Կիրակի օրը ԿԸՀ-ն վավերացրել է չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որի տակ հրաժարվել են ստորագրել 5 տոկոսի շեմը չհաղթահարած ՀԺԿ-ի, «Ազգային Միաբանության» եւ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները: 6 կողմ, 3 դեմ ձայնով համամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքները վավերացվել են, եւ ըստ այդմ` ընտրություններին մասնակցել է 1 մլն 389 հազար 521 ընտրող: Անվավեր է ճանաչվել 40.312 քվեաթերթիկ: Նախնական արդյունքներով, ԱԺ համամասնական ընտրակարգով սահմանված 5 տոկոսի շեմը հաղթահարել է 5 կուսակցություն` ՀՀԿ-ն (457.320 ձայն), «Բարգավաճ Հայաստանը» (204.443 ձայն), ՀՅԴ-ն (177.192 ձայն), «Օրինաց երկիրը» (95.256 ձայն) ու «Ժառանգությունը» (80.890 ձայն): Եվ այսպես, այս գումարման ԱԺ-ում այլեւս ներկայացված չեն լինի ՀԺԿ-ն, որը հավաքել է 23.869 ձայն, «Ազգային Միաբանությունը»` 49.863 ձայն եւ ՄԱԿ-ը` 59.307 ձայն: Իր մշտական ռադիոլսողներին հրաժեշտ տվեց նաեւ Արշակ Սադոյանը, քանի որ ԺՈՒԿ-ը, որի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում էր նաեւ Ա.Սադոյանը, հավաքել է ընդամենը 8468 ձայն: Ի դեպ, համամասնական ընտրակարգով ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ սահմանած ժամանակացույցով վերջնականապես կամփոփվեն մայիսի 19-ին, իսկ մեծամասնականինը` մայիսի 18-ին: