25-ամյա Արմեն Գրիգորյանը երկրորդ անգամ է Հայաստանում: Երեք տարի առաջ իբրեւ զբոսաշրջիկ է այցելել, այս անգամ`ուսումը շարունակելու համար` աշխատանքային փորձի, ինչը նա կարող էր ցանկացած եվրոպական երկրում իրագործել:
Սակայն, ինչպես ինքն է ասում, «ծնողների փափագն ունենալով մեջը»` Հայաստան խարիսխ գցելու համար է եկել: Քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ անշարժ գույքի գները Հայաստանում օր օրի աճում են, Արմենը, բազմաթիվ սփյուռքահայերի նման, որոշել է Երեւանում բնակարան ձեռք բերել` ծնողների հետ այստեղ հաստատվելու հեռանկարով: «Հեռվից ամեն ինչ շատ քաղցր է թվում, բայց կուզեմ ինքզինքս համտես անել Հայաստանը: Որ եկել եմ Հայաստան, շատ իզուր սպասելիքներ արդեն անջատել եմ իմ մեջ: Իմ սպասելիքս իմ լեզուն է, շրջապատը, որի մեջ կապրեմ: Կարող է ինչ-որ մեկն ինձի դուրսեցիի տեղ դնի, բայց ես այստեղ ինձ հյուր չեմ զգում: Վերջիվերջո մենք հայ ենք, չէ՞»,- նկատում է Արմենը: Նա փոքր-ինչ սրտնեղում էր այն երեւույթից, որ հայաստանաբնակներն օտար վայրում բնակվողների միջեւ ազգային տարբերակում են դնում եւ սփյուռքահային դեռեւս պարսիկից չեն տարբերում: Արմենը ծնունդով Թեհրան քաղաքից է: Ընտանիքի հետ 1996թ. տեղափոխվել է Հոլանդիայի Էնշեդե սահմանային քաղաքը, որտեղ սովորում է Սաշիոն համալսարանում` միջազգային բիզնես եւ մենեջմենթ մասնագիտությամբ: «Շատ դժվար օրեր անցկացրեցինք, տարիուկես մենք մնացինք փախստականների ճամբարում, դրանից հետո եկեղեցու կողմից` բարեգործական ճանապարհով տուն ստացանք»,- պատմում է երիտասարդը, ով արդեն «Հոլանդի» քաղաքացի է: Պարսկաստանը լքել են, որովհետեւ հայ ընտանիքն իրեն զգացել է հյուրի կարգավիճակում: «Հայերի ֆինանսական վիճակը Պարսկաստանում լավ է, ինչպես պարսիկներինը, բայց այդ երկրում ազատություն չկա, այդ վիճակից պարսիկներն էլ են թողնում-դուրս գալիս, հայերը մնան, ի՞նչ անեն»: Անհարմարավետության եւ օտարության զգացողությունը Գրիգորյանների ընտանիքը վերապրել է նաեւ ամենալիբերալ եւ ծայրահեղ հանդուրժողական Հոլանդիայում: «Այս աշխարհքը դրախտ չէ, ամեն տեղ իրա լավն ու վատն ունի: Մենք հայեր ենք, մեր ապրելակերպը տարբեր է, մենք չենք կարող այնտեղ ապրել, աշխատել, սովորել. ոչ մի ժամանակ հոլանդացի չենք դառնալու, այնտեղ նորից հյուր ենք մնալու»,- շարունակում է սփյուռքահայը: Արմենի տեղեկություններով՝ Հոլանդիայում ներկա դրությամբ, մոտավորապես 5 հազար հայեր են ապրում, որոնց մեծամասնությունը կենտրոնացած է Ալմելո քաղաքում: Հոլանդիայում նաեւ երկու հայկական եկեղեցիներ կան, մեկն Ամստերդամինն է, հաջորդը` Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը կառուցվել է 2003թ.` Թուրքիայից մեկնած հայերի ջանքերով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի քանի եվրոպական երկրներ, առավելապես՝ Գերմանիան եւ Հոլանդիան, էժան աշխատուժ են ներկրել Թուրքիայից, որի ժամանակ մի ամբողջ գյուղի բնակչություն տեղափոխվելով Հոլանդիայի հեռավոր այդ բնակավայրը` հիմնել է Ալմելո փոքրիկ քաղաքը: «30 տարվա եկվորները գրեթե հայերեն չեն խոսում, թուրքախոս կամ քրդախոս են: Նրանք կարողացել են պահպանել միայն իրենց հավատքը` հայերենով սաղմոսներ արտասանել գիտեն, բայց հաղորդակցվել` ոչ»,- ասում է Արմենը:
«Երկիրն ավելի շատ մտածում է` ի՞նչ հագնի եւ ի՞նչ մեքենա քշի»
Արմենի կարծիքով, հոլանդացիների եւ հայերի կենսակերպի եւ բարքերի տարբերությունն այն է, որ Հոլանդիայում մարդը կարեւորություն ունի, նաեւ օտար մարդը, ինչն էլ ապահովում է այդ երկրի զարգացումը: «Այստեղ, եթե մեկին ուժ են տալիս, այն իրենց շահերի համար են օգտագործում: Կաշառք վերցնելը պզտիկ բան է թվում, բայց ցույց է տալիս, որ մարդիկ ամեն օր սթրեսի մեջ են ապրում: Հոլանդիայում կարող է հարազատ մարդկանցով չես շրջապատված, բայց գիշերները շատ հաճախ հանգիստ ես քնում, այնտեղ սթրես չկա: Անպայման չէ, որ կաշառք վերցնես, որ սոված չմնաս»,- համոզված է երիտասարդ մասնագետը, ով ներկա դրությամբ՝ աշխատում է Երեւանի ամենահաջողված խորհրդատվական ընկերություններից մեկում: «Այսօր Հայաստանում ես շատ ձրիակերություն եմ տեսնում, երիտասարդները, մինչեւ 40 տարեկաններն ասում են՝ աշխատանք չկա, ու առավոտից իրիկուն դուրսը պարապ-սարապ ման են գալիս, նրանք իրենց ժամանակն անց են կացնում իրենց հորնումոր հույսին: Դա շատ է մարդու աչքին խփում, իմ կարծիքով՝ երիտասարդների 80 %-ն այդպիսին է: Դա երկրի վիճակի հետ կապ չունի, այլ` մարդու մտածելակերպից է գալիս: Պարսկահայերի մեջ ես էսպիսի երեւույթ չեմ տեսել, ձրիակերություն այնտեղ չկա: Մարդը որ այնտեղ չաշխատավ՝ իրեն օտար աչքով են նայում: Այստեղ շատ են սիրում, որ մի տեղից իրենց համար ինչ-որ բան ընկնի: Երիտասարդներն ուզում են ամենալավ «Մերսեդեսը» քշել, առանց եւ մի աշխատանքի: Երկիրն այդպես չի սարքվի: Ես իմանում եմ, որ եթե ես իմ ուժերի վրա հույս դնեմ, կարող եմ լավ ապրել` հենց այս Հայաստանում: Հենց այդ հույսով եմ եկել այս երկիր»,- ինքնավստահ ասում է սփյուռքահայ երիտասարդը: Ստեղծված անբարենպաստ մթնոլորտն Արմենը համարում է կոմունիստական հասարակարգի ճգնաժամի հետեւանք: Նրա ասելով, հասարակությունը դեռ կոմունիստական ժամանակի վերքերն է լվանում: «Երկիրն ավելի շատ մտածում է՝ ի՞նչ հագնի եւ ի՞նչ մեքենա քշի, քան թե՝ ի՞նչ կարդա, ի՞նչ ուսում, ի՞նչ մասնագիտություն ունենա: Այսինքն, բավարարման զգացողությունը մարդկանց մոտ նույնացվում է միայն նյութական արժեքների հետ»,- նկատում է նա եւ համեմատության համար նորից անդրադառնում Հոլանդիայի օրինակին, շեշտադրելով առկա քաղաքակրթությունների բեւեռացումը, տարբեր արժեքների ընկալումը հասարակության կողմից: Նորություն չէ, որ Հոլանդիայում երկրի նախագահը իրեն կարող է թույլ տալ հեծանիվով աշխատանքի գնալ, իսկ ապագա թագավոր արքայազնը՝ «Վոլվո» վարել, առանց նվաստանալու կամ ամոթի զգացողության: «Նրանց համար ավտոմեքենան միայն փոխադրամիջոց է: Այնտեղ մարդուն կարեւորում են ոչ թե վարած մեքենայով, այլ` թե քանի երկիր է տեսել: Հոլանդացին ամենաքիչը 20 երկիր տեսած է լինում իր կյանքի մեջ: Նրանք այդպես են իրենց հարուստ զգում: Մենք էլ պետք է մեր իմաստությունով, մեր ունեցածով մեզ հարուստ զգանք, օտար մարդկանցից իրենց լավ կետերը վերցնենք: Մարդիկ դրսից ուղարկած գումարներով ավտոմեքենա են գնում, որը մի 2 տարի հետո ժանգոտելու է, իսկ պետությունը դրանից ոչինչ չի շահելու: Փողը գործի մեջ պետք է դնել: Հա, հասկացանք, գերմանական մեքենան լավն է: Մենք պետք է մտածենք ոչ թե գերմանական մեքենան այստեղ բերելու, այլ գերմանական գործարանը, մտածելակերպը բերելու մասին»,- նկատում է Արմենը, որի կարծիքով՝ երկրի առաջընթացը նոր մտքի, ուղեղի մեջ է: Եվ եթե մեր երիտասարդությունը շարունակի հավերժ սպառողի դերում մնալ, երկիրը միշտ էլ աղքատ է մնալու: Թեպետ, Արմենը նաեւ լավատես է ու համոզված է, որ երկիրը փոխվում է եւ, որ իր նման մարդկանց գալը նույնպես կարող է նպաստել «երկրի կարգի գալուն»:
Հ.Գ. «168 Ժամի» էջերում պարբերաբար կանդրադառնանք արտերկրից եկած մեր հայրենակիցներին, ովքեր Արմեն Գրիգորյանի նման որոշել են մշտապես բնակվել Հայաստանում եւ բոլորի նման կրել հայաստանյան դժվարությունները: