Միջազգային մամուլն անդրադարձել է մայիսի 12-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին: «Ասոշիեյթեդ պրեսը» «Հայաստանի վարչապետի կուսակցությունը ստացել է ամենաշատ քվեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ» վերնագրով հրապարակման մեջ նշել է, որ ԵԱՀԿ դիտորդների գնահատականով` նախընտրական քարոզչությունն ընթացել է դինամիկ եւ լուսաբանվել լայնորեն, քվեարկությունն ընթացել է հանգիստ` առանց լուրջ միջադեպերի, հաշվարկի ժամանակ միայն ծագել են որոշ ընթացակարգային խնդիրներ: «Ես քվեարկել եմ իշխանությունների օգտին, քանի որ այժմ ես տեսնում եմ առավել լավ կյանքի հնարավորությունը, որը նրանք կարող են ապահովել ինձ համար»,- գործակալությունը մեջբերել է 44-ամյա գիտնական Սարգիս Համբարձումյանի խոսքը:
«Herald tribune» անգլիական թերթի թղթակից Ս.Ջ. Չիվրզն իր հրապարակման մեջ նշում է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին, եւ դա լավագույն գնահատականն է, որ երկիրը ստացել է 1991թ. անկախացումից ի վեր: «Կոալիցիոն կառավարություն կազմած կուսակցությունները կրկին մեծամասնություն են ձեռք բերել 131 հոգանոց Ազգային ժողովում: Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` հաղթել է վարչապետ Սերժ Սարգսյանի կուսակցությունը, անձ, որը հաջորդ տարվա նախագահական ընտրությունների ամենագլխավոր հավակնորդն է»,- արձանագրում է լրագրողը: Ըստ թերթի հրապարակման` այն, որ ընդդիմադիր կուսակցությունները հանրային հավաքներ են անցկացրել առանց Ոստիկանության միջամտության եւ հնարավորություն են ունեցել անվճար եթերաժամի, վկայում է, որ թափանցիկ ու բաց քարոզչություն է իրականացվել, որը երբեմն արգելվել է հետխորհրդային այլ երկրներում: «Մենք ականատես եղանք Հայաստանի իշխանությունների լուրջ քայլերին այն հարցերի հարթման ուղղությամբ, որոնք ստվերել էին նախորդ ընտրությունները»,- մեջբերվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆրլեցի խոսքը Երեւանում կայացած ասուլիսից: «The New York Times»-ը գրում է, որ Ս. Սարգսյանը ողջունել է ընտրությունների արդյունքներն ու դիտորդների գնահատականները:
BBC-ն արձանագրում է, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժն ավելի քան 33 տոկոս ձայն է հավաքել` միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների միջոցով: Ընդդիմադիր միայն երկու` «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցություններն են հաղթահարել անհրաժեշտ շեմը` խորհրդարանում տեղ ունենալու համար: «Ռոյթերսը» գրում է, որ միջազգային դիտորդների գնահատականը կարելի է բնութագրել որպես «երբեւէ անցկացված լավագույն ընտրությունը»:
Լոնդոնի «The times»-ը «Փոքր երկիր, մեծ փորձություն» վերլուծականում գրում է, որ անբարեհաճ հարեւանների մեջ պարփակված Հայաստանը ժողովրդավարության հաստատման լավագույն օրինակ կարող է դիտվել: Իսկ գերմանական «Ֆրանկֆուրթեր ալգեմայնեն» արձանագրել է, որ հաղթանակն առավել ամրապնդել է ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանի դիրքերը երկրի ղեկավարի պաշտոնին հավակնելու հարցում: