Ամերիկացիներն էլ են գոհ

15/05/2007

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը երեկ շնորհավորել է հայ ժողովրդին` «նախորդ ընտրությունների համեմատ ավելի հաջող ընտրությունների համար»: «Մենք կիսում ենք միջազգային դիտորդների գոհունակությունն այն մասին, որ մեծապես բարելավվել են ընտրական ենթակառուցվածքները` թե իրավական, թե տեխնիկական առումով,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։ -Մենք հպարտ ենք, որ Հայաստանի կառավարական ու ոչ կառավարական կառույցների հետ մեր գործընկերությունը նպաստել է այդ բարելավումներին: Մենք խիստ արժեւորում ենք իրենց գործի անաչառ կատարմանը նվիրված բազմաթիվ ընտրական պաշտոնյաների աշխատանքը: Համամիտ ենք ԺՀՄԻԳ դեսպան Ֆրլեցի այն մեկնաբանության հետ, թե այս ընտրությունները դեռ չեն ավարտվել: Մեր կարծիքն այս պահին հետեւյալն է. այս ընտրությունները բարելավում են միջազգային չափանիշների ուղղությամբ»: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, թե ընտրական գործընթացի մի մասն էլ ընտրությունների առնչությամբ ի հայտ եկած խնդիրները մանրակրկիտ կերպով քննության առնելն է, այդ թվում` կեղծիքների ու ահաբեկման վերաբերյալ հնչած մի շարք լուրջ մեղադրանքները, որոնք կարող էին նաեւ ազդել մրցապայքարի որոշ մասի ելքի վրա: «Հուսով ենք, որ ընտրական խախտումների վերաբերյալ հնչած մեղադրանքները հետեւողականորեն կհետաքննվեն եւ հիմնավորված լինելու դեպքում` դատական կարգով կլուծվեն»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: