«Առաջիկա ընտրություններում հնարավոր խախտումները մեծ հարված կլինեն Հայաստանի հեղինակությանը, հայ ժողովրդի հեղինակությանը, քաղաքական ուժերի հեղինակությանը»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը Ստրասբուրգում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Հավատն ավելի խորքային առումով կարող է կորսվել Հայաստանի նկատմամբ` այս անգամ արձագանքն արդեն միայն բարոյական չի լինելու: Ընտրությանը նախորդող շրջանը դրականորեն է տարբերվել նախորդ ընտրություններից: Բոլորը միանշանակ շեշտում են, որ իսկապես ափսոս կլինի, եթե այդ դրական շրջանից հետո մենք գնանք այնպիսի խախտումների, որոնք կջնջեն այս բոլորը եւ ընդհանրապես բացասական հետեւանքներ կունենան մեր հեղինակության համար»,- ասել է արտգործնախարարը: «Երեւի չափազանցություն չի լինի ասել, որ եվրոպական երկրների ուշադրությունը սեւեռված է մեր ընտրությունների վրա: Բոլորն ակնկալում են, որ մենք կանցկացնենք ազատ եւ արդար ընտրություններ, որոնք անհամեմատ ավելի լավը կլինեն նախորդ ընտրություններից: Ես գիտեմ, թե ինչպիսին են ակնկալիքները Եվրոպայում: Մեր հետագա հեռանկարն է կախված այս ընտրություններից»,- ասաց Օսկանյանը: Վերջինս նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են հայաստանյան ընտրություններից հետո աշխուժացնել իրենց աշխատանքը: «Նրանք ուզում են գալ տարածաշրջան մինչեւ ԵԱՀԿ-ում նախագահող Իսպանիայի արտգործնախարարի այցելությունը, միգուցե նաեւ` դրանից հետո: Այս բոլորը միտված է լինելու նախագահների հնարավոր հանդիպումը նախապատրաստելուն: Նախագահների հանդիպումը կախված է լինելու նրանից, թե բովանդակային առումով ինչպիսի առաջընթաց ենք կարողանալու արձանագրել»,- ասել է Օսկանյանը: