– Վկայակոչելով մի շարք անօրինականություններ, հայտարարել էիք, թե պատրաստ եք համագործակցել իշխանությունների հետ՝ այդ խոշորածավալ հարկատուներին օրինական դաշտ բերելու համար: Տարեսկզբին Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց գործարարների, Հարկային ու Մաքսային ծառայությունների աշխատակիցների հետ՝ սպառնալով գործել բացառապես օրենսդրական դաշտում: Չե՞ք կարծում, որ արդեն ուշացել եք համագործակցության ձեր առաջարկով, եւ ինչո՞ւ եք որոշել իշխանություններին նման ծառայություն մատուցել:
– Իմ ասվածի ենթատեքստից միտումնավոր հանվում է իմ խոսքի առանցքը, որը, բարեբախտաբար, հեռարձակվել է ԱԼՄ-ով: Իմ ելույթում ուղղակիորեն մատնանշել եմ այն աղբյուրները, որոնք եթե հարկային դաշտ բերենք` բյուջեն կկրկնապատկվի: Մասնավորապես հիշատակել եմ, որ 2003թ. Մաքսային եւ Հարկային ծառայությունների ուշադրությունից «վրիպել» է 151.000 տոննա ցորեն: Ասել եմ, որ յուրաքանչյուր տոննան հաստատագրված արժեք ունի՝ 145 ԱՄՆ դոլար, որի 22 %-ը պետք է տային ԱԱՀ, 10%-ը` մաքսային տուրք: Դա բյուջե չի՛ մտել, իսկ դա 4 միլիարդ գումար է կազմում: Ասել եմ, որ 2005թ. միայն հունվար ամսին մաքսային վարչարարության բարելավման արդյունքում 2 մլրդ դրամ ավելի է մուտքագրվել բյուջեի եկամտային մաս, 1 մլրդ 100 մլն դրամ էլ` Սոցիալական ապահովության հիմնադրամ: Այսինքն՝ 3 մլրդ 100 մլն դրամ` մեկ ամսվա ընթացքում: Ավելին, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, 2004թ.՝ 2003թ. համեմատ, աշխատատեղերը 700-ով կրճատվել են: Բոլոր լրատվամիջոցները, չգիտես ինչու, ենթատեքստից կտրում են իմ խոսքը. ես ասել եմ` այդ հանցագործությունները ջրի երես հանելուն, մեղավորների գործում, եթե իշխանություններն իրապես պայքար ծավալեն, պատրաստ ենք իրենց աջակցել, որովհետեւ մենք մեր ժողովրդի թշնամին չենք, իսկ այդ գումարները ժողովրդից են կողոպտվել: Թող մի հատ գնան, Մաքսայինի պետին հարցնեն՝ ո՞վ է հիմնական ցորեն ներկրողը, Հարկայինի պետին հարցնեն՝ բա էս ցորենը որ ներկրում են, հետո հրուշակեղեն է դառնում, հետո՝ պատրաստի ուրիշ արտադրանք, ու դրանից ոչ ԱԱՀ է գանձվում, ոչ մնացած հարկերը, դրա հետեւում ո՞վ է կանգնած: Դա թողնում են մի կողմ, ասում են՝ Գեղամյանը պատրաստ է համագործակցել Քոչարյանի հետ: Գեղամյանն ասել է, որ պատրաստ է համագործակցել անգամ իսկ սատանայի հետ, եթե դա պետք է ազգիս: Իսկ այդ գումարներն ազգիս պետք են, որ մտնեն բյուջե:
– Դուք նախկինում էլ եք տարբեր ամբիոններից նման կարգի փաստեր վկայակոչել, ինչո՞ւ այն ժամանակ չէիք մտածում, որ հանուն ազգի կարելի է նաեւ սատանայի հետ համագործակցել:
– Որովհետեւ, երբ 2004թ. թվերը համեմատում եմ 2003թ. հետ, դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկագիրն ընդամենը 20 օր առաջ է հրապարակվել, եւ ես այդ վերլուծությունն արել եմ վերջին 20 օրերի ընթացքում:
– 2000-2001թթ. նման բան չի՞ եղել:
– 2003թ. բյուջեն շրջանցած 150.000-անոց ցորենի խմբաքանակն այն է, որ ապացուցել է Վիճակագրական ծառայությունը: Հիմա փաստն եմ ասել: Փոխարեն փաստին ընթացք տաք, ասում եք՝ ինչո՞ւ այն ժամանակ չէիք ասում, որ պատրաստ եք սատանայի կողքը կանգնել: Այն ժամանակ դեռ 2003թ. պաշտոնական տվյալները, թե ցորենի ռեսուրսն ինչքան է եղել՝ չկար: Չկար նաեւ 2004-ինը, որ կարողանայի համեմատեի, վերլուծություն անեի: Բացի այդ, 2003թ. նախագահական ընտրություններ էին, եւ եթե դու գտնում ես, որ կարող ես այդ պաշտոնը զբաղեցնողի հետ համագործակցել, էլ ինչո՞ւ ես թեկնածությունդ դրել: Սա է պատճառը:
– Ձեր վերջին հայտարարության մեջ՝ փաստարկելով Մաքսային եւ Հարկային ծառայությունների թույլ տված անօրինականությունները, ասել էիք, թե դրանց հետեւում կանգնած հանցավոր տարրերին չբացահայտելն իրավապահ մարմինների եւ առաջին հերթին` Գլխավոր դատախազության անզորության հիմնավոր ապացույցն է: Ինչո՞ւ եք սլաքն ուղղել հենց դատախազության վրա, եթե դրանում, ինչպես դուք եք ասում, մեղավոր են Հարկային եւ Մաքսային ծառայությունները: Արդյոք դա քաղաքական դրդապատճառներ չունի՞:
– Համատարած եւ շարունակական բնույթ կրող օրինախախտումների պարագայում, եթե այդ ամենը հատվածաբար չէ, այլ շարունակական է, եւ հանրապետությունում բոլորն այդ մասին գիտեն, ու ոչինչ չի ձեռնարկվում, բնականաբար, պարոն Քոչարյանն օր առաջ պետք է անվստահություն հայտնի գլխավոր դատախազին: Ուրիշ փաստեր էլ կարող եմ բերել. բերդում բանկետներ են անում, թեթեւաբարո կանանց էլ տանում, պատիվ են տալիս: Նույն «տէցի կռուգի», ապրիլի 5-ի պատմությունը… Եթե 250 ոստիկանի առաջ ծեծուջարդ են անում, ոստիկանը չի միջամտում, բա այդ ոստիկանին ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկի: Ուստի սլաքը երբեք ու երբեք ուղղված չէ Գլխավոր դատախազությանը: Ուշադրություն է հրավիրված նախագահին, թե ինչ է կատարվում երկրում այն մարմինների թողտվության պայմաններում, որոնք կոչված են առաջինները կանխելու այն: Այդ ի՞նչն էր խանգարում, որ նրանք էլ նստեին-վերլուծեին վիճակագրական տվյալները: Իսկ ինչ վերաբերում է Դատախազությանը, ապա թաղապետարաններում հայտարարություններ են փակցվում, որ գնան, մասնակցեն շուրջպարի, 2000-ական դրամ ու մի հատ էլ գլխարկ կտան, որ թեք դնեն, ման գան: Բա դա թաղապետարանների գո՞րծն է: Չե՞ն մտածում՝ թաղապետարաններին այդ գումարները որտեղի՞ց, որ հավաքագրեն, տանեն ժողովրդին պարացնեն: Իսկ դա արվում է Դատախազության անմիջական հովանավորության ներքո: Թող զբաղվեն: Հազարավոր ուսանողների են տանելու այնտեղ պարացնեն: Եթե այդքան գումար ունեն, թող ձեռքները խղճներին դնեն, ու այն ուսանողները, որոնք վարձը չմուծելու համար հեռացվել են, դրանց փոխարեն վարձ փոխհատուցեն:
– Հիմնավո՞ր չեն այն պնդումները, թե այդ շուրջպարը լինելու է ազգի համախմբման միջոցառում:
– Սյունեցիների հայրենակցական միությունն էլ Խուստուփի լեռան շուրջն է պարելու, ռնդամալցիներն էլ ձաղկաձորցիների հետ միասին Քյաչալ սարի շուրջն են պարելու, հետո՞: Ի՞նչ է, ուզում են, որ էս ժողովուրդն անլուրջ ազգի տպավորություն թողնի՞: Օսկանյանն էլ հպարտությամբ ասում է՝ ժողովուրդ ջան, աչքալուսանք ունենք, աշխարհի քյասիբների շարքում ենք, բայց փոխարենը մտել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մեջ, եւ մեզ մեծ գումարներ են տալու, որ էս քյասիբությունից դուրս գանք: Այս քյասիբ ժողովուրդն էլ, փոխարենն իր իշխանությունների ուղեղը շարժի, միասնության ելքը շուրջպարի մեջ է գտել: Հետո՝ դա կռապաշտություն է, լա՛վ, այդ մարդիկ Աստվածաշունչ չե՞ն կարդում: Չէ՞ որ սարի շուրջն էին պարում, որ Աստված բոլորին պատժեց ու վրան էլ ոսկե ցլիկ է դրված:
– Չե՞ք կարծում, որ եթե այդ միջոցառումը կռապաշտության հետ որեւէ աղերս ունենար, ապա Ամենայն Հայոց կաթողիկոսը, որը նույնպես ապարանցի է, կարգելեր այն:
– Հանգիստ թողնենք Ամենայն Հայոց կաթողիկոսին. մնում է արդեն իրեն էլ քաղաքականացնենք: Այն, որ Դատախազությունը քաղաքականացված է ու նախընտրական շտաբի է վերածվել, բոլորն էլ գիտեն արդեն: Հիմա մնում է եկեղեցին էլ խառնենք այդ գործին, չի կարելի: Չի կարելի կիսաքաղցած մարդկանց համախմբել լեռան շուրջը: Գաղափար չլինելու պայմաններում, երբ սնանկ է պետական գաղափարախոսությունը, հարկադրված նման մեյմունությունների են դրդում մեր իմաստուն ժողովրդին: Արդեն կատակում են, թե Դատախազությանը միանալու են նաեւ Հարկային ու Մաքսային մարմիններն, ու շուրջպարը դառնալու է «Բերդ» պար, ու այդ 160.000 մարդու շալակը մեկական մարդ էլ է բարձրանալու: Բա կարելի՞ է այս ազգին, որ ժամանակին ճանաչել են Ա. Խաչատրյանով, Վ. Սարոյանով, Սարյանով եւ այլն, հիմա զուռնա-տրնգիով ճանաչեն, այն էլ՝ կիսաքաղցած վիճակով: Ավելի մեծ թշնամանք մեր ազգի նկատմամբ կարելի՞ էր մտածել, որ դրանք են մտածել: Հասկանում եմ՝ ընտրակեղծիքներ անելու համար էս գլխից հիմքեր են ստեղծում, բա լավ, էս ազգի ճակատագրի մասին չե՞ն մտածում: Չե՞ն մտածում՝ ինչ վտանգավոր հաղթաթղթեր են տալիս մեր դարավոր «բարեկամներին», երբ երկրի ներսում ստեղծում են «Արցախ», «Սյունյաց արծիվներ», «Նիգ-Ապարան» հայրենակցական միություններ: Է, վաղը թուրքերն ու ազերիները կասեն՝ այ մարդ, այս մարդիկ իրար մեջ են իրարից բաժանված, էն գլխից են սեպարատիստ, որովհետեւ նույն երկրի մեջ 3 մլն ազգը 10 հայրենակցական միություն ունի, բա որ ասում էինք Ղարաբաղը սեպարատիստներինն է՞: Դա կճանաչեն ազգային հիվանդություն, եւ դրա տակից ոչ ոք դուրս չի գա: Վաղն ապարանցին կասի՝ իմ հողին վտանգ չի սպառնում, ինչի՞ պիտի գնամ Ղարաբաղում կռվեմ, թող «Արցախ» միությունը կռվի: Այդպես էլ լինելու է, որովհետեւ միավորում է ոչ թե գաղափարը, այլ սարի շուրջ պարելը: Դե թող գնան պարեն, է, հետո՛: Մրջյունի ու ճպուռի պատմությունը գալու է ճիշտ ու ճիշտ մեր գլխին: Էն ասում է՝ սաղ ամառը երգեցիր, հիմա էլ գնա՝ պարի, դա է, որովհետեւ պետական մտածելակերպից զուրկ մարդիկ են, աշխարհի հնարավոր զարգացումներից անտեղյակ մարդիկ են: Ինչի՞ սրա մասին չեք խոսում: Փոխարեն Ջոն Տոյեմբիի գործերը կարդան, Ֆուկույամա կարդան, մի հատ հասկանան այս աշխարհի զարգացումները որոնք են, մտածում են հազարապետերի, հարյուրապետերի ու տասնապետերի մակարդակով: Այսինքն՝ առաջ դեպի 19-րդ դար:
– Շուրջպարի կազմակերպիչներին մոտ կանգնած անձինք պնդում են, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ձեր քննադատությունները պայմանավորված են այն մտավախությամբ, որ նա կարող է լուրջ ընտրազանգված կուտակել իր կողքին:
– Դուք ձեր հարցով ապացուցեցիք, որ մի օր անգամ չի կարելի գլխավոր դատախազին թողնել իր պաշտոնին, որովհետեւ դա պետք է լինի ընդգծված ապաքաղաքական մարմին: Իսկ եթե արդեն իսկ իր շրջապատն ընդունում է, որ դա քաղաքական նպատակներ ունեցող կազմակերպություն է, ապա դա վկայում է, որ մեր երկիրը շատ լուրջ հիվանդ է:
– Կարելի՞ է ենթադրել, որ Նապոլեոն Ազիզյանը դատախազի նկատմամբ ունեցած ձեր դիրքորոշումների պատճառով հեռացավ ԱԺ խմբակցությունից:
– Ն. Ազիզյանը թասիբով մարդ է, ու մեր բոլոր կուսակիցներն ասում են, որ նա անպայմանորեն մոտ օրերս դիմում կտա եւ կհրաժարվի պատգամավոր լինելուց: Չեմ կարծում, թե նա չի գիտակցի, որ զբաղեցնում է «ԱՄ» ցուցակով իրենից հետո եկող շատ արժանավոր մի մարդու տեղը: Իր հարցազրույցը, որտեղ նա խոսում էր իր թասիբի մասին, ինձ ոգեւորում է: Ինձ թվում է՝ նա կգիտակցի, որ ինքն ընտրվել է բացառապես շնորհիվ «ԱՄ» կուսակցության, եւ հիմա այն մարդիկ, ովքեր մեր կուսակցության պայքարի նվիրյալներն են, իրենք ըստ արժանվույն կներկայացվեն ԱԺ-ում: