Որտե՞ղ է մարդու իրավունքների պաշտպանը

15/05/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց էին կազմակերպել օրերս Ներքին գործերի նախարարությունում մահացած Լեւոն Ղուլյանի հարազատները:

Մահացածի կնոջ` Ջեմմա Ղուլյանի` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում ասվում է, որ «մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը, ժամը 3-ին Շենգավիթի շրջանի Ներքին գործերի բաժնի աշխատակիցներն ամուսնուն` Լեւոն Ղուլյանին, ծնված 1976թ.-ին, բերման են ենթարկել` ոմն Ստեփան Վարդանյանի սպանության հետ կապված վկայություն տալու համար: Այնտեղ նրան պահել են մինչեւ մայիսի 10-ի գիշերը, որից հետո բաց են թողել` առավոտյան ներկայանալու պայմանով, եւ այս քննությունը տեւել է երկու օր: Մայիսի 12-ին վկայություն տալու պատրվակով Շենգավիթի ՆԳ բաժին հրավիրված Լ. Ղուլյանին ՆԳ համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող ոմն Թամամյան իր մեքենայով տեղափոխել է ՆԳ Քրեական հետախուզության վարչություն»: Նույն օրն էլ հարազատները տեղեկացել են, որ Լեւոնը փորձել է փախուստի դիմել եւ վախճանվել է:

Իսկ ահա ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, աշխատասենյակներից մեկում հարցազրույցի ընթացքում Լ. Ղուլյանն աշխատակցից ջուր է խնդրել եւ, օգտվելով վերջինիս բացակայությունից` փորձել է պատուհանից դիմել փախուստի, սակայն սայթաքելով` վայր է ընկել 2-րդ հարկից: Նա ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Ջեմմա Ղուլյանի ներկայացմամբ՝ Շենգավիթ համայնքում իր ամուսնուն` Լեւոն Ղուլյանին է պատկանում «Պանդոկ» ռեստորանը, որի դիմաց էլ գտնվում է Ստեփան Վարդանյանի սաունան: Մայիսի 9-ին ինչ-որ անձինք վեճի են բռնվել Ստեփան Վարդանյանի հետ, որի ընթացքում մեծ բազմություն է հավաքվել: Վեճի ընթացքում երկուստեք հայհոյանքներ են հնչել, եւ Լեւոն Ղուլյանը կռվարարներին ընդամենը խնդրել է չանհանգստացնել իր ռեստորանի այցելուներին: Սաունայի տիրոջ` Ստեփան Վարդանյանի եւ անհայտ անձանց միջեւ վեճն ավարտվել է նրանով, որ Ստեփան Վարդանյանը մահացել է հրազենային կրակոցից: Շենգավիթի ՆԳ բաժինն առանց ծանուցագրի եւ համաձայն ընդունված ընթացակարգերի՝ Լեւոն Ղուլյանին կանչել է վկայություն տալու, եւ հարցաքննելուց հետո բաց են թողել: Լ Ղուլյանը ոստիկաններին ասել է, որ ճանաչել է ընդամենը Ստեփան Վարդանյանին եւ իր ընկերոջը, քանի որ միեւնույն շենքում են բնակվում, եւ վեճի մեջ քաշվածներից ուրիշ անձանց չի ճանաչել: Երկրորդ անգամ Լեւոնը քննվել է տարբեր մարմինների կողմից, սակայն նոր վկայություն չի եղել, եւ նա ազատ է արձակվել: Երրորդ օրը Շենգավիթից Լեւոնին տեղափոխել են Քրեական հետախուզության վարչություն, եւ այս գործով սկսել է զբաղվել վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը: Հովիկ Թամամյանը գործով զբաղվելու համար իր դրդապատճառներն ուներ: Հրազենային կրակոցից մահացած Ստեփան Վարդանյանն իր ընկերոջ որդին էր, եւ փորձել է դեպքի մանրամասների կապակցությամբ բռնությամբ վկայություն ստանալ Լեւոն Ղուլյանից: Լ. Ղուլյանի քեռի Հովհաննես Փափազյանն ասում է, որ Քրեական հետախուզության վարչությունում Լեւոնին ուղարկած սնունդը եւ ծխախոտի տուփերը տեղ չեն հասել: Լեւոնի հետ հանդիպման ժամանակ նկատել է, որ ծխախոտը ուրիշ է, եւ իր հարցին` քեզ մեր ուղարկած ծխախոտը չե՞ն տվել, ասել է` ոչ: «Շենգավիթի ՆԳ բաժնում Լեւոնին երկու օր ջուր չեն տվել: Այդ ինչպե՞ս եղավ, որ Քրեական հետախուզության վարչությունում գնացին Լեւոնի համար ջուր բերելու, եւ վերջինս էլ օգտվելով հանգամանքից՝ դիմել է փախուստի եւ պատուհանից վայր ընկնելով` մահացել: Նրան հարցաքննելուց հետո բաց են թողել, նա կարող էր փախչել եւ երկրորդ, երրորդ անգամ չգնալ հարցաքննության: Հարցաքննվել են նաեւ «Պանդոկ» ռեստորանի մատուցողուհին եւ խոհարարը: Վերջինս նույնպես ենթարկվել է բռնությունների: Քննության հրավիրվածներին անընդհատ ահաբեկել են Հովիկ Թամամյանի անունով: Ավելին, եթե Լեւոնը վայր է ընկել պատուհանից, ինչո՞ւ է Ոստիկանությունը դիակը տարել անատոմիկ` անգամ չասելով անձի ինքնությունը: Ամատոմիկում ոչ ոք չգիտեր` ո՞վ է մահացածը: Ասացին` ոստիկաններն են բերել-թողել ու փախել: Դիակի վրա առկա էին տարբեր մարմնական վնասվածքներ, որը քիչ հավանական է 2-րդ հարկից ընկնելու դեպքում: Այդ տղան իրեն չի գցել պատուհանից, նա երկու անչափահաս երեխա ունի, ընտանիք ու աշխատանք ունի: Հիմա գիժն անգամ իրեն պատուհանից չի գցում, նրան գցել են: Ո՞վ չգիտի Հովիկ Թամամյանին, նա «մարդակեր» է»,- ասում է Հովհաննես Փափազյանը: Դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն տվել հարազատներին, ասելով, որ վերջնական եզրակացության համար ժամանակ է անհրաժեշտ: Լեւոն Ղուլյանի՝ անհասկանալի պայմաններում մահվան պատճառների բացահայտման ակնկալիքով էլ հարազատները նամակ էին պատրաստել՝ ուղղված ՀՀ բոլոր իրավասու մարմիններին: Արդեն երկրորդ օրն է, Լ. Ղուլյանի հարազատներն իրենց բողոքի ցույցերի ու ասուլիսների լուսաբանման համար ապավինում են ԶԼՄ-ներին՝ խնդրելով իրենց մենակ չթողնել: