Ահեղ դատաստանի օրը

13/05/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Պետք չէ միանգամից այս վերնագրի մեջ քաղաքական ենթատեքստ գտնել ու ենթադրություններ անել՝ թե ում համար է այսօր դատաստանի օր։ Առավել եւս, որ ամեն անզգույշ խոսք կարող է դիտվել իբրեւ քարոզչություն կամ հակաքարոզչություն։

Մայիսի 12-ը (եւ ընդհանրապես, ՀՀ նորագույն պատմության գրեթե բոլոր ընտրությունների եւ հանրաքվեի օրերը) ահեղ դատաստանի օրվա հետ ունի մեկ ընդհանուր բան. մահացածները հարություն են առնում։ Սակայն ահեղ դատաստան տեղի չի ունենում՝ պարզապես գնում են ընտրատեղամաս, կատարում իրենց քաղաքացիական պարտքը եւ վերադառնում այնտեղ, որտեղից եկել են։ Շփվում են միայն ընտրական հանձնաժողովի անդամների հետ, եւ անգամ հարազատներին էլ չեն գնում տեսնելու։

Դժվար է ասել, այս տարի քանի՞ հանգուցյալ կգնա քվեարկելու։ Սակայն, ըստ պաշտոնական տվյալների, դրանց թիվը կլինի 9607-ով պակաս, քան, եթե ընտրություններն անցկացվեին ապրիլի սկզբին։ ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանի խոսքերով, ցուցակների ճշգրտման արդյունքում դրանցից հանվել են հենց այդքան թվով մահացածներ։

Եվ այսպես, ընտրողների վերջնական, ճշգրտված թիվը 2 միլիոն 285 հազար 830 է։ Շատ չի տարբերվում ԱԺ 2003թ. ընտրություններից. այն ժամանակ ընտրողների թիվը կազմում էր 2 միլիոն 340 հազար 744 հոգի։

Երկրորդ գումարման ԱԺ ընտրությունների ժամանակ (1999թ.) ընտրացուցակներում ընդգրկված էին ավելի քիչ թվով՝ 2 միլիոն 198 հազար 544 քաղաքացիներ։ Տարբերությունը՝ ավելի քան 140 հազար, թերեւս պետք է բացատրել 2001թ. անցկացված մարդահամարով։ Ի դեպ, նշենք նաեւ, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2007թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 միլիոն 222 հազար 900 մարդ։

Մարդկանց, իհարկե, հետաքրքրում է, թե ընտրողների քանի՞ տոկոսը կմասնակցի ընտրությանը։ Քանի որ գուշակություններ անելն անշնորհակալ գործ է, ավելի լավ է աղյուսակի ձեւով ներկայացնենք խորհրդարանական եւ նախագահական նախորդ ընտրությունների պաշտոնական թվերը (աղբյուրը՝ ՀՀ ԿԸՀ կայքէջ, տես՝ աղյուսակը)։

2005թ. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հարկ համարեցինք այս ցուցակից դուրս, առանձին ներկայացնել, որովհետեւ դա, ինչպես ասում են, ուրիշ կինո է։ Ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ համապետական բնույթի ընտրական գործընթացների ժամանակ ընտրողների ակտիվությունն առավել մեծ է նախագահական ընտրություններին։ Դրան հաջորդում են խորհրդարանական ընտրությունները, հետո՝ հանրաքվեները։ Սակայն 2005թ. նոյեմբերի 27-ն «ապացուցեց», որ բացարձակ ճշմարտություններ չկան։ 2 միլիոն 317 հազար 462 ընտրողներից հանրաքվեին «մասնակցեցին» 1 միլիոն 514 հազար 545-ը։ Դա կազմում է ընտրության իրավունք ունեցողների 65.3%-ը։ Այսինքն, քաղաքացիները հանրաքվեի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն ունեին, քան 2003թ. նախագահական ընտրությունների առաջին փուլի։ Եվս մեկ բարի հիշողություն. հանրաքվեին մասնակցած 1 514 545 հազար քաղաքացիներից 1 411 711-ը, կամ 93.2%-ը «այո» էին ասել փոփոխություններին։

Ինչեւէ, դժվար է ասել՝ այս անգամ մասնակցության ինչ տոկոս կլինի։ Դա մոտավորապես կարող է ասել եւ ասում է միայն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Հիշեցնենք, որ նրա անցկացրած հարցումների համաձայն, ընտրություններին մասնակցելու է 56%-ը։ Դա նշանակում է, որ ընտրություններին կմասնակցի մոտ 1 միլիոն 280 հազար հոգի։

Իհարկե, պրն Ադիբեկյանի հարցումներին ամեն ոք յուրովի է վերաբերվում։ Ավելորդ հույզեր չարթնացնելու եւ քարոզչություն կամ հակաքարոզչություն անելու մեղադրանքների չարժանանալու համար չենք անդրադառնա պրն Ադիբեկյանի մյուս կանխատեսումներին՝ ըստ առանձին քաղաքական ուժերի։

Փոխարենը, եթե թվերի հետ սեր ունեք, կարող եք հետաքրքիր հաշվարկներ անել։ Օրինակ, կարելի է գումարել ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների անդամների թիվը (ըստ իրենց սեփական տվյալների) եւ մայիսի 13-ին համեմատել ընտրություններին մասնակցած մարդկանց թվի հետ։ Հավատացնում ենք, շատ հետաքրքիր բան կստացվի։ Թեեւ այս խնդիրը բարդություններ ունի. կարող է պարզվել, որ ստացվում է՝ ՀՀ բնակչությունից 2 անգամ մեծ թվով կուսակցականներ։

Կարող եք անգամ ընկերական շրջանակում խաղարկության պես մի բան անցկացնել՝ թղթի վրա գրել, թե ձեր կարծիքով՝ որ կուսակցությունը որքան ձայն կհավաքի, դնել որոշակի գումար, եւ վերջում, երբ ԿԸՀ-ն կհրապարակի արդյունքները, մրցանակային ֆոնդը հանձնել ամենաճիշտ գուշակած մասնակցին։

Ամեն դեպքում, եթե ընտրություններից հետո պարզվի, որ դրանց արդյունքները շա՜տ հեռու են ձեր կանխատեսումներից, եւ կորցնեք ձեր գումարը, ոչ մի դեպքում պետք չէ կասկածել ձեր վերլուծական ունակությունների վրա։ Պարզապես հաջորդ անգամ հիշեք խաղարկության ոսկե կանոնը՝ պետք է գուշակել ոչ թե ով որքան ձայն կհավաքի, այլ՝ ինչ թվեր կհրապարակի ԿԸՀ-ն։

Այնպես որ, առաջնորդվեք առանց ավելորդ զգացմունքայնության։