ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի հայտնի կարծր բնութագրումներն, ըստ էության, ուղղված Հայաստանի եւ ԼՂ-ի ղեկավարներին, թեպետ, կարծես թե, այժմ մոռացության են մատնված, սակայն, ԱՄՆ դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, տիկին Ջոնսի հայտարարությունը միայն սկիզբ դրեց ԱՄՆ տարբեր կառույցների եւ բարձրաստիճան պաշտոնյաների` ՀՀ ղեկավարությանն ուղղված կոշտ մեղադրանքներին։ Նույն աղբյուրի համաձայն, գրեթե չի անցնում մի օր, որ ամերիկացիները որեւէ տհաճ անակնկալ չմատուցեն Հայաստանի ղեկավարությանը, լինի դա որեւէ պաշտոնական հայտարարություն, թե` իբր պատահական լրատվական արտահոսք։ Եվ ահա, ըստ ամերիկյան աղբյուրների, սպասվում է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ Պետքարտուղարության խողովակներով ՀՀ ղեկավարությանը կհանձնվի Հայաստանի ամենից կոռումպացված եւ կրիմինալի հետ կապված հայաստանյան իշխանավորների եւ, այսպես կոչված, օլիգարխների ցուցակը։ Նշվում է, որ այդ «սեւ ցուցակում» 18 ազգանուն կա։ Սպասվում է նաեւ, որ ամերիկացիները չեն սահմանափակվելու զուտ դիվանագիտական խողովակներով այդ տեղեկությունը ՀՀ ղեկավարությանը տրամադրելով։ Հավանաբար կկազմակերպվի նաեւ տեղեկատվական արտահոսք ԶԼՄ-ների միջոցով` թե՛ արտասահմանյան, եւ թե՛ հայաստանյան։