Երեկ կեսօրին Կոտայքի մարզի Բալահովիտից դեպի Աբովյան տանող ճանապարհը խայտառակ վիճակում էր: Ժամը 15:00-ի սահմաններում անձրեւաջրերի հեղեղն ամբողջությամբ փակել էր ճանապարհի երթեւեկելի մասը, մարդիկ շփոթահար վիճակում էին: Հետիոտնը ստիպված միմյանց հեծանիվներ փոխանցելով էր տեղափոխվում անձրեւաջրերից գետ դարձած «մի ափից մյուսը»: Երեխաներն այդ ճանապարհը կտրելու համար ամբողջ մարմնով «խրվում» էին ջրի մեջ, իսկ տարածքում գտնվող տների դռները, հավանաբար, հնարավոր չէր բացել, քանի որ ջրի հոսքը կներխուժեր ներս: Սա, անշուշտ, բնության քմահաճույքն է, սակայն զարմանալին այն է, որ «դրախտի» համբավ ձեռք բերած Կոտայքի մարզի բնակիչները հայտնվել էին անօգնական վիճակում: Ճիշտն ասած, Աբովյանի այդ հատվածը հեռավոր, խուլ ու չբնակեցված գյուղ էր հիշեցնում: