Մայիսի 12-ին կայացած ԱԺ ընտրությունն առանձնահատուկ էր ոչ միայն կեղծիքների իրականացման ձեւի կատարելագործվածության աստիճանով, այլեւ իշխանությունների կողմից «քցվածների» առատությամբ: Գաղտնիք չէ, որ մեզանում ընտրությունների արդյունքը մեծապես պայմանավորված է ոչ թե ՀՀ քաղաքացիների, այլ շատ կոնկրետ մարդկանց կամքով: Սա շատերին ստիպում է ընտրությունից առաջ գործարքի գնալ իշխանության հետ՝ ԱԺ-ում տեղ ունենալու համար: Բնականաբար, գործարքի գնացած կուսակցությունները կամ անհատներն էլ ԱԺ-ում հայտնվելու իշխանական «դաբրոն» ստանալու համար որոշակի պարտավորություններ են ստանձնում. ասենք՝ տապալում են ընդդիմության միավորումը, պատասխանատու եւ վճռական պահերին «քցում են» այն ընդդիմադիրներին, ովքեր իշխանությունների հետ գործարքի չեն գնացել եւ այլն: Այդ տեսակին տարբեր կերպ են անվանում. ընդդիմադիր դաշտում ներդրված ական, կեղծ ընդդիմություն եւ այլն: Ու բնական է, որ ամեն ընտրությունից հետո լինում են իշխանությունների կողմից «քցվածներ», որովհետեւ իշխանությունները շատերին են շատ բան խոստանում, սակայն ԱԺ տեղերը սահմանափակ են: Բնականաբար, այս տարի «քցվածների» ցուցակը գլխավորում է Տիգրան Կարապետիչը: Մարդը, ինչպես ինքն է ասում՝ «էշ-էշ» իր գրպանից 7 միլիոն դոլար ծախսեց քարոզարշավի վրա, բայց մի մանդատ էլ չստացավ: Ի դեպ, հասկանալի պատճառներով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու Գլխավոր դատախազությունն անարձագանք թողեցին Կարապետիչի այս հայտարարությունը (օրենքն արգելում է քարոզարշավի ժամանակ ծախսել 60 միլիոն դրամից (մոտ 167 հազար դոլար) ավելի գումար): Ասում են՝ նախօրեին Կարապետիչը հայտարարել է, թե էլ «Շոգեքարշ» չի լինելու (դա այն «հեռուստախաղն էր», որի ժամանակ տատիկներն ու պապիկները Կարապետիչին համեմատում էին Աստծո կամ Տիգրան Մեծի հետ եւ «տելեվիզըր» «շահում»): Փաստորեն Տիգրան Կարապետիչն այսկերպ նաեւ բացահայտ խոստովանել է, որ ինքը «տելեվիզըր» էր բաժանում՝ այն ստացողի քվեի ակնկալիքով: Հաջորդ «քցվածն», իհարկե, Գուրգեն Արսենյանն է՝ իր ՄԱԿ-ով: Պարզվեց, որ պարոն Արսենյանը չէր էլ ուզում ԱԺ-ում հայտնվել, որովհետեւ ՄԱԿ-ն ասում էր. «Այն ենք ուզում, ինչ՝ ամենքդ», իսկ դատելով ընտրության հրապարակված արդյունքից՝ մարդիկ ուզում էին, որ ՄԱԿ-ը չլինի ԱԺ-ում: ՄԱԿ-ն էլ էր զբաղված ընտրակաշառք բաժանելով, բայց ի տարբերություն Կարապետիչի, ով տարիների հեռվից էր սկսել գործը, ՄԱԿ-ն ընտրակաշառքը բաժանում էր ընտրության օրը եւ նաեւ դրանից մի քանի օր առաջ, այն էլ՝ գումարի տեսքով, ոչ թե «տելեվիզըրի»: «Քցվածների» ցուցակում պատվավոր տեղ է զբաղեցնում նաեւ Արտաշես Գեղամյանը: Սակայն իշխանությունները շատ դաժան վարվեցին մի մարդու հետ, ով իշխանությունների ամենածանր պահերին աջակցել է նրանց: Չմոռանանք նաեւ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն, որին, ըստ Հ1-ի, այդ հեռուստաընկերությունն ամենաշատ եթերն էր տվել, եւ ակնկալվում էր, որ ՀԺԿ-ն գոնե մի 6-7 մանդատ կունենա: Անշուշտ, կարելի է «քցված» համարել նաեւ Սամվել Բաբայանին, ով մեծամասնական ընտրակարգով հանեց թեկնածությունը, սակայն համամասնականով չձգվեց 5%-ի: Ցանկության դեպքում «քցվածների» ցանկը կարող եք շարունակել ինքներդ: