«Եվրատեսիլ-2007»-ը, որին Հայաստանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում ու ջանք չի խնայում արժանի ելույթ ունենալու ու մեր մասնակցությունը պրոպագանդելու համար, այս տարի ողջունեց իր հաղթողին` 23-ամյա սերբ երգչուհի Մարիա Շերիֆովիչին, ում «Աղոթք» երգը լավագույնը ճանաչվեց 42 երկրների մասնակիցների շարքում:
Հայ երգիչ Հայկոն ութերորդն էր, անցյալ տարի ութերորդն էր նաեւ երգիչ Անդրեն: Ամեն ինչ շատ տրամաբանական ու նորմալ էր, քանի որ «Եվրատեսիլը» դանդաղորեն դադարում է երգի մրցույթ համարվել եւ նմանվում է քաղաքական համակրանքների ու քաղաքական սատարման պատկերի: Գուցե այդ պատճառով էլ «Եվրատեսիլը» նայելն այդքան էլ հետաքրքիր չէ, հետաքրքիրը քվեարկությանը հետեւելն է: Քվեարկող երկրները չեն թաքցնում, որ առաջնահերթությունը տալիս են քաղաքական նկատառումների ու միշտ կողմ են քվեարկում հարեւան կամ բարեկամական երկրների ներկայացուցիչների օգտին: Ըստ ավանդույթի` սլավոնական երկրներն իրենց ձայները տալիս են հենց սլավոնական երկրներին, սկանդինավյան երկրները` իրենց հարեւաններին, իսկ ավելի հեռահար նպատակներ ունեցող երկրները բարդ քաղաքական խճանկար են ստեղծում` ի ցույց դնելով իրենց «անկողմնապահ» վերաբերմունքը: Օրինակ, Էստոնիան, որը լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, փորձում է իրենց հողից ջնջել ռուսական ներկայության բոլոր հետքերն ու քանդում է ռուսական հուշարձանները, ամենաբարձր միավորները տալիս է հենց Ռուսաստանին` կարծես ասելով` տեսա՛ք, ինչ անաչառ ենք: Իսկ Թուրքիան, որն ուզում է ապացուցել իր հանդուրժողականությունը, ամենաբարձրը գնահատում է Հայաստանի ելույթը: Թուրքիան անցյալ տարի էլ էր մեզ բարձր գնահատել, եւ եթե մի քանի տարի շարունակ նույն կերպ վարվի, աշխարհը կտեսնի, որ Թուրքիան Հայաստանի հետ կիսելու բան չունի եւ միայն ուրախ կլինի, երբ հաղթի Հայաստանը: Իսկ մենք, այսինքն՝ պաշտոնական Հայաստանը, ավանդույթի համաձայն, միշտ քվեարկում ենք Ռուսաստանի ու Բելառուսի օգտին, քարկոծում Թուրքիայի ներկայացուցչին եւ բացառում ենք, ասենք, Ուկրաինայի կամ Վրաստանի սատարումը: Ինչպես երաժշտական, այնպես էլ քաղաքական առումներով: Երգիչն ու երգն այստեղ ոչ մի նշանակություն չունեն, քանի որ խաղի օրենքների համաձայն` պետք է քվեարկել քաղաքական նկատառումներից ելնելով: Բացառությունը տեղի ունեցավ անցյալ տարի, երբ հաղթեց սարսափազդու ռոքային «Լորդի» ֆիննական խումբը, որը ձայներ հավաքեց իր օրիգինալության շնորհիվ: Այս տարվա հաղթող սերբուհին էլ էր շատ օրիգինալ, նա իսպառ բացառել էր իր արտաքինից սեքսապիլ տարրերն ու ելույթ էր ունենում սեւ գրասենյակային զգեստով: Սերբիան առաջին անգամ էլ էր Չեռնոգորիայից անջատ մասնակցում մրցույթին եւ աչքի ընկավ հուզիչ վոկալով ու տպավորիչ կատարմամբ: Սերբերեն կատարած «Աղոթք» կոչվող երգում աղոթք չկար, այնտեղ երգվում էր «շուրթերի վրա այրվող համբույրի ու դատարկ անկողնու մասին»: Ընդ որում` սերբուհու հաղթանակը բնավ էլ չի ոգեշնչել Կոսովոյի ալբանացիներին, որոնք հայտարարել են, որ «ավելի վատ երգ իրենց կյանքում երբեք չեն լսել»: Քաղաքականության արձագանքներն այստեղ էլ են հասնում, իսկ հաշվի առնելով այն փաստը, որ հիմա որոշվում է Կոսովոյի անկախացման խնդիրը, կարելի է ենթադրել, որ արձագանքները դեռ շարունակվելու են:
Երկրորդ տեղում հայտնվեց ուկրաինացի Անդրեյ Դանիլկոն, ով ելույթ ունեցավ բորտուղեկցուհի Վերկա Սերդյուչկայի կերպարով (նրա գլխին ութ կիլոգրամանոց աստղ էր փայլփլում) ու կատարեց «Russia, good-bye» կամ ինչպես հետո պարզվեց` «Լաշա տումբայ» (մոնղոլերեն նշանակում է՝ «կարագից սերուցք սարքել») պարզ ու ծիծաղելի երգը: Սերդյուչկան շատ մոտ էր հաղթանակին, սակայն հաղթեց ոչ թե աղջկա զգեստ հագած տղան, այլ` տղայի արտաքին ունեցող աղջիկը` սերբուհին: Իսկ մեր Հայկոն շատ լավ ելույթ ունեցավ, նա ոչնչով չէր զիջում մյուսներին: Պարզապես, նրա կատարած քնարական բալլադն ութերորդ տեղից ավելի բարձր գնահատվել չէր կարող, քանի որ քաղաքական քարտեզում մենք այդքան էլ շատ բարեկամներ չունենք: Մեր աշխարհագրական բարեկամները մնում են Վրաստանն ու Թուրքիան, որոնք մեզ առավելագույն` 12 միավոր էին տվել: Մեզ վատ չեն վերաբերվում նաեւ 10 միավոր շնորհած Ֆրանսիան, Նիդեռլանդները, Ռուսաստանը, Չեխիան ու Լեհաստանը:
Հարցումները ցույց են տվել, որ «Եվրատեսիլի» հիմնական քվեարկող զանգվածը տնային տնտեսուհիներն են: Անցյալ տարի նրանք քվեարկեցին դիմակավոր հրեշների օգտին, իսկ այս տարի ձայները տվեցին սերբական ոգին գովերգող «երկաթե» աղջկան: Հաշվի առնելով այդ տենդենցները, կարելի է ենթադրել, որ մենք պետք է մրցույթի ուղարկենք ոչ թե երիտասարդ ու գեղեցիկ տղաների, այլ հայկական խիզախ ու անկոտրում ոգու խորհրդանիշը կրողին: Ասենք՝ Ինգա եւ Անուշ Արշակյաններին՝ իրենց խրոխտ կատարումներով: