Հայկական Սոդոմ-Գոմոր

13/05/2007 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Ես ժամանակավոր եմ այստեղ»,- ինձ տեսնելով՝ միանգամից ասաց Հայաստանում ոչ այնքան անհայտ ռեժիսորը: Լոս Անջելեսի գրեթե բոլոր հայաստանցիները բարդույթավորված են, շատերը, ում հետ հանդիպեցի այստեղ, ասում էին, թե սպասում են՝ հայրենիքում փոփոխություններ լինեն, որ ետ գան:

Այդ ասելով՝ նրանք համոզված էին, որ ետ չեն գալու, նրանք նաեւ գիտեին, որ ես էլ համոզված եմ, որ իրենք ետ չեն գալու: Բայց, այդուհանդերձ, որոշ ժամանակ փորձում էին ինձ համոզել, որ գալու են: «Իսկ երկրում ո՞վ պետք է փոփոխություններ անի ձեր փոխարեն»,- հարցիս ի պատասխան՝ նրանք գերադասում էին լռել:

Հենց Լոս Անջելեսում գտնվելու օրերին լրատվամիջոցներում տարածվել էր հաղորդագրություն Մեծ Բրիտանիայից արտաքսված մի հայ լրագրողի` Ջինա Խաչատրյանի մասին: Երբ ինձ հարցնում էին նրա մասին, ես ասում էի, որ Հայաստանում այդպիսի անուն-ազգանունով լրագրող չկա, ում ճնշել են, ու նա ստիպված քաղաքական ապաստան է խնդրել բրիտանացիներից: Ես զգացի, որ ոմանք ափսոսում էին, որ նման լրագրող չկա, եւ դա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է, ափսոսում էին, որովհետեւ Լոս Անջելեսում գտնվող գրեթե բոլոր հայաստանցիների փաստաթղթերում կեղծիքներ կան:

Նրանցից ամեն մեկը մի պատմություն է հորինել այս երկրում ապրելու իրավունք ստանալու համար: Մեկին՝ ոստիկանությունն է հետապնդել, մյուսին՝ ընտրությունների ընթացքում ճնշել են, երրորդին՝ հալածել են գաղափարների համար, ու այսպես շարունակ:

Ես լուռ լսում էի հայերի զանազան պատմությունները: Զգում էի, թե ինչպես են իրենք իրենց մեղքի զգացումը փորձում այսպես տարրալուծել, մսխել: Իրենք իրենց մեղավոր են զգում, բայց չգիտեմ՝ ինչու: Ես նրանցից ոչ մեկին մեղադրելու ցանկություն չեմ ունենում, քանի դեռ չեն սկսում հայրենասիրական ճառեր ասել ու հայհոյել իմ ու իրենց արդեն նախկին երկիրը: Երկիր, որտեղ ես ապրում եմ, երկիր, որտեղից իրենք հեռացել են ինքնակամ: Լոս Անջելեսում գտնվելուս երրորդ օրը որոշեցի այլեւս չհանդիպել այդ հայաստանցիներին, նրանք իրենց «բիլերով» (այս կամ այն ծառայության վճարները) ինձ հունից հանեցին, եւ ես ցանկություն չունեի պատասխանել երկրի, այս ու այն պաշտոնյայի, քաղաքական գործչի մասին նրանց հարցերին:

Կան մարդիկ, ովքեր անուն-ազգանուններն են փոխել, հանձնվել են որպես Պարսկաստանից, Իրաքից, Ադրբեջանից գաղթած հայեր: Գաղթականի ցուպը ձեռքին` դարեր քայլող հային ես նորից տեսա այստեղ` Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի տարբեր քաղաքներում:

Սեւ վերնաշապիկներով ու տաբատներով, ծխախոտը ձեռքներին կամ արեւածաղիկ չրթելով՝ նրանք կանգնած են Գլենդելի, Հոլիվուդի խաչմերուկներում: «Իրեն հարգող» ցանկացած հայաստանցի այստեղ պիտի ունենա «BMW» կամ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, չնայած հնարավոր է, որ տասը հոգով ապրեն մի բնակարանում, սակայն երբեք էժանագին մեքենա չեն գնի: Երթեւեկելիս նրանք ազդանշաններ են տալիս, կտրուկ շրջադարձեր կատարում փողոցի մեջտեղում. երբեմն թվում է, թե Երեւանի կենտրոնում ես:

Լոս Անջելեսում ապրող գործարար Լեւոն Հաբեշյանը որոշել է գալ Հայաստան: «Ես էստեղ չեմ դիմանում, տարին երեք անգամ գալիս եմ Հայաստան, հենց վերադառնում եմ այստեղ, սկսում եմ ետ գնալու մասին մտածել»,- ասում է Լեւոնը: Նա արդեն բիզնես է սկսել Երեւանում, բնակարան է գնել եւ որոշել է տեղափոխվել: «Երեխաներս էլ են ուզում գալ, միայն կինս չի համաձայնում, եթե կարող ես, նրան համոզիր»,- կատակով ասում է Լեւոնը:

Երբ նա հարցրեց Լոս Անջելեսի հայ համայնքի մասին իմ կարծիքը, ես չկարողացա այն նկարագրել: Բոստոնի, Վաշինգտոնի հայ համայնքները հանգիստ կարող էի նկարագրել, բայց Լոս Անջելեսի համայնքին չէի կարողանում ձեւ եւ բովանդակություն տալ: Եղեռնից փրկվածների սերունդներ, Իրանի հեղափոխությունից հետո եկած պարսկահայեր, բեյրութահայեր, իրաքահայեր, հայաստանցիներ: Այս վերջին խումբը խառնել է արդեն ինչ-որ չափով ձեւավորված համայնքը: Հարյուր-հազարավոր հայաստանցիներ: Բանակից փախած երիտասարդներ, դերասաններ, լրագրողներ, բժիշկներ, գիտնականներ: Սրանց մի մասը դարձել են տաքսու վարորդներ, որոնց հետ կարելի է երկար զրուցել ու լսել հայերի մասին զանազան պատմություններ:

Հայկական սոդոմ-գոմոր է Լոս Անջելեսը: Թաթան նույնիսկ երգ է նվիրել այս քաղաքին, որ հայերը երգեն իրենց քեֆերին: Հայկական հեռուստաընկերությունների էկրաններին ծանոթ դեմքեր են` իրենց տափակ հումորներով ու գովազդներով: Ու այս ամբոխը հնարել է մի փիլիսոփայություն, որի նպատակն իրենց այստեղ գտնվելն արդարացնելն է:

Լոս Անջելեսի երկու բանտ եւ մեկ վերաինտեգրման կենտրոն այցելելուց հետո ինձ համար պարզ էր, որ հայերն այստեղ ավելի մեծ խնդիրներ ունեն, քան Հայաստանում:

Կալիֆոռնիայի նահանգի ամենամեծ բանտի միջանցքով քայլելիս ես լսում էի հայերեն խոսակցություններ: Հայերը ճանապարհ են բացել` Հայաստանից ուղիղ դեպի ամերիկյան բանտեր:

Քարոզիչ Պետրոս Հաջյանն օգնեց մեզ, որ արագ կազմակերպվի մեր այցելությունը բանտեր: Նրա ասած թիվը, թե տասնյոթ հազար հայ կա Կալիֆոռնիայի բանտերում, չգիտես ինչու՝ ինձ համոզիչ չէր թվում: Ես չէի հավատում այդ թվերին:

20 տարեկան Գեւորգն էջմիածինցի է, նրա հայրը բիզնես ուներ Հայաստանում, սակայն, որդու պատմելով, նրան խանգարել են, եւ տասը տարի առաջ նա լքել է Հայաստանը: Գեւորգը բանտում է կրեդիտ քարտերի գողության եւ օգտագործման համար: Նա պատմում է, որ իրենք լավ են ապրում, ու «իրենց տանը փողի պրոբլեմ չկա»:

«Իսկ մի կարգին գործ չկա՞ր, որ անեիր, ի՞նչ ես ընկել կրեդիտ քարտերի հետեւից»,- հարցնում եմ Գեւորգին: «Ապեր, էդի էստեղ լավ գործ է»,- ասում է Գեւորգը:

www.hetq.am