Ի պատասխան ոստիկանության հայտարարության

13/05/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ոստիկանությունը մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչ է ճանաչում Նիկոլ Փաշինյանին, երեկ հրավիրված ասուլիսումԱրամ Կարապետյանը եւ Արամ Զ. Սարգսյանը հայտարարեցին. «Մենք բոլորս էլ կազմակերպիչ ենք: Մեկ կազմակերպիչ՝ գումարած մեկ կազմակերպիչ՝ գումարած մեկ կազմակերպիչ, եւ այդպես շարունակ»: Ըստ Ա. Կարապետյանի, մայիսի 9-ին ԱԱԾ շենքի մոտ իշխանությունների կազմակերպած օպերացիան հետեւյալն էր. «Դա «կոլցո» օպերացիա էր, որն իր մեջ ներառում էր երեք մաս: «Ալֆան» էլ էր եկել, բայց չխառնվեց: Ես ինքս եմ տեսել, երբ ղեկավարը մոտեցավ ոստիկաններին, զրուցեց եւ հեռացավ: Նպատակն էր՝ կոտրել ժողովրդի մեջքը եւ հետո «02»-ով ցույց տալ: Մեր ղեկավարները զոնայի տրամաբանություն ունեն: Զոնայում, երբ բունտ է լինում եւ որոշում են ջարդել, լույսերն անպայման անջատում են»: Ա. Կարապետյանը, Արամ Զ. Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը երեկ նշեցին, որ մայիսի 9-ին երթի ընթացքում իրենց շարքերում սադրիչներ են եղել: «Հարբած կողքներս կանգնած գոռում էին, թե՝ լիդերները փախան: Հարցնում ես՝ տղա ջան, կողքդ եմ, ո՞ւր փախա»,- նշեց Ա. Կարապետյանը: Շնորհակալություն հայտնելով այն շարքային ոստիկաններին, որոնք մայիսի 9-ին իսկապես կարգ ու կանոն էին պաշտպանում, Կարապետյանն ասաց. «Դուք պետք է նայեիք ոստիկանների դեմքներին, երբ Նիկոլ Փաշինյանն իր կոչերն էր բղավում»: Ա. Սարգսյանն էլ հավելեց, որ ոստիկանների մեջ կային բազմաթիվ նորմալ մարդիկ. «Պետք է նշեմ, որ լիդերների նկատմամբ Ոստիկանության բարձրաստիճան չինովնիկները եղել են շատ կիրթ եւ միայն անուն-ազգանունով էին խոսում: Դա է իրականությունը»: «Իրավապահ կոչվող մարմինները բացարձակապես չեն տիրապետում այն դաշտին, որտեղ գործում են: Մենք բոլորս պետք է հասկանանք, թե մայիսի 9-ին ՀՀ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ի՞նչ օրենքի հիման վրա էին գործել եւ ի՞նչ էին ուզում ասել: Այն մարդիկ, ովքեր այդ օրը հրաման են տվել Ոստիկանությանը համապատասխան գործողություններ ձեռնարկելու՝ նրանք հանցագործություն են կատարել, եւ այդ հանցագործության անունն է՝ պաշտոնական դիրքը ի չարը գործադրել»,- ի պատասխան մայիսի 9-ի դեպքերի ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության՝ ասաց «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Ն. Փաշինյանը: Մեջբերելով «Երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, Ն. Փաշինյանը նկատեց. «Ոստիկանության ներկայացուցիչը կարող էր միայն դադարեցնել երթը, եթե այն անօրինական էր: Նա մինչեւ հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցումը պարտավոր է ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով մասնակիցներին տեղեկացնել միջոցառման դադարեցման մասին՝ սահմանելով ողջամիտ ժամկետ: Ոստիկանությունը միջոցառման կազմակերպիչներին նաեւ պարտավոր էր տեղյակ պահել, որ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ ինքն ունի վերապահումներ: Որեւէ ոստիկան մեզ չի ասել, որ մենք պրետենզիաներ ունենք կատարվողի նկատմամբ: Մենք երթ ենք անում, եւ մեր առաջ հայտնվում են ինչ-որ ոստիկանական կասկաներով, վահաններով ջոկատներ: Այն, ինչ արել է եւ անում է Ոստիկանությունը՝ ապօրինի է»: Հանրահավաքի մասնակիցներին ուղղված Ոստիկանության այն մեղադրանքը, թե նրանք սադրիչ կոչեր էին արել հանրահավաքի ժամանակ՝ Փաշինյանը համարում է սադրիչ հայտարարություն: «Ի՞նչ է պատահել, աշխարհի բոլոր երկրներում նման ցույցեր են լինում, ցուցարարները բախվում են Ոստիկանության հետ: Ի՞նչ է պատահել»,- նշեց Ա. Կարապետյանը: Բանախոսները վստահեցրին, որ բոլոր ոստիկանները գիտեն, որ ժողովուրդն այնքան զայրացած էր, որ հրահանգի էր սպասում: «Եթե մենք ուզենայինք գնալ այլ գործողությունների, ընդամենը պետք էր մի անգամ այլ բառ վանկարկել, եւ ամեն ինչ շատ արագ կվերջանար: Այնպես որ, իշխանամետ խցիկների առաջ աքլորանալն այնքան էլ լավ բան չէ: Եթե իրենց բառապաշարով ասած՝ իրենք այդքան աքլոր էին, թող այդ օրն իրենց համապատասխան պահեին: Իրենք չեն ուզում արձանագրել, որ մայիսի 9-ին ձերբակալվածներն ազատ են արձակվել ժողովրդի պահանջով»,- ասաց Ն. Փաշինյանը: Հետեւելով Ընտրական օրենսգրքին, բանախոսները զերծ մնացին քարոզչությունից: Մայիսի 9-ի ցույցի կազմակերպիչները երեկ տարածել էին հայտարարություն, որում ասվում էր, որ «Ոստիկանության 6-րդ վարչության հատուկ ջոկատայինները եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հարձակվելով խաղաղ երթի մասնակիցների վրա, խափանեցին երթը ավարտելուն ուղղված՝ կազմակերպիչների գործողությունները եւ ձեռնարկեցին ապօրինի, օրենքով չթույլատրվող գործողություններ»: Հայտարարության հեղինակները փաստում են, որ ցուցարարների դեմ օգտագործվել է շնչառական ուղիների եւ գիտակցության վրա ներազդող թունավոր գազ, բռնի ուժ: «Ահաբեկելու նպատակով ոստիկանական մեքենաներն արագությամբ քշեցին ժողովրդի վրա, եւ միայն պատահականության շնորհիվ էր, որ տուժածներ չկան: Ձերբակալեցին պատգամավորության թեկնածու Դավիթ Մաթեւոսյանին եւ երթի մասնակից մոտ 10 անձերի: Մարմնական վնասվածքներ պատճառեցին բազմաթիվ անձանց, հրահրված բախման հետեւանքով տուժեցին նաեւ մի քանի ոստիկաններ: Ոստիկանության եւ ԱԱԾ հատուկ ջոկատայինները հարձակում գործեցին լրագրողների վրա՝ խոչընդոտելով նրանց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը, փորձեցին նրանցից խլել տեսագրող, ձայնագրող եւ լուսանկարող սարքերը»,- փաստում են հայտարարության հեղինակները: Երեկ Ա. Կարապետյանը նաեւ նշեց. թե իրենք տեղեկություններ ունեն, որ մայիսի 10-ին ՀՀ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ Ն. Փաշինյանի հեռախոսը գաղտնալսելու իրավունք ստանալու համար: