Այն, ինչ մայիսի 12-ին՝ ընտրությունների օրը տեսել է շարքային քաղաքացիների հիմնական մասը, եւ այն, ինչ նույն օրը տեսել են միջազգային դիտորդները, մեղմ ասած, որեւէ նմանություն չունեն: Հարյուրից ավելի դիտորդներ, որոնք Հայաստան էին եկել մայիսի 12-ի ընտրությունների ընթացքն ուշի ուշով հետեւելու, պարզվում է` ոչ մի ընտրախախտում չեն տեսել: Նկատել են ընդամենը մի քանի «ոչ վտանգավոր» թերություններ, այն էլ` տեխնիկական:
Օրինակ, նրանք չեն տեսել այն հարյուրավոր «Գազելները», որոնց բանուգործն այդ օրը ոչ թե իրենց երթուղով մարդ տեղափոխելն է եղել, այլ մարդկանց տներից տեղամասեր հասցնելը: Չեն տեսել նաեւ ընտրատեղամասերից ոչ հեռու բաժանվող ընտրակաշառքները, որ ընտրողներին տրվում էր տեղամաս մտնելուց առաջ: Փոխարենը տեսել են, թե ինչպես էր ինչ-որ քաղաքացի ուզում քվեարկել հին` կարմիր գույնի անձնագրով, ու հենց ուզեցել են «արձանագրել բռնացրած» կեղծիքը, պարզվել է, որ ոչ թե քաղաքացու անձնագիրն է եղել հին նմուշի, այլ այդ երիտասարդի անձնագրի կազմը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽ ԽՎ եւ Եվրախորհրդարանի դիտորդական առաքելություններն իրենց նախնական եզրակացություններում հայ ժողովրդին շնորհավորում են «ընտրական առաջընթացի կապակցությամբ»` հայտարարելով, թե այս ընտրությունները նախորդ ութ տարիներին տեղի ունեցած ընտրությունների համեմատ արձանագրել են զգալի առաջընթաց եւ անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան:
Օրինակ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Թոնե Թինսգաարդը ՀՀ ԱԺ ընտրություններն անվանել է «ժողովրդավարական»` իր զեկույցում արձանագրելով. «Հայաստանում անցած ընտրություններն ընդհանուր առմամբ ժողովրդավարական են եղել»: Իսկ Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարի Անն Իսլեր Բեգինն ասել է, թե «Եվրախորհրդարանը միշտ շահագրգռված է եղել, որ Հայաստանում ընտրությունները լինեն արդար եւ թափանցիկ, եւ մենք ուրախությամբ նշում ենք նվաճված առաջընթացը: Մենք ողջունում ենք հայ ժողովրդի ձգտումը արդար եւ թափանցիկ ընտրություններին եւ հուսով ենք, որ գրանցված առաջընթացը կամրագրվի 2008թ. նախագահական ընտրություններին»:
ԵԱՀԿ/ՄԻԺԻԲ-ի առաքելության ղեկավար Բորիս Ֆրլեցի խոսքերով էլ` «Հայաստանի իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկել ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»: Բորիս Ֆրլեցը թվարկել է նաեւ իր խմբի արձանագրած «ընտրախախտումները»: Դրանք են` քվեաթերթիկների հաշվառման համակարգի կանոնակարգումը, ԿԸՀ վերջին տվյալների ժամանակին հրապարակումը ինտերնետ-կայքում: «Խախտումներ եղել են, սակայն դրանք չեն ազդել քվեարկության արդյունքների վրա»,- հայտարարել է Ֆրլեցը` իշխանություններին կոչ անելով վերականգնել ժողովրդի «խարխլված վստահությունը», որն առաջացել է նախորդ տարիներին անցկացված ընտրությունների արդյունքում: ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավարի գնահատմամբ, Հայաստանի ընտրությունը եւ քարոզչությունը համապատասխանել են օրենքի պահանջին, եւ այդ ամենը շատ լավ է «երիտասարդ ժողովրդավարություն ունեցող Հայաստանի համար»: Ավելին, դիտորդները հիացած են քվեարկության օրը տեղամասերում տիրող «հանգիստ» մթնոլորտից: Այս առնչությամբ նրանք իրենց նախնական եզրակացության մեջ արձանագրել են, թե` «Քվեարկության անցկացումը դրական կերպով գնահատվեց դիտարկված տեղամասերի մեծ մասում` 94 տոկոսում»: Միաժամանակ դիտորդները զերծ են մնացել ընտրություններն ազատ ու արդար որակելուց: Կիրակի օրը կազմակերպված ասուլիսում լրագրողների հարցին, թե ինչու իրենց զեկույցում չեն կիրառել այդ բնորոշումը, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Բորիս Ֆրլեցը պատասխանել է, թե իրենք զերծ են մնում նման բնորոշումներից, որովհետեւ ընտրական գործընթացը դիտարկում են Եվրոպայի առաջ Հայաստանի ստանձնած հանձնառությունների տեսակետից: Ի տարբերություն ԱՊՀ դիտորդական առաքելության խմբի ներկայացրած նախնական զեկույցի, ԵԱՀԿ դիտորդները որոշ «թերություններ» արձանագրել են ոչ թե ընտրությունների օրը, այլ նախընտրական քարոզարշավի ընթացքում: Օրինակ, նրանք նշել են, որ քարոզարշավի ընթացքում «որոշ բռնության դեպքեր տեղի ունեցան», բայց անմիջապես նշել են, թե դրանք «կարծես թե զգալի ներգործություն չունեցան ողջ ընտրական մթնոլորտի վրա»: Նաեւ նշել են, թե` «իշխող կուսակցության եւ պետության տարանջատումը կարծես թե ակնհայտ չէր քարոզարշավի որոշ տարրերում, որոնցից ամենացայտունը Հանրապետական կուսակցության ընտրարշավի համակցումն էր Հայկական բանակի 15-ամյակին նվիրված, ավելի երկար տեւողություն ունեցող արշավի հետ, որը կազմակերպված էր Պաշտպանության նախարարության հովանու ներքո»: Նշել են նաեւ, թե «բոլոր մակարդակներում քաղաքական եւ գործարար շահերի միահյուսումը մտահոգիչ է, հատկապես քարոզչական միջոցների թափանցիկությանը եւ հայտարարագրմանը վերաբերող համեմատաբար թույլ դրույթների եւ իրագործման համատեքստում»: Սակայն նույն այս դիտորդներն իրենց եզրակացություններում չեն նշել Ավան եւ Էրեբունի համայնքներում ընտրությունների օրը տեղի ունեցած քաշքշուկների եւ ծեծուջարդի մասին: Սրա փոխարեն՝ դիտորդներին մտահոգել է, որ ԿԸՀ-ն առավոտյան ժամը 9-ին հրապարակել է Երեւանի ոչ բոլոր ընտրատեղամասերի տվյալները, մինչդեռ իրենց ձեռքին արդեն եղել են ամփոփիչ արձանագրություններ, որոնք ԿԸՀ-ն հրապարակել է բավական ուշ: Ահա, թե ինչից են դժգոհ միջազգային դիտորդները: Եվ ամենազավեշտալին այն է, որ միջազգային հանրության ուզած ժողովրդավարական ընտրություն կոչվածը, որով տարիներ շարունակ սպառնում էին Հայաստանին, պարզվեց՝ հենց նման ընտրություններ ապահովելն էր: Իսկ նրանց արձանագրած մանր-մունր տեխնիկական թերությունները Հայաստանի իշխանություններն առանց որեւէ բարդությունների կապահովեն նախագահական ընտրությունների ժամանակ: Եվ այդ ժամանակ արդեն դիտորդները կհայտարարեն, որ Հայաստանը վագրի թռիչքով ոչ միայն տնտեսական աճ է ապահովում, այլեւ` ժողովրդավարության:
Հ.Գ. Ի դեպ, երեկ հղում անելով միջազգային դիտորդների զեկույցներին, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ժողովրդին ընտրությունների կապակցությամբ. «Դրանք (ընտրությունները.- Լ.Ս.) անցան ազատ, արդար եւ թափանցիկ, ինչը հաստատում են ԿԸՀ-ն, իրավապահ մարմինները, ինչպես նաեւ՝ տեղական ու միջազգային դիտորդական կազմակերպությունները: Շնորհավորում եմ բոլորիս դեպի ժողովրդավարություն կատարած եւս մեկ կարեւոր քայլի առիթով: Ընտրական օրենսգրքի բարեփոխված տարբերակը թույլ տվեց հստակեցնել կանոնակարգերը: Հիմնականում օրենքի սահմաններում գործեցին ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները` հանձնաժողովի անդամները, թեկնածուները, վստահված անձինք: Տեղ գտած թերություններն ու ընտրախախտումները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվելու են` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու եւ օրինականությունը վերականգնելու նպատակով: Նախընտրական փուլն ունի իր կանոններն ու առանձնահատկությունները. երբեմն քաղաքական տեսակետների տարբերությունները վերաճում են կարծիքների բախման եւ հարաբերությունների շիկացման: Սակայն, իսկապես ժողովրդավար հասարակության կարեւոր առանձնահատկություններից է հետընտրական շրջանում նորմալ կյանքի վերադառնալու, փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության մթնոլորտը վերականգնելու կարողությունը: Քաղաքական հակասություններ կարող են ունենալ անգամ մտերիմ ընկերները, հարեւանները, ազգականները. վստահ եմ, որ դա չպետք է ազդի մարդկային հարաբերությունների վրա»: