովհաննես Այվազովսկին, Սերգեյ Փարաջանովն ու Արշիլ Գորկին, Փարիզում իրենց տեղն են զբաղեցրել։ Ֆրանսիայի Ծովային թանգարանում՝ «Տրոկադերոյում», բացված է «Այվազովսկի. ծովի պոեզիան» ցուցահանդեսը։ Սենտ Էտյենի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է «Զարմանահրաշ Փարաջանովը» ցուցահանդեսը, որը ներառում է կինոռեժիսորի ու նկարչի 72 կտավները, կոլաժներն ու ասամբլյաժները։ Շատ մեծ տպավորություն է գործում «Ժորժ Պոմպիդու կենտրոնում» բացված Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) մատիտանկարների ու յուղաներկ աշխատանքների փոքրիկ ցուցադրությունը։ Աշխարհում աբստարկտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր Գորկու աշխատանքներից շատ քիչ կա, եւ այս ցուցադրումն անձնական հավաքածուներից ու ամերիկյան թանգարաններից բերված աշխատանքներից է կազմվել։ Գորկու սրահը այցելելով, հասկանում ես, որ ոչ մի ռեպրոդուկցիա չի կարող փոխանցել օրիգինալի ազդեցիկ, նյարդային ներգործումը։ 1920 թվականին հայկական ջարդերից փախչելով Ամերիկա՝ Գորկին իր հայրենի բնակավայր Խորգոմը պատկերող շարք է արել, որը պայմանականորեն կոչել է «Սոչիի այգիները»։ Այդ այգիները հայկական շունչ ունեն, շփոթված ու տարակուսած գեղեցկություն են պարունակում։ «Պոմպիդու» արվեստի կենտրոնում ցուցադրված է նաեւ Գորկու ամենահայտնի ՝ «Ագոնիա»՝ «Հոգեվարք» կտավը, որը երեւակայության ու ցավի մի կծիկ է։ Այդ նկարը յուրաքանչյուր այցելուի գամում է տեղում ու ստիպում անշարժ մնալ այնքան ժամանակ, մինչ նկարիչը նրան իր ցավը կպատմի։

Եղեռն

Աշխարհի ավելի քան 70 երկրներում բնակվող հայերի համար ինքնության եւ հիշողության հարցերը շատ կարեւոր են: Իզուր չի ասվում, որ որտեղ էլ որ հայեր լինեն, նրանք աշխատում են փոքրիկ Հայաստան կառուցել իրենց շուրջը եւ Հայաստանով հպարտանալու ցանկությամբ վարակել իրենց հարեւաններին: Ողբերգությունն ու ուրախությունը հայերը նույն անկեղծությամբ ցանկանում են կիսել աշխարհի հետ: Ֆրանսիայում, որտեղ մեծ ու ֆրանսիական կյանքին լավ ինտեգրացված հայկական սփյուռք կա, գրեթե չես գտնի մի ֆրանսիացու, ով հայերի մասին ոչինչ չի լսել, չի տեսել կամ չի կարդացել:

Ֆրանսիայում Հայաստանի մասին հիշատակող ու նշանավոր հայերի անունները կրող հրապարակների ու փողոցների թիվն անցնում է 100-ից։ Այս տարի հայերի ներկայությունը փաստող 8 նոր հրապարակ ու հուշարձան է բացվել։ Փարիզի արվարձաններից մեկում՝ Մեդոն Լա Ֆորե քաղաքում, բացվեց Ցեղասպանության զոհերի հուշարձանը, որը պատկերում էր Արարատ սարը: Այն ուներ շատ խորհրդանշական գրառում. «Եղեռնի տարիներին զոհված բոլոր հայերի ու Ֆրանսիայի ազատագրման համար իրենց կյանքերը զոհած հայ հերոսների հիշատակին»։ Այստեղ կարեւորվում է այն փաստը, որ հայերն ու ֆրանսիացիները միասին նաեւ նույն պատմական իրադարձություններն են վերապրել։ Հուշարձանի հեղինակը երիտասարդ հայուհի Իզաբել Ձյամձյանն է, ով երբեք չի եղել Հայաստանում ու հայերեն չի խոսում, բայց փորձում է իր խճանկարային աշխատանքներում օգտագործել հայկական քարերը։ Այս հուշարձանի ստեղծման համար նա Հայաստանից բերված օբսիդիանն էր օգտագործել։ «Աշխարհում Հայաստանի հետ երեք բան է ասոցիացվում. խաչը, արծիվն ու Արարատը։ Խաչն ու արծիվը բոլորինն են, իսկ Արարատը՝ միայն մերը։ Ես փորձեցի ընդգծել, որ դա մեր սարն է։ Կարծում եմ, որ Ֆրանսիայում ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ Արարատը հայկական սար է»,- ասաց Իզաբելը։

Փարիզի մոտակայքում գտնվող մեկ այլ քաղաքում՝ Պլեսի Ռոբինսոնում, բացվեց «Հայաստան» հրապարակը, որը դարձավ Պլեսի Ռոբինսոնի ու նրա քույր քաղաքի՝ Երեւանի Արաբկիր համայնքի բարեկամության խորհրդանիշը։ Ապրիլի 28-ին, մինչ հրապարակի բացումը, Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկը եւ Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը ծաղկեպսակներ դրեցին քաղաքում տեղադրված Անդրանիկ Զորավարի արձանի մոտ: Այդ օրը, երբ դեռ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավն էր ընթանում, հայ զորավարի արձանի մոտ ծաղկեպսակ դրվեց նաեւ Նիկոլա Սարկոզիի անունից: Հրապարակի բացման արարողությունն ավարտվեց հայ երգիչ-երգչուհիների մեծ համերգով, որին մասնակցում էին ոչ միայն Պլեսի Ռոբինսոնի, այլեւ Ֆրանսիայի այլ քաղաքների հայեր եւ ֆրանսիացիներ:

Զարմանալի օրինաչափություն կա. ողբերգություններն ու տառապանքները, որոնք բաժին են հասնում հին ժողովուրդներին, պատմության որեւէ մի պտույտում` ժողովրդի իմաստնության շնորհիվ, կարող են փոխակերպվել ահռելի ուժի եւ ազգային կապիտալի: Այն ամենը, ինչ վերապրել ու զգացել է հայ ժողովուրդը` անմիջապես արվեստ է դարձրել: Եվ հիմա էլ ժողովուրդը շարունակում է արվեստի լեզվով խոսել իր ողբերգական անցյալի մասին։

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Է. Նալբանդյանը նշեց, որ Ֆրանսիայում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ավելի շատ միջոցառում է անցկացվել, քան Հայաստանում։

Ապրիլի 23-ին Փարիզի Աստվածամոր տաճարում՝ Նոտր Դամ-ում հնչեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը։ Հայերեն ու ֆրանսերեն պատարագը շատ հուզիչ ու գեղեցիկ հնչեց աշխարհի ամենահայտնի գոթական տաճարում եւ իր համամարդկային հնչերանգը ստացավ Աստվածամոր տաճարի մոտ գտնվող պուրակում, որտեղ «Ո՛չ ցեղասպանություններին» կարգախոսով հավաք էր կազմակերպվել։ Ցեղասպանությունը ժխտող երկրները հանցանք են գործում պատմության առջեւ, քանի որ, երբ աչք ես փակում կատարվածի վրա, ակամայից դառնում ես հետագա ոճրագործություններին սատարողը. ահա այս կարգախոսին հետեւելով՝ բազմազգ հանրությունն իր ստորագրություններն էր թողնում «Վան» կազմակերպության կողմից կազմակերպած ցույցին։ «Հայոց ցեղասպանությունից սկսվեց Դարֆուրն ու Ռուանդան» արտահայտությունը կրող թռուցիկները կոչ էին անում դատապարտել ժխտողական քաղաքականությունը ու հարգել անմեղ զոհերի հիշատակը։ Արեւոտ այդ օրը Փարիզի սրտում մարդիկ իրենց գունավոր մատնահետքերն էին թողնում պատի վրա՝ ի նշան համախմբվածության եւ համախոհության։

Իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, պատարագ հնչեց Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Հայ Առաքելական եկեղեցում։ Նույն օրը Փարիզի քաղաքապետարանը հայ համայնքի համար ընդունելություն էր կազմակերպել։ Փարիզի քաղաքապետ Բերնար Դելանոն իր ելույթում նշեց, որ պետք է քաջություն ունենալ ու կարողանալ սեփական անցյալն ընդունել, որպեսզի հետո հնարավոր լինի համերաշխ ապրել։ Իր ելույթը նա ավարտեց «Հայեր, ես ձեզ հետ եմ» բառերով։ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների աշխատանքը համակարգող Ալեքսի Գովճէանն ասաց, որ արդեն յոթերորդ անգամ կազմակերպվող այդ ընդունելությունը մեծ քաղաքական ու խորհրդանշական նշանակություն ունի։ «Երբ պետությունը ժխտում է Ցեղասպանությունը, այն սկսում է սատարել ռասիզմին ու ահաբեկչությանը։ Ժխտողականությունը պետք է արմատախիլ արվի»,- ասաց նա եւ անընդունելի քայլ համարեց Թուրքիայի վերաբերմունքը, որն ամեն գնով աշխատում է ձախողել Ֆրանսիայում անցկացվող Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները։ Որպես օրինակ նա նշեց Վալանսում տեղի ունեցած ընդհարումներն ու Լիոնի հուշարձանի պղծումը։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանն իր ելույթում նշեց, որ հայ-թուրքական սահմանը Եվրոպայի վերջին փակ սահմանն է, եւ այդ փաստը չի կարող չմտահոգել եվրոպական երկրներին։ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը դիմելով Փարիզի քաղաքապետին՝ ասաց. «Դուք միշտ կատարել եք հայերին տված ձեր բոլոր խոստումները, բայց մնացել է մեկը՝ դեռ չի բացվել «Հիշողության կենտրոնը», որին մենք անհամբեր սպասում ենք»։

Հայկական կենտրոն ստեղծելու աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Այդ մասին մենք զրուցեցինք Ֆրանսիայում Հայաստանի տարվա հանձնակատար Նելլի Տարդիվյեի հետ։

– Փարիզի քաղաքապետարանում ապրիլի 24-ին բազմաթիվ մարդիկ էին եկել՝ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու համար։ Այդ ընդունելության ընթացքում խոսվեց Փարիզում «Հիշողության կենտրոն» հիմնելու մասին։ Ինչպիսի՞ն այն պետք է լինի։

– Դա պետք է լինի մշակութային ու գիտական կենտրոն, որը ցույց կտա հայոց պատմությունը։ Մենք արդեն մի քանի տարի աշխատում ենք նման կենտրոն ստեղծելու վրա։ Ֆրանսիայում մի քանի նման փոքրիկ կենտրոններ ու թանգարաններ կան, բայց մենք ուզում ենք բոլոր գրքերը, ցուցանմուշները ամբողջացնել ու մի խոշոր կենտրոն բացել, որի բոլոր ցուցանմուշները պետք է առնչվեն Հայաստանի հետ։ Հիմա մեր ամենակարեւոր խնդիրը կենտրոնի տեղը գտնելն է։ Մենք ուզում ենք, որ այն անպայման Փարիզում լինի, բանակցություններ ենք վարում պարոն քաղաքապետի հետ, ով պետք է կոնկրետացնի մեր որոնումները եւ Փարիզում մեզ տեղ հատկացնի։

– Մադամ Նելլի, Հայաստանի տարին ոչ միանշանակ արձագանքի արժանացավ Թուրքիայի կողմից։ Դուք որեւէ ճնշում զգացե՞լ եք թուրք դիվանագետների կողմից՝ որոշ միջոցառումներ սահմանափակելու կապակցությամբ։

– Ո՛չ, նման բան չի եղել։

– Կարելի՞ է սպասել, որ Հայաստանին նվիրված միջոցառումները շարունակական բնույթ կկրեն եւ չեն սահմանափակվի միայն այս տարով։

– 20 տարի է, ինչ ես աշխատում եմ Ֆրանսիայի հայկական համայնքի հետ, մենք բազմաթիվ միջոցառումներ ենք արել, եւ ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե Ֆրանսիայում Հայաստանի տարին պաշտոնապես ավարտվելուց հետո ինչո՞ւ պետք է միջոցառումները կանգ առնեն։ Ես շատ հայ ընկերներ ու աշխատակիցներ ունեմ ու պատրաստ եմ աշխատել։

Հարցազրույց Լիոնի եկեղեցու առաջնորդի հետ

Լիոնի Հայ Առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցու առաջնորդ, Րոն-Ալպ շրջանի եպիսկոպոս Նորվան Զաքարյանը հայկական պատվիրակությանն ընդունեց Լիոնում, պատմեց Լիոնի հայկական եկեղեցու ստեղծման պատմությունը։ Լիոնի հայկական եկեղեցին սերտ կապեր ունի «Փափազյան» հայկական վարժարանի հետ: Դպրոցն ու եկեղեցին ընդհանուր դուռ ունեն, որը տանում է դեպի ճաշարան։ Ընդմիջման ժամին հայ մանուկները գալիս են եկեղեցի՝ ճաշելու ու հայերեն լեզվով միմյանց հետ զրուցելու համար։ Լիոնի հայկական եկեղեցին երիտասարդ եկեղեցի է. այն ավելի ուշ է կառուցվել, քան Փարիզի եւ Մարսելի եկեղեցիները։

1994 թվականին Հայաստանից Լիոն է բերվել հայկական տուֆը՝ եկեղեցու խորանը պատրաստելու համար, իսկ խորանի քանդակները պատրաստել է հայ քանդակագործ Դավիթ Բեջանյանը։ Տեր Զաքարյանը պատմեց, որ քանդակները դժվարությամբ են Ֆրանսիա հասել, մեկ անգամ նրանք ճանապարհին փշրվել են, իսկ մեկ անգամ էլ եկեղեցին չի հավանել քանդակագործի մտահղացումը, եւ քանդակները ետ են ուղարկվել՝ շտկվելու համար։ Տեր Զաքարյանը վստահ է, որ հայ եկեղեցին մեծ դեր պետք է ունենա ֆրանսահայ համայնքի կյանքում։

– Հավատացած եղեք, որ Սփյուռքի բոլոր կառույցները վաղ թե ուշ պետք է վերանան, բայց եկեղեցին կմնա ու կխոսի հայերեն, քանի որ պահպանում է հայերի հավաքական հիշողությունը։ Սփյուռքի մեջ մեծ դժվարություն կա. անշուշտ, հայ ժողովուրդն իր եկեղեցու հետ կապված է, բայց այդ կապը հայի առօրյա մտահոգությունների մասը չի կազմում։ Հայերը Սփյուռքի մեջ եկեղեցի են հաճախում միայն այն դեպքում, երբ, օրինակ, մկրտություն կատարելու, թաղում կամ հարսանիք կազմակերպելու կարիք են ունենում։ Բայց, ցավոք, քչերն են ամեն կիրակի եկեղեցի գալիս, աղոթում ու ապաշխարում։ Բայց, բարեբախտաբար, հայ ժողովուրդը մեծ հարգանք ունի իր ննջեցյալների հանդեպ ու հոգեհանգիստը հարգելու համար հաճախ եկեղեցի է գալիս։ Թերեւս միայն մեծերի հարգանքն է այսօր կապում հային ու Եկեղեցուն Ֆրանսիայում։ Հայաստանում եկեղեցի ավելի շատ են հաճախում, այդ ավանդույթը հայրենիքում ավելի շեշտված է, քան Սփյուռքում։

– Հայաստանը՝ Ֆրանսիայում ներկայացնելով իր պատմությունը, ձեր կարծիքով՝ ֆրանսիացիների ու զբոսաշրջիկների մոտ Հայաստան այցելելու ցանկություն առաջացրե՞ց։

– Անշուշտ, Ֆրանսիայի պետությունն է Հայաստանի տարին հռչակել, դա նշանակում է, որ պետությունը կարեւորել է Հայաստանը։ Ֆրանսիացիները մշակույթը սիրող ու մշակույթը սատարող ազգ են։ Ֆրանսիացիները նաեւ շատ անհատապաշտ ազգ են, եւ հիմա իրենք սկսել են բացվել ուրիշ մշակույթների հանդեպ, հարգել ուրիշի պատմությունը։ Դա շատ կարեւոր է ֆրանսահայ համայնքի երիտասարդ սերնդի համար, որը որոշ չափով հեռացել է իր արմատներից եւ հիմա առիթ է ստանում՝ իր արմատները փնտրելու ու դրանց ավելի կառչելու համար։ Երիտասարդ ֆրանսահայերն իրենք են սկսում ճանաչել սեփական արմատներն ու փորձում են դրանք ճանաչելի դարձնել իրենց շրջապատի համար։ Ֆրանսիացիները շատ լավ հարաբերություններ ունեն իրենց հայ հարեւանների հետ, ու շատերը սկսում են հետաքրքրվել Հայաստանով՝ իրենց ընկերներին հաճույք պատճառելու համար։ Նաեւ շատերն իրենց հայ ընկերների պատմությունները վերհիշելով՝ ցանկություն են հայտնում Հայաստան այցելել։

– Հայաստանի տարին, անշուշտ, մեծ հետք է թողնելու մարդկանց հիշողության մեջ։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է օգտագործել այդ հետքը՝ հայի ու հայկականի կապն ապրեցնելու համար։

– Փոփոխություններն իրենց անմիջապես զգացնել չեն տա, բայց ես վստահ եմ, որ մթնոլորտի մեջ որոշ բան փոխվում է։ Այս տարին թռիչքի տարի է։ Թռիչքն, իհարկե, շատ կարեւոր է, բայց վստահ եմ, որ գործը պետք է սկսվի տարվա ավարտից հետո։ Եթե ֆրանսահայ համայնքը չօգտագործեց ֆրանսիական պետության տված այս առիթը, այլեւս չենք կարողանա ուրիշներին մեղադրել ու ուրիշների մեջ հանցանք տեսնել։ Հայերը հիմա պետք է շարունակեն այս գործը։ Իմ անձնական տեսակետն է սա. ես մտածում եմ, որ Հայաստանը տարվա շրջանակներում տեղ չհատկացրեց գիտությանը, չներկայացրեց Վիկտոր Համբարձումյանին, Ալիխանյանին, Միկոյանին։ Այս տարի միայն մշակութային գործիչների անուններ էին տրվում, բայց գիտնականների անուններ չկային։ Ուրեմն, մեզ մնում է հաջորդ տարի լրացնել այդ բացն ու ներկայացնել գիտական աշխարհի աշխարհահռչակ դեմքերին։ Կարեւորն այս պահը «բռնելն» է ու հետագա կապերը մնայուն մակարդակի վրա կազմակերպելը։ Հայաստանի դեսպանությունն իր անելիքն արեց, Հայաստանին նման նվեր ընծայեց, հետագա աշխատանքը պետք է հայ համայնքն անի։ Մեզ համար դա մեծ իմաստ ունի, քանի որ Ֆրանսիայի պետությունը մեզ քաջալերեց ու հայկական արմատները պահպանելու կոչ արեց։ 80 տարի շարունակ մենք վախենում էինք ընդգծել մեր արմատները, որոշակի բարդույթ ունեինք ու չէինք կարող հանգիստ ասել` «Մենք հայ ենք»։ Եվ հիմա այդ բարդույթը վերացավ, Ֆրանսիան մեզ ասաց. «Մի վախեցեք, ասեք, որ հայ եք»։ Իհարկե, դա չի նշանակում, որ մենք հիմա պետության մեջ նոր պետություն պիտի հիմնենք, բայց պետք է մեր համայնքի արժեքները պահպանենք ու դրանցով հարստացնենք ֆրանսիական մշակույթը, գիտությունն ու տնտեսությունը։

Ծես, որը միշտ գեղեցիկ է

Մեր պատվիրակությունն այցելեց Լիոնի Գործվածքի ու դեկորատիվ արվեստի թանգարան, որտեղ բացված է «Հայաստանի ոսկին ու գանձերը» ցուցահանդեսը։ Լիոնը հայտնի է որպես ջուլհակների քաղաք, այստեղ տեքստիլը մեծ ավանդույթներ ունի։ Եվ պատահական չէ, որ հայկական գործվածքն այստեղ է ցուցադրվում։

Աշխարհի տարբեր անկյուններից՝ Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից ու Հայաստանից, Լիոն են բերվել հայկական եկեղեցական վարագույրները, եկեղեցական արարողությունն անցկացնելու հանդիսանքի պարագաներն ու զարդերը։ Իսկ ցուցադրության սրահում հնչում էր հայկական պատարագը։ Հայկական վարագույրները, որոնց մասին մեզ՝ հայերիս, պատմում էր շատ հմայիչ ֆրանսուհի էքսկուրսավարը, շատերիս համար հայտնություն դարձան, քանի որ նման թեմատիկ ցուցադրություն մենք չէինք տեսել։ Եկեղեցական զարդանախշ վարագույրները քրիստոնյաներին ուղղված ուղերձներ են, մերթ՝ նման տպագրության, որը կարելի է եւ ձախից աջ եւ աջից ձախ կարդալ, մերթ՝ նման Կենաց ծառին կամ սիմվոլներով լեցուն շարժանկար հիշեցնող պատկերների։ Բոլոր վարագույրները կրում էին այն երկրների մշակույթի տարրերը, որտեղ ստեղծվել են։ Մադրասից բերված վարագույրն արեւելյան նախշերով էր զարդարված, իսկ Կենաց ծառն իր կառուցվածքով մզկիթ էր հիշեցնում։ Վարագույրների գունային գամման զարմանալի էր, դարեր շարունակ հայ վարպետները գունային ներկապնակի բազմերանգությունը գույների մեջ են տեսել. կարմիրը նռենուց են ստացել, դեղինը՝ տանձենուց։ «Մենք ուրախ էինք մեր տարածաշրջանում տեսնել քրիստոնեության ակունքները»,- ասաց մեր էքսկուրսավարուհին ու խնդրեց հայկական այբուբենի մասին որոշ բացատրություններ տալ, ինչը մեր պատվիրակությունը սիրով արեց։ «Շատ այցելուներ ինձ հարցնում են՝ թե ի՞նչ է գրված վարագույրների վրա, բայց ես, ցավոք, հայերեն չեմ խոսում, թեեւ հասկանում եմ, թե որքան կարեւոր է հայկական տառերի կառուցվածքի գաղտնիքը հասկանալը»։ Հայկական ծիսակարգային պարագաները շատ համահունչ են յուրաքանչյուր իրադարձությունը ծեսի վերածող ֆրանսիացիների ոգու հետ։ Ծեսի գաղտնիքը շատ խորքից է գալիս՝ գահակալ տիրակալների հարուստ արարողակարգից, ու միահյուսվում է ժամանակակից Ֆրանսիայի՝ որպես նորարար երկրի, իմիջի հետ։ Բավական է տեսնել, թե ինչպես են ամեն մի հանդիսության ժամանակ պատրաստվում ֆրանսիացիները, որպեսզի հասկանաս, թե ինչ մեծ նշանակություն է տրվում ժամանակակից ծիսակարգին։ Հանդիսությունների ժամանակ դրոշակակիրներն ու կարգուկանոն ապահովողները հպարտությամբ ու պահի կարեւորության գիտակցումով են անում իրենց պարզ գործը. կանգնում են, քայլում, խոսում մարդկանց հետ։ Դա իսկական ծես է, որտեղ ամեն մարդ հպարտությամբ է կատարում Ֆրանսիա պետության պատգամը։ Պարտադիր են շքանշաններով համազգեստներն ու սպիտակ ձեռնոցները։ Հիմնական մասնակիցները թոշակի անցած ֆրանսիացիներն ու ֆրանսուհիներն են, ովքեր ոչ մի նմանություն չունեն հայաստանյան միջոցառումներին մասնակցող ոչ նրբանկատ երիտասարդների հետ։ Այս երկրում հարգում են մեծահասակներին ու նրանց վստահում են այն պարզ ու պատասխանատու գործը, որը նրանք ի զորու են կատարել՝ ամենայն գեղեցկությամբ։ Ապրիլի 24-ին Փարիզի Հաղթական կամարի տակ անցկացված Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ հայկական դրոշները պահող ծերուկ ֆրանսիացիներն ամենաազդեցիկ պատկերն էին կազմում։ Նրանք լուռ էին ու կենտրոնացած, լսում էին հայ դիվանագետների ու պաշտոնական անձանց ճառերը. նրանք հպարտ էին իրենց երկրի համար ու ցավում էին հայերի հետ։

Որպես վերջաբան

Հայաստանը 2007-ին Ֆրանսիայում երկրի տարին կազմակերպելով՝ նոր կոնտեքստ ստեղծեց եւ Հայաստանի ու աշխարհի միջեւ նոր փոխարաբերությունների սկիզբ դրեց: Տարբեր լեգենդները, նյութերն, իրերն ու պատկերները սկսեցին նորովի զրուցել միմյանց հետ: Եվ այդ զրույցի թեման ու ձեւավորման մոդելներն անսպառ են։ Կարեւորը սկզբնական գաղափարն էր, որը շատ թանկ ու տպավորիչ էր եւ որը երկիրը ներկայացնելու նոր ճանապարհների սկիզբ դրեց։

Լուս.` Առնոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
Ֆրանսիա-Հայաստան