Գրետա տատիկն ամեն խոսքից հետո աչքերը լցնում է. հոգում շատ դառնություններ կան կուտակված: Ասում եմ` «Հանգիստ խոսեք, ինչո՞ւ եք հուզվում»: Կնճռոտ դեմքի մեջ թաքնված թաց աչքերը մեղմորեն փակելով՝ ասում է` «Ես լրիվ մենակ մնացի: Մենակությունից խելագարվում եմ, ես էլ ոչ մեկին պետք չեմ»:
Գրետա տատիկը Բաքվի փախստականներից է եւ վերջերս կորցրել է իր միակ հարազատին` ամուսնուն: 73-ամյա այս կինը, օգտագործելով ինչ-որ մեկի հետ շփվելու եզակի հնարավորությունը, ուզում է ամեն ինչ պատմել, սակայն շտապողականությունից` միայն լաց է լինում: «Բաքվի Մինգիչաուր քաղաքում մեզ բռնությունների ենթարկեցին: Գիշերը քնած էինք, առավոտյան արթնացանք, տեսնենք` տան վրա սեւ գույնով խաչ են քաշել, այսինքն` պլանավորել էին, որ լույսը բացվի` մեզ մորթեն: Թե ո՞նց ենք փախել` չեմ կարա բացատրեմ: 80 կիլոմետր ոտքով վազել ենք, էլ չկայինք»,- պատմում է Գրետա տատիկն, ում աղջիկն այդ օրն անհայտ կորել է, իսկ իրենք` ամուսիններով, մի քանի օրվա մեջ փախել են Ղարաբաղ: Ասում է, որ տասնյակ տարիներ աղջկա մասին տեղեկություն չեն ունեցել եւ միայն վերջերս են իմացել, որ նա Ռուսաստան է փախել: «Մի 3 տարի առաջ իմացանք, որ սաղ-սալամաթ ա, ամուսնացել, 2 երեխա ա ունեցել: Ի՜նչ ապրումներ ունեցանք էսքան տարի…»,- պատմում է Գրետա տատիկն ու նորից վերհիշելով իրենց հետ կատարված դաժան դեպքերը` ցավից լաց է լինում: Ասում է, որ ամուսինն այդ ծանր ապրումներին չկարողանալով այլեւս դիմակայել` անցյալ տարի ինֆարկտից մահացել է: «Շատ էր տանջվում, նստում միասին հիշում էինք, թե ինչերի միջով ենք անցել: Հետո էլ էս դժվար պայմանները, մեր էս սովն ու աղքատությունն էր սպանում խեղճ բիձուս: Էդքան բաների միջով անցկացրի, բայց չկարողացա վերջին տարիներին մարդավարի պահել»,- ասում է ծեր կինն ու պարբերաբար ամուսնու մահվան կապակցությամբ ինքն իրեն դատապարտող խոսքեր ասում: Չգիտես ինչու` իրեն մեղավոր է զգում ամուսնու մահվան համար: Ասում է` «Փախնելու ժամանակ գրադը թըխալ ար, ասկոլկեք կար մարմնի մեջ: 2 անգամ ինֆարկտ տարավ, բայց էլի ապրում էր, 2-3 տարի անկողնային պահում էի, բայց էլ չդիմացավ»: Գրետա տատիկը թախծոտ հայացքով նայում է ամուսնու դատարկ մահճակալին ու հոնգուր-հոնգուր լաց լինում. «Նեղվում եմ, շատ եմ նեղվում: Գիշերը մենակությունից վախենում եմ: Ինձ թվում ա` հես ա՝ թուրքը դուռս կջարդի ու ինձ կմորթի: Մի թխկոց որ լսում եմ` ծնկներս թուլանում ա վախից»: Գրետա տատիկն ապրում է Էրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի հանրակացարանում: Նրա` խուց հիշեցնող սենյակում ամեն ինչ շատ կոկիկ ու խնամքով է դասավորված: 73-ամյա այս տատիկն օգտվում է հանրակացարանի ընդհանուր զուգարանից եւ խոհանոցից: Նյարդայնացած պահարանի միջից դուրս է բերում 50.000 դրամ ջրի համար իրեն տրված կտրոնն ու զայրացած ասում. «Ախր մեր ջուրն ընդհանուր ա, ես 7 ամիս ա ջուր չեմ տեսել, դույլերով, մեջքս կոտրելով ներքեւից կրում եմ: Ասում են` պիտի մուծես, բայց ինձ որտեղի՞ց էդքան փող, ես ո՞նց մուծեմ»: Հանրակացարանի յուրաքանչյուր բնակիչ ընդհանուրի համար նախատեսված ջրից օգտվելու համար պարտավոր է ամսական 1500 դրամ վճարել, եւ քանի որ Գրետա տատիկն իր նախորդ մուծումները չի կատարել, հետեւաբար 50.000 դրամ պարտք է գոյացել: Ասում է` «Ամուսինս մահացած է, բայց նրա 1500 դրամն էլ են գրում ու հաշվում պարտք: Ես հիմա 2 հոգու համար 3000 դրամ պիտի մուծեմ, որովհետեւ իրենն էլ են դեռ հաշվում: Հանել, մահվան թուղթը ցույց եմ տալիս, բայց հաշվի չեն առնում»: Գրետա տատիկի նյարդերը շատ լարված են, նա ամեն փոքրիկ բանից հուզվում-լաց է լինում: Նա ապրում է 12.000 դրամ թոշակի հույսին: Ասում է` «Ինչի՞, ես սե՞նց եմ ապրել: Ինժեներ-էկոնոմիստ եմ ես եղել, ավագ ինժեներ-տեխնոլոգ էլ ամուսինս է եղել, 5 ինժեներ է ձեռքի տակ կառավարել: 300 հոգու նարյադ եմ պահել ես, շատ լավ ենք եղել, լավ ենք ապրել: Էնտեղից ոչ մի բան չենք կարողացել տեղափոխել»: Գրետա տատիկն ասում է, որ, երբ մահն աչքիդ առաջ է` ուրիշ ոչ մի բանի մասին չես մտածում, պարզապես ուզում ես փախչել: «Ուղեղիդ մեջի վերքերը չես կարա ջնջես: Հիմա, երբ լրիվ մենակ եմ` ամբողջ օրը ես ոնց որ ետ գնամ էդ ժամանակները: Հետո լսում էինք, որ էս մեկի աչքը թափել են, մյուսը մեռել ա, էն մեկն էլ անհայտ կորել ա: Էդ ամբողջը կինոյի նման ա, որն անընդհատ նայում ես ու տառապում»,- ասում է Գրետա տատիկն, ով վախից շաքարախտով հիվանդացել է, իսկ բժշկի նշանակած դիետիկ սնունդը նրա ստացած թոշակի համեմատ առնվազն ճոխություն է: «Մյուս կողմից էլ՝ ճնշումս ա, գլխիս միջից թշշոցը դուրս չի գալիս: Բժշկի նշանակած դեղորայքը թանկ ա, ամեն մեկը 2000-3000 դրամանոց դեղեր են, չեմ կարողանում առնեմ, ասում եմ` ինչ լինելու ա` թող լինի»,- ասում է Գրետա տատն ու անսպասելի փոխում թեման. «Է՜հ, աղջիկ ջան, արի քեզնից խոսանք: Իմ պատմությունները տխուր են»: