Խորհրդարանական ընտրություններն անցան …

17/05/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տաքսու վարորդներից շատերը դեռ չեն կողմնորոշվել` մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հաղթահարել ենք պատվո՞վ, թե՞, այնուամենայնիվ, այս ընտրությունները նույնպես անցան կեղծիքներով: Ոմանց այդ օրվա իրադարձությունները խիստ հիասթափեցրել են, իսկ որոշ վարորդների կարծիքով` ընտրություններն անցել են բաց եւ թափանցիկ:

«Պտիչկեքով փողեր աշխատեցին»

Վարորդ Ռոբերտն ասում է. «Մայիսի 12-ին ես վերջնականապես համոզվեցի, որ հայ ազգը, հայ մարդը դարձել ա հոգի վաճառող: Ուր պտտվում էիր` խոսում էին քվեի գների ու ծախվողների մասին: Հարեւանս եկել, ասում ա` չե՞ս գալիս գնանք ընտրելու: Հարցնում ա` ո՞ւմ ես ընտրելու: Ասում եմ` «Ժառանգություն» կուսակցությանը: Ասում ա` տո քեզ պե՞տք ա, արի գնանք, էսինչ կուսակցությունը մի հատ պտիչկի համար 10.000 դրամ տալիս ա: Այ, էդտեղ արյունը խփեց գլխիս, ասեցի` տո գնա, այ ծախվող, ձեր նմանների պատճառով ենք էս օրին: Եքա տուրուդմբոց սարքեցի ու վերջում գնացի ընտրեցի իմ ուզած կուսակցությանը: Հետո հարեւանության մեջ շուխուռ էր ընկել, թե էդ ծախվողն իրա ընտանիքի պտիչկեքով 50.000 դրամ փող ա աշխատել: Սկսեցին դրա մասին բամբասանքներ տարածել ու հետո պարզվեց, որ շենքի բնակիչների մեծ մասը պտիչկեքով փող ա աշխատել»,- զայրացած պատմում է Ռոբերտն ու խնդրում չնշել, թե որ կուսակցությունն է փողեր բաժանել` ասելով, որ երիտասարդ տղաների հայր է: «Գլխիս կսարքեն, գործ չունեմ: Հավատացե՛ք, որ էնքան հիասթափված ու մինչեւ կոկորդս կուշտ եմ, որ եթե երեխեքիս համար չվախենայի` կկանգնեի ու կհայտարարեի, որ էսինչը փող ա բաժանել ու էսքան մարդ էլ ծախել ա ձենը: Անկեղծ եմ ասում, որ ես թքած ունեմ, թե իմ հետ ինչ կլինի, բայց երեխեքս ինձ խեղճացնում են: Ես ազնիվ մարդ եմ ու սենց երեւույթները շատ ծանր եմ տանում, քանի օր ա անցել, բայց, որ հիշում եմ, էլի ներվայնությունից դողում եմ: Բայց ասեմ ձեզ, որ էդ ամեն ինչը շատ բացահայտ էր արվում ու դուք` բոլորդ էլ լավ գիտեք: Մի ստիպեք, որ իմ բերանից դուրս գա ու ես քաշվեմ: Մանավանդ, որ հիմա ծախվողների դար ա, իսկ իմ նման «պրինցիպով» մարդկանց քաշելը շատ ձեռնտու ա,- դժգոհում է Ռոբերտը,- Գիտե՞ք՝ ինչն էր վիրավորական, որ էդ ծախվողին ամենավերջին բառերով հայհոյեցի, բայց հետո պարզվեց, որ սաղ շենքը փողով ա քվեարկել: Ջղայնությունից ամբողջ գիշեր չքնեցի, մտածում եմ` լավ, էս ի՞նչ դարաշրջան ա, որ դու չես ուզում ծախվես, բայց քեզ մենակ ես զգում, մի տեսակ սպիտակ ագռավի նման ես: Ծախվողների մեջ մենակ լինելով` դու ես ամաչում, որ չես ծախվել, իսկ իրանք իրանց հպարտ ու երջանիկ են զգում: Ես էլի չեմ զղջում, որ փող չեմ վերցրել ու ընտրել եմ իմ համակրած կուսակցությանը, բայց ինձ վատ եմ զգում նրա համար, որ ծախվածներն ինձ դեմ են դուրս եկել, ու ես խեղճացել եմ, որովհետեւ իրանք շատ են: Կանգնում-ասում են` ոնց որ պիոներ լինես: Ա՛յ, տենց էլ մեր երկիրն ա, ծախվողներն էնքան շատ են, որ ուզում ես ազնիվ ապրել, բայց տեղդ չես գտնում, որովհետեւ իրանք շատ են ու ուժեղ: Մեր շենքի ամենահամեստ ապրող մարդը ես եմ, բայց արի ու տես, որ էն ֆիրմա ավտոյի տերն անգամ հոգին վաճառեց: Դրանք ի՞նչ են սովորացնում իրանց երեխեքին, ի՞նչ խղճով են իրանց լավ մարդ համարում»: Նրան նորից հարց տալն անիմաստ է, քանի որ ձայն վաճառելու թեմայից այնպես է բռնկվում, որ երթեւեկելիս չի կենտրոնանում:

«Չկարողացան մարդավարի ցուցակ կազմել»

Վարորդ Արթուրը թեեւ գնացել էր ընտրատեղամաս իր քաղաքացիական պարտքը կատարելու, այդուհանդերձ, ցուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով չէր ընտրել: «Դե՛, որովհետեւ 6 անգամ տարբեր կուսակցություններից, ժէկ-երից ու չգիտեմ որտեղից եկել են մեր տուն, ընտանիքի անդամների բոլոր տվյալները վերցրել են: Անգիր գիտեին, թե ովքեր ու քանի հոգով ենք էդ տանն ապրում, ու էդքանից հետո գնացի, պարզվեց՝ ցուցակում անունս չկա: Իմ ընտանիքի անդամներից բոլորն էլ ընտրեցին, բացի ինձնից: Ասեցին` գնա անձնագրային բաժնից տեղեկանք բեր, որ ընտրելու իրավունք ունենաս: Ես էլ աշխատանքի մեջ եմ, կարող ա՞ աշխատանքս թողնեմ ու իրանց թերությունների վրա չլվեմ: Ամբողջ տարին հազար անգամ եկան-գրանցեցին, բայց էլի մարդավարի ցուցակ չկարողացան կազմել»,- ասում է Արթուրը` հրաժարվելով բացահայտել, թե ում էր ուզում տալ իր ձայնը: «Չէի ցանկանա ասել, ասում են, որ ամեն մարդ իրավունք ունի գաղտնի քվեարկել, չէ՞: Ուրեմն` թույլ տվեք էդ գաղտնիությունը չբացահայտել: Չնայած որ չեմ ընտրել: Բայց բոլորս էլ գիտեինք ընտրությունների արդյունքը ու բոլորս էլ սրտի խորքում գիտակցում էինք, որ ժողովրդի ընտրության խնդիր չկար մայիսի 12-ին: Մենք ինչ որ մտածում էինք` էն էլ եղավ, ու ոչ մի անակնկալ բան»:

«Հեռուստատեսությունը մի բան ա ասում, իսկ թերթերն` ուրիշ բան»

Վարորդ Սուրենը համարում է, որ ընտրություններն անցել են քաղաքակիրթ պայմաններում. «Դե՛, ընտրատեղամասում ամեն ինչ նորմալ էր: Մեր գնալու ժամանակ շատ մարդիկ կային, որ հանգիստ քվեարկում էին, ու էդ օրն ինձ թվաց, որ Հայաստանում հեղափոխություն ա եղել: Այսինքն` մյուս երկրների պես մենք էլ կարանք նամուսով ընտրելու շնորհք ունենանք: Հեռուստատեսությամբ անընդհատ հեռարձակում էին, շատ օպերատիվ աշխատում էին, ոչ մի տուրուդմբոց չեղավ, արյուն չթափվեց, իրար գլուխ չջարդեցին, չհայհոյեցին: Բայց հետո կամաց-կամաց մարդիկ սկսեցին խոսալ, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Զարմանում եմ, որովհետեւ իմ իմացածով՝ ամեն ինչ շատ լավ ա անցել: Բացի դա, հեռուստատեսությամբ են ասում, որ արտասահմանյան դիտորդները գոհ են: Բայց, օրինակ` էն, որ թերթերի մասին ալիքներով ասում են, հոդվածներ են կարդում, ասում են, որ կեղծվել ա, կամ գործիչների հետ հարցազրույցներում մարդիկ կարծիք են հայտնում, որ լցոնումներ ա եղել: Է, հիմա աչքիդ տեսածի՞ն հավատաս, թե՞ դրանց ասածներին: Ընդհանրապես ես թերթ կարդալ շատ եմ սիրում, բայց վարորդ մարդը չի կարա ամեն օր թերթ առնի: Միշտ նայում եմ մամուլի տեսությունները ու, եթե մի բան հետաքրքրում ա` նոր առնում եմ: Կամաց-կամաց սկսում եմ հասկանալ, որ էն, ինչը նայում ենք հեռուստատեսությամբ, դեպքերի պլպլան կողմն ա,- ասում է Սուրենն ու հակասական կարծիքները հասկանալու համար ինքն է հարցնում,- Ա՛յ, օրինակ` դուք ասեք, թերթերն ինչի՞ են գրում, որ կեղծվել ա: Ճիշտ ա` ես թերթ քիչ եմ կարդում, բայց կարդացողները պատմում են, թե ինչեր ա կատարվել: Հիմա սովորական քաղաքացին ո՞ւմ հավատա` թերթերի՞ն, թե՞ հեռուստատեսությանը: Հեռուստատեսությամբ ասում են, որ փայլուն ձեւով կազմակերպված ընտրություններ էին, իսկ թերթերը գրում են, որ էլի խայտառակ ձեւով կեղծվել են: Ախր, չես կողմնորոշվում էլի, պիտի համ թերթերը, համ էլ ալիքները մի բան ասեին, բայց նա մի բան ա ասում, էն մյուսը՝ լրիվ ուրիշ բան: Հիմա ես ո՞ւմ հավատամ: Չնայած, ասում եմ` ես ականատես եմ եղել նորմալ քվեարկության, բայց մյուս կողմից էլ չեմ պատկերացնում, թե կեղծիքն ի՞նչ միջոցներով ու ֆռիկներով են անում: Բնական ա, որ իմ մոտ չէին անելու: Ա՛յ տենց, մինչեւ հիմա չեմ հասկանում, թե էս ընտրություններն իսկակա՞ն էին, թե՞ մյուսների պես խաղ էր: Ես ձայնս տվել էի «Դաշինք» կուսակցությանը ու մինչեւ հիմա չգիտեմ՝ Սամվել Բաբայանն անցա՞վ, թե՞ չէ: Ճիշտն ասած, իրանց կուսակցությանը պրինցիպիալ էի ընտրել, որ մյուսներից ոչ մեկին չընտրեի: Էս անգամ մեր թեկնածուների ցուցակները կարդալով համոզվում էիր, որ մեկը մյուսից վատն են,- ասում է Սուրենը` լրջորեն խնդրելով,- Ես ձեզ խնդրում եմ, ինձ հստակ պատասխան տվեք, էլի, ընտրությունների արդյունքները կեղծվե՞լ են, թե՞ չէ: Եթե` այո, ուրեմն` մեր իշխանությունը լրիվ թքեց, ես էլ ընտրության գնացողը չեմ»:

«Ջութակի պես ճզվզացող ընդդիմության ձայնը քը՛րթ կտրվեց»

Վարորդ Սամվելը շատ գոհ է թե՛ ընտրությունների կազմակերպվածությունից, թե՛ իր կատարած ընտրությունից: «Ես ընտրել եմ Հանրապետական կուսակցությանը եւ գնալով համոզվում եմ, որ շատ էլ ճիշտ եմ արել: Ճոռոմ-ճոռոմ խոսացող էն ջութակի կարկատած լարերի նման ճզվզացող ընդդիմության ձենը քը՛րթ կտրվեց: Էդքան որ գլուխ էին ջարդում, բա հիմա ո՞ւր են: Տենց էլ պետք ա լիներ: Ընդդիմությունը մենակ Ազգային ժողովում չի լինում, ընդդիմությունը ժողովրդի կողքին ա լինում: Հիմա, որ իշխանության չհասան` 3 տարի իրանց գործով են զբաղվելու ու մյուս ընտրությանն էլի ժողովրդի բարեկամն են դառնալու: Լավ էլ գիտեմ, որ ընտրվելուց հետո մոռանալու էին, որ ժողովուրդն ա իրանց պադդերժկա արել, ու սկսելու էին գռփել, որովհետեւ մայիսի 13-ից հետո իրանց վարքը էդ ցույց տվեց: Չանցան ու մեզնից երես թեքեցին: Կանգնում-ասում են` ընտրությունները կեղծվել են, թող մի հատ էլ ասեն` մեզ հավատացողները թող հույսները չկտրեն, թող ասեն` մենք միշտ ձեր կողքին ենք լինելու, թե չէ` ընտրությունները պրծան, իրանք էլ հետը»,- ասում է Սամվելն ու վստահեցնում, որ մինչեւ ընտրությունների օրը որոշել էր ձայն տալ ընդդիմության ներկայացուցիչներին, սակայն վերջին պահին միտքը փոխել է: «Մտածում էի, որ կփոշմանեմ, չմտածված ստորագրեցի, բայց հիմա համոզվում եմ, որ իրանց ընտրելու դեպքում ասելու էի` ինչի՞ ընտրեցի»:

«Կարապետիչին շուստրիները քաշեցին»

Վարորդ Հրանտը խորիմաստ հայացք ընդունած, ինքն իրենից գոհ՝ ասում է. «Հիշո՞ւմ եք, ես ձեզ ասում էի, որ Տիգրան Կարապետիչը մարդկանց մուրացկան ա դարձրել: Հիմա ինքը համոզվե՞ց, որ մարդիկ ուզվորից բացի, նաեւ շուստրի են: Հիմա ինքը խոստովանում ա, չէ՞, որ բաժանել ա ու ձայների ակնկալիքներ ա ունեցել: Բոլոր գյուղերի քանակով, մարդկանց անուններով հաշվարկներ ա արել: Հիմա տեսա՞ք, որ ոչ ոք ոչինչ հենց ընենց չի տալիս: Հիմա տեսա՞ք, որ մարդիկ էլ են անբարոյական դարձել: Չնայած, եթե ինքն ասում էր, որ իրա նվերները ընտրության հետ կապ չունեն, ուրեմն` թող իզուր չբողոքի: Հիմա հասկացա՞ք, որ 4 տարվա դիմակները պատռվեցին, ու ստեղ իմացանք, թե ով` ով ա: Ձեզ թվում ա, որ «Բարգավաճն» անցավ, ուրեմն` բարեգործ ա՞, բաժանածի շնորհի՞վ ա, իհարկե` չէ: Ուղղակի Ծառուկյանին դաբրո կար, իսկ Կարապետիչին` ոչ: Ամեն օր զալը հավաքում էր ու բարոյականություն էր խրատում, հիմա հասկացա՞վ, թե իրա դաստիարակած խավն ինչերի ա ընդունակ: Էդ խավը շուռ տված խավ ա: Էսօր իրա արեւով են երդվում, վաղն էլ` մյուսի: Կարապետիչն ինչ ցանել ա, էն էլ հնձել ա: Կաշառք տվողը երբեք լավ սպասելիքներ թող չունենա: Հիմա թող զբաղվի բարեգործությամբ: Կամ թող բաժանի, կամ էլ թող զբաղվի քաղաքականությամբ: Եթե անկեղծ ասեմ՝ ինքը որպես մարդ լավ մարդ ա, բայց իրա վարած քաղաքականությունը չի սազում իրան: Լավ գիտելիքներ ունի, թող էդ «Շոգեքարշն» ու «Էլեկտրիչկեն» թողի ու դառնա ընդդիմություն: Իրա կլիենտներն անվստահելի մարդիկ են, 2 կոպեկի համար իրանց երեխուն էլ կծախեն: Էն օրը ինքը որ խոսում էր, ճիշտն ասած. բան չհասկացա: Նայե՛ք, համ ասում ա՝ ընտրությունները կեղծվել են, լցոնումներ են եղել, համ էլ բողոքում ա, թե իրա մարդիկ իրան չեն ընտրել, դավաճանել են: Ուրեմն` կամ թող ասի, որ իրան քաշել են, կամ էլ, եթե իրան ընտրել են, բայց կեղծել են, ուրեմն` ինչի՞ ա նեղացած: Ուղղակի ինքն աչք էր փակում էդ տեսակ մարդկանց վատ հոգեբանության վրա: Մեկին գիտեմ` փողի համար իրան էլ կծախեր: Պիտի գնար տելեվիզըրի համար, եթե դրա վրա էր հույսը դրել, ուրեմն` ավելի լավ ա ինքը էդ տելեվիզըրները տանի Մոսկվայի հարուստներին բաժանի»: