«Այս ընտրությունները ոչ թե իշխանության հաղթանակի, այլ ընդդիմության պարտության ընտրություններ էին»,- ասված է ԱԺԿ տարածած երեկվա հայտարարության մեջ: Ըստ ԱԺԿ-ի, ընդդիմության պարտության հիմնական պատճառն այն է, որ ընդդիմադիր ուժերը չկարողացան ներկայանալ որպես իրական ընդդիմություն գործող իշխանություններին եւ համախմբվել այլընտրանքային գաղափարի եւ ծրագրերի շուրջ: «Միայն ընդդեմ գործելու մոտեցումն իրեն սպառել է եւ, ըստ էության, նպաստում է, որպեսզի Հայաստանում տեղի չունենան որակական փոփոխություններ: ԱԺԿ-ին չհաջողվեց ժողովրդին ներկայանալ որպես իրական այլընտրանք գործող իշխանություններին, այդ թվում` իրական ընդդիմության դաշտում միայնակ մնալու եւ անհրաժեշտ նյութական միջոցների բացակայության պատճառով: Ստեղծված վիճակի հիմնական պատճառը շարունակում է մնալ երկրում որակական փոփոխությունների հայեցակարգային ծրագրերով առաջնորդվող կազմակերպված ընդդիմության բացակայությունը»,- ասվում է Շավարշ Քոչարյանի գլխավորած կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: