PR տեխնոլոգիաների արդյունքները

15/05/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Եվ այսպես, իր տրամաբանական ավարտին հասավ 2007թ. ամենամեծ իրադարձություն համարվող խորհրդարանական ընտրությունների գործընթացը:

Արդեն իսկ հայտնի են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, եւ մենք կարող ենք մեզ թույլ տալ գնահատել` արդյոք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից ծավալած նախընտրական քարոզչությունը տվե՞ց իր արդյունքը: Մենք մեր հրապարակումներում բազմիցս անդրադարձել ենք քաղաքական ուժերի կողմից կիրառվող քարոզչական հնարքներին եւ փորձել ենք վերլուծել դրանց արդյունավետությունը:

Այս ամբողջ գործընթացի արդյունքում կարելի է փաստել այն, որ PR-տեխնոլոգիաները Հայաստանում տալիս են իրենց դրական արդյունքները: Սա է վկայում առաջին հերթին «Ժառանգություն» կուսակցության հաջողությունն այս ընտրություններում, եւ, միեւնույն ժամանակ, Միավորված աշխատանքային կուսակցության անհաջողությունը, որի «բիզնես-ծրագիրն» այս անգամ չաշխատեց:

«Ժառանգություն» կուսակցությունն ապացուցեց, որ Հայաստանում իրականացվող սոցիոլոգիական հետազոտությունները համապատասխանում են իրականությանը՝ ի հակառակ մեր շատ քաղաքական գործիչների, որոնք պնդում էին, որ այս հետազոտություններն անիրական են: «Ժառանգություն» կուսակցությունն իր քարոզչությունը կառուցել էր Րաֆֆի Հովհաննիսյանին հայ հասարակությանը հիշեցնելու մարտավարության վրա եւ դա, բնականաբար, տվեց իր դրական արդյունքը:

Այն, որ գրագետ քարոզչությունը տալիս է իր դրական արդյունքը, ցույց տվեց նաեւ ՀՅԴ ստացած վստահության քվեն: Իհարկե, մյուս իշխանական կուսակցությունները դժգոհեցին, որ ՀՅԴ-ն իրականացնում է ընդդիմադիր կուսակցությանը հարիր քարոզչություն, սակայն փաստն այն է, որ ՀՅԴ-ն կարողացավ ճիշտ ընկալել հասարակական պահանջը եւ իր քարոզչությամբ իր կողմը գրավեց ընդդիմադիր ընտրազանգվածի մի մասին: Նշենք նաեւ, որ ՀՅԴ-ն իր՝ սոցիալական ոլորտին վերաբերող ծրագրով կարողացավ բավականին հետաքրքիր խաղ ներդնել ամբողջ քարոզարշավում. այն է՝ բոլոր քաղաքական ուժերը քննարկում էին` ՀՅԴ ծրագիրը իրատեսակա՞ն է, թե՞ ոչ՝ դրանով անուղղակիորեն իրականացնելով ՀՅԴ քարոզչությունը:

Այս խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ապացուցեցին, որ միայն ծայրահեղ քննադատական քարոզչությունը չի կարող տալ դրական արդյունքներ: Եթե վերլուծում ենք «արմատական» երեք ընդդիմադիր ուժերի ստացած քվեները, ապա պարզ է դառնում, որ «Նոր Ժամանակներ» կուսակցությունը շահեկանորեն տարբերվում է «Հանրապետություն» կուսակցությունից եւ «Իմպիչմենտ» դաշինքից: Մեր կարծիքով, սա եւս պայմանավորված է նրանով, որ բացի սուր քննադատությունից, այս քաղաքական ուժի ներկայացուցիչը հանդես էր գալիս սեփական ծրագրերով:

Մեր նախորդ հրապարակումներում նշել էինք, որ կուսակցությունների կողմից իրենց կուսակցության անդամների քանակի ներկայացումն ունի զուտ քարոզչական բնույթ: Այս թեմային անդրադարձել են նաեւ հայաստանյան ԶԼՄ-ները՝ քննադատական տեսանկյունից: Ընտրությունների արդյունքները եկան ապացուցելու, որ այս տեխնոլոգիան Հայաստանի ընտրական գործընթացներում կորցրել է իր արդիականությունը եւ չի ազդում ընտրազանգվածի վրա: Եթե 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս տեխնոլոգիան տվեց իր դրական արդյունքը, եւ ՕԵԿ-ը կարողացավ իմիտացիա ստեղծել կուսակցության հզորության վերաբերյալ, ապա այս ընտրությունների արդյունքներն ապացուցեցին, որ հզոր է այն կուսակցությունը, որն ունի կառուցվածքային իրական ստորաբաժանումներ Հայաստանի ողջ տարածքում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա կարելի է ասել, որ այս քաղաքական ուժը եւս բավականին մեծ հաջողություն գրանցեց: Իհարկե, նրանց ստացած քվեները չեն համապատասխանում կուսակցության ներկայացուցիչների կողմից սպասվող ակնկալիքներին, սակայն փաստն այն է, որ գրագետ քարոզչությունը տվեց իր դրական արդյունքը, եւ, ի տարբերություն ՄԱԿ-ի, որը 2003թ. առաջին անգամ էր մասնակցում խորհրդարանական ընտրություններին եւ կարողացավ ընդամենը հաղթահարել 5 տոկոսը եւ ունենալ փոքր խմբակցություն ԱԺ-ում, ԲՀԿ-ն կարողացավ հասնել այնպիսի արդյունքի, որ 4-րդ գումարման ԱԺ-ում կունենա բավականին լուրջ խմբակցություն:

Ասում են՝ հաղթողներին չեն դատում: Այս արտահայտությունը, թերեւս, վերաբերում է ՀՀԿ-ին, որն այսօր ԱԺ-ում ունի բացարձակ մեծամասնություն եւ կարող է միայնակ կայացնել եւ իրականացնել քաղաքական որոշումներ: Իհարկե, շատերի կողմից կվերլուծվի եւ կքննարկվի, թե ՀՀԿ-ն ինչ ռեսուրսների հաշվին կարողացավ հասնել նման արդյունքի: Դրանց շարքում, իհարկե, կնշվի առաջին հերթին վարչական եւ ֆինանսական ռեսուրսը: Սակայն այն, որ այս նախընտրական քարոզչության ընթացքում ՀՀԿ-ն կազմակերպված եւ շատ նպատակային էր գործում, փաստ է: Նախ` ՀՀԿ նախընտրական կարգախոսն ամենագրավիչը եւ ամենահիշվողն էր, ինչը նշել են նույնիսկ ամենաընդդիմադիր քաղաքական գործիչները: Բացի դա, ՀՀԿ-ն այս քարոզարշավում օգտվել է զարգացած եվրոպական երկրների քաղաքական ուժերին բնորոշ բոլոր քարոզչական հնարքներից: Նշենք նաեւ, որ ՀՀԿ-ն մի քանի նորամուծություններ էր կիրառել, որոնք երբեւէ չէին օգտագործվել մեր քարոզարշավների ընթացքում: Դրանցից ամենահետաքրքիրը, թերեւս, վրանային քարոզչությունն էր: Այսինքն, նախընտրական ծրագիրը, բուկլետը եւ մնացած նյութերը տնետուն բաժանելու փոխարեն, քաղաքի բանուկ մասերում տեղադրված էին վրաններ, որտեղից եւ բաժանվում էին քարոզչական նյութերը:

Ամփոփելով այս թեման՝ ուղղակի կարելի է ասել, որ գնալով հայ իրականության մեջ արմատավորվում են քաղաքակիրթ ընտրապայքարին բնորոշ միջոցներն ու եղանակները: Մենք հույս ունենք, որ այս քարոզարշավը կարող է նախադեպ դառնալ մյուս բոլոր ընտրությունների քարոզարշավների կազմակերպման եւ անցկացման համար եւ Հայաստանին ապագայում սպասվող բոլոր ընտրությունների քարոզչությունը կիրականացվի այս ընտրությունների քարոզչությունից ավելի ու ավելի գրագետ եւ քաղաքակիրթ եղանակներով: