Հաղթանակ գյուղի թիվ 1 տուն-ինտերնատում 290 ծերեր են ապրում: Նրանց հետ շփվելիս տպավորություն է ստեղծվում, թե ժամանակը կանգ է առել: Նրանք խոսելիս կյանքը եւ առհասարակ աշխարհը բաժանում են երկու մասի` դուրսը եւ ներսը:
Այս ծերերից շատերն իրենց կամքով են ընտրել ներսը` ծերանոցը, իսկ ոմանք էլ` ծերանոցում են հայտնվել հարազատների պարտադրանքով. «Հաճախ երեխաները բերում են իրենց ծնողին ու խուսափում են մեզ ասել, որ տվյալ մարդու երեխաներն են, իսկ հետո, երբ հեռանում են` ծերանոցում հայտնված մարդը խոստովանում է, որ դա իր երեխան էր: Երբ մահ է լինում` շատերի երեխաները նույնիսկ չեն գալիս հուղարկավորությունը կազմակերպելու: Մենք ենք թաղում»,- պատմում է տուն-ինտերնատի քույր-տնտեսուհի Սվետլանա Հախեյանը, ով վստահեցնում է, որ տուն-ինտերնատը հատկապես վերջին տարիներին գերծանրաբեռնված է: Ծերանոցում բնակվող տարեցներն այստեղ իրենց ավելի պաշտպանված են զգում, քան հասարակության մեջ: Նրանք մտածում են, որ դրսում կյանքն անտանելի է, եւ մի տեսակ վախեցած են դրսի իրականությունից: Երբեմն նույնիսկ խղճահարությամբ են արտահայտվում «դրսում» ապրող իրենց հարազատների ու ընկերների մասին, որոնք, իրենց համոզմամբ, սովի ու աղքատության մեջ են ապրում: Տարեցներից շատերն իրենց կենցաղում տիրող անորոշությունից ու սովից են փախել ծերանոց եւ, քանի որ իրենց միակ պատսպարանը դարձել է ծերանոցը, հետեւաբար, կարծում են, որ Հայաստանի Հանրապետությունում տարեցները պաշտպանվում են միայն այս հաստատությունում: Տուն-ինտերնատում ապրող ծերերը նաեւ ընտրողներ են, սակայն առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին նրանցից շատերը նույնիսկ տեղյակ էլ չէին: «Մի ոտքս ստեղ ա, մյուսն՝ էն աշխարհում, ինձ պե՞տք ա»,- ասաց ծերերից մեկը:
«Մենք` հայերս, կարիճ ենք դարձել, ինքներս մեզ խայթում ենք»
Մեզ տեսնելով` տուն-ինտերնատի բնակիչ Սյոմա Պետրոսյանի աչքերը փայլում են, ուրախացել է, որ անծանոթ մարդիկ այցելել են իրենց. «Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ էստեղ նոր մարդ եմ տեսնում, կարծես ինչ-որ թարմություն գա: Մեզ ջահելության շունչը շատ պետք ա, ջահելի այցելությունը նոր ուժ ա տալիս մեզ»,- ժպտալով ասում է նա ու ցույց տալիս իր հագած վարդագույն վերնաշապիկը: Ասում է` նոր են օգնություն ստացել, ու որոշել է մի քիչ ջահել երեւալու համար այն հագնել: Սյոմա պապը 70 տարեկան է: Ուրախացած` պատմում է հարազատներից ու, հատկապես, ընկերներից: Հարցնում եմ` «Վաղո՞ւց եք էստեղ»: «Չէ՛,- ասում է,- մի քանի ամիս է, ինչ սովից փախել-եկել էստեղ եմ ծվարել: Երբ հասկանում ես, որ էլ չես կարող, որ վերջն է` ընտրում ես ամենաանհավանականը»: Մասնագիտությամբ հողագետ, քիմիկոս Սյոմա պապն աշխատել է Քիմիայի ինստիտուտում, «Հայհողշին» ինստիտուտում ու էլի մի շարք ինստիտուտներում: Ասում եմ` «Շատ եմ ափսոսում, որ ձեր նման մարդը մեկուսացել է հասարակությունից»: Շոյվելով ասում է` «Է՜հ, աղջիկս, ես դրսում ոչ մեկին պետք չեմ: Իմ գիտելիքները գրքերում էլ կան: Ձեր սերունդը գրքերով էլ կկրթվի, ես ձեզ պետք չեմ, իմ նմանների տեղն էստեղ է»: Սյոմա պապն ամուսնալուծված է, ու ծերանոցում բնակություն հաստատելու իր քայլի մասին տեղյակ է միայն որդին, ով ապրում է մոր հետ: Ասում է, որ Երեւանի կեսն իր հարազատներն ու ընկերներն են, սակայն որեւէ մեկը չգիտի, որ ինքը եկել է ծերանոց: Նոր մարդ տեսած ու թարմություն զգացած Սյոմա պապի աչքերը հանկարծ չարանում են, ու պարանոցի ջլերը կծկելով, ատամները սեղմած՝ ասում է. «Ախր էդ Քոչարյանի տված թոշակը կանգնում էր կոկորդիս ու չէր շարժվում: Էդ վերեւները պիտի մաքրեք, հասկանո՞ւմ եք: Չի կարելի մարդուն էսքան նվաստացնել ու վիրավորել»: Սյոմա պապի հոգում վիրավորանք կա: «Շնորհակալ եմ, որ իմ ազգը կա: Պայքար եմ ուզում, հասկանո՞ւմ ես, կռիվ եմ ուզում, որովհետեւ վիրավորանքից խեղդվում եմ: Զգում եմ, որ փոփոխություններ կլինեն, բայց տխուր եմ, որ կարող է էդ փոփոխություններն իմ սրտով չլինեն: Էս ի՞նչ բան է, մենք որպես ազգ էլ չկա՞նք: Մեր երկիրն էս ի՞նչ մանկապարտեզ է դարձել»: Սյոմա պապն ասում է, որ մենք` ՀՀ քաղաքացիներս, կարիճ ենք դարձել, որովհետեւ երբ մեզ նեղացնում են` սկսում ենք ինքներս մեզ խայթել: Մեզ նեղացնում ու նվաստացնում են, իսկ մենք մեզ ենք վնասում: Նա իրեն համարում է իսկական երեւանցի տղա, բայց երբ օրեր առաջ ծերանոցից դուրս է եկել Երեւանի փողոցներից իր կարոտն առնելու` անսահման տխրել է. «Դուրս եկա քաղաք ու վիրավորված հետ եկա: Ընկերներիցս շատերը սովամահ են լինում, նեղության մեջ են, իմ վիճակը փա՜ռք է: Հարազատներս, ընկերներս իրենց կորցրել են էս իրականության մեջ: Երանի՜ շատերին տեսած չլինեի, սիրտս կոտրվեց: Իմ սերունդը վերանում է, ով էլ մնացել է` էստեղ է, թաք ու բիր ենք մնացել: Գիտե՞ս ինչի վրա եմ զարմանում, որ հիմա քաղաքի տղերքը բոխախներով, գնդըլ-մնդըլներն են: Ախր մեր ազգը ճլտուզ-մլտուզ ազգ է եղել, էս ո՞նց ազգի կեսը բոխախով դառավ»: Սյոմա պապը վստահեցնում է, որ տուն-ինտերնատում իրեն ավելի լավ է զգում, քան «ազատության» մեջ: Իրականությունից կտրվելով` նա իր դառնությունների մխիթարանքը գտնում է իր մենակության մեջ: «Չէ՛, ես շատ լաց եղա: Ես էդ մարդը չեմ»,- ինքն իրեն սթափեցնում է ու կրկին շնորհակալությունների տարափ տեղում իրենց այցելելու համար:
Երջանիկ ամուսինները
Տուն-ինտերնատում տարեցներից ոմանք ամուսնանում են: Այստեղ ներկայումս նորաստեղծ 17 ընտանիք կա: Հովհաննես Մինասյանը եւ Թամարա Հակոբյանը վերջերս են ամուսնացել, իսկ նրանց քավորը քույր-տնտեսուհի տիկին Սվետլանան է: 77-ամյա Հովհաննես պապն այնքան սոլիդ տեսք ունի, ասես շատ կարեւոր պաշտոնյա է: Նրա կոստյումն ու վերնաշապիկն անթերի արդուկած են, շատ կոկիկ տեսք ունի: 6 տարի է, ինչ ապրում է ծերանոցում. «Անձամբ ես եմ եկել այստեղ, որովհետեւ 4 երեխաներս ցրվել էին աշխարհով մեկ: Դա իմ կյանքի սեւ էջն է, որն ինձ կհետեւի մինչեւ մահ, որը մնացած սերունդների վրա անպայման ազդեցություն կունենա: Ի՞նչ պահանջեի երեխաներիցս, երբ իրենք էին օգնության կարիք զգում,- ասում է Հովհաննես պապը,- կանխազգում էի, որ պետք է ցանկապատի ետեւում մեռնեմ` եկա ծերանոց: Դրսում մնացածներից շատերն ինձնից բեթար վիճակում էին, իմ տարիքի մարդիկ շատ ծանր վիճակում էին»: Հովհաննես պապն ասում է, որ ինքը ծերանոցում հարմար հանգրվանել է, որովհետեւ նախկինում եւ՛ ֆիզիկապես, եւ՛ հոգեպես ընկճված էր, կյանքում իր տեղը չէր գտնում, իսկ հիմա անհամեմատ լավ է. «Կյանքը խառնվել էր իրար: Մարդիկ իրար չէին ճանաչում, ով ուժեղ էր` նա տիրում էր»,- ասում է նա ու պարբերաբար կրկնում, որ, եթե ծերանոցի ղեկավարության մոտեցումն իրենց հանդեպ մարդասիրական չլիներ, ապա իրենք կկործանվեին անորոշության մեջ: Հովհաննես պապն ու Թամարա տատն ասում են, որ ծերանոցն իրենց տունն է, իսկ հարազատներն այցելում են ըստ հնարավորության: Դրսի հետ շփման հիմնական միջոցն այս ամուսինների համար նամակագրական կապն է: «Հիմա կամաց-կամաց սթափվում, ետ ենք գալիս: Կյանքը մի քիչ լավացել է, ինձ սփոփում եմ, որ երիտասարդներն են գոնե իրենց տեղը գտնում: Դա մեծ մխիթարանք է»: Հովհաննես պապի համոզմամբ` այսօրվա երիտասարդները լայն հայացքներ եւ աշխարհընկալումներ ունեն: Նա մշտապես գրքեր է կարդում, լեզու, գրականություն է ուսումնասիրում եւ չի դադարում ինքնակրթությամբ զբաղվել: Ասում է` «Ես կյանքի մարդ եմ` մի շարք չափանիշներով, որպեսզի դիմացինս զգա, որ մարդու է հանդիպել»: 75-ամյա տիկին Թամարան հարցնում է` «Աղջիկս, անունդ ո՞նց ա: Չէ՛, իմ երեխեքի ու թոռների անունից չի: Բոլորին հարցնում եմ գիտե՞ս»: Նրա համար տուն-ինտերնատը Սոչի սանատորիան է. «Աղջիկս Սոչիում ա ապրում, դրա համար սիրում եմ էդ անունը: Հարմարվեցի, ճարեցի էս լավ ընկերոջը, մեր լավ խազեյկեն իմ քավորն ա, ինքը ծանոթացրեց: Մարտի 31-ին մեր ամուսնության 4 տարին լրացավ: Տունն ու հարմարությունն ունենք, իսկ էն տելեվիզորը մեր երեխեքն են նվեր բերել»: Թամարա տատն ամբողջ կյանքում աշխատել է կոլխոզում: Ասում է, որ անխնա աշխատող է եղել, դրա համար էլ առողջությունից բան չի մնացել, 2 անգամ վիրահատվել է: «Կյանքում չէի պատկերացնի, որ ծերանոցում ինձ ավելի լավ կզգամ: Աստված ջան, էս էլ շատ չհամարես»,- ասում է նա` պատմելով, որ վիրահատվելուց հետո Հովհաննես պապը հոգատարությամբ իրեն խնամել է: «Հիվանդանոցում մեզ ասում էին՝ ծերանոցի տատիկ-պապիկ, ո՞նց եք»,- պատմում է Թամարա տատը:
«Էս ի՞նչ զակոններ են, բալամ»
Տիկին Սվետլանայի հետ շրջում ենք տուն-ինտերնատի միջանցքներով: Մի տատիկ աչքերը լցրած այս ու այն կողմ է գնում: Տիկին Սվետլանան հարցնում է` «Հը՞, Սալաթ, ինչի՞ ես նեղված, սիրտդ լցված ա, հո քեզ չե՞ն նեղացրել»: Այս խոսքերից հետո Սալաթ տատը սկսում է երեխայի պես լաց լինել: Արագածի Մռավյան գյուղում ծնված այս տատիկը, 3 տարի է, ինչ բնակվում է ծերանոցում եւ 2 ամիս առաջ այստեղ ամուսնացել է մի ծերունու հետ: Երեխայի պես լաց լինելով՝ ասում է. «Պառավներն ինձ շատ են հալածում, ասում են` չամաչեցի՞ր, որ ամուսնացար էդ բիձու հետ: Ինձ շատ են նեղում ու կշտամբում»,- ասում է նա` տիկին Սվետլանային վրա տալով` «Բա որ իմ գյուղացիքն իմանան, որ ես ստեղ ամուսնացել եմ, խայտառակ կըլնեմ աշխարհով մեկ: Բա որ հարազատներս իմացան, որ էս տարիքիս ես մարդի եմ գնացել: Ես ամբողջ աշխարհով գետինը կմտնեմ»,- հոնգուր-հոնգուր լաց լինելով՝ ասում է Սալաթ տատը, իսկ տիկին Սվետլանան ազդվելով տատիկի վիճակից՝ մխիթարում է. «Սալաթ ջան, երջանկությունը գտնելու մեջ ի՞նչ վատ բան կա, որ դու տենց տանջվում ես: Փոխանակ մեղրամիսդ վայելես` լա՞ց ես լինում»: Սալաթ տատը վախենում է երջանկությունից: Սալաթ տատն անհարմար է զգում` գյուղում հարազատները որ իմանան` ի՞նչ կասեն իր մասին: Իսկ միգուցե այդ նույն հարազատները մտածեն այն մասին, որ նրան ծերանոց են բերել: Իսկ ծեր հասակում մենությունից սարսափելի ոչինչ չկա: Ու շատ լավ է, որ Սալաթ տատը կարողացել է այն հաղթահարել` իր կյանքի այս հատվածում նոր ընկեր գտնելով:
88-ամյա Ռիմա տատիկը փաթաթվել է տաք վերմակի մեջ ու խորամանկ ժպտում է, կարծես չարաճճի երեխա լինի, իսկ նույն սենյակում բնակվող նրա ընկերուհին Ռիմա տատին ծառայություններ է մատուցում, խնամում է. «Էս ի՞նչ զակոններ են, բալամ, 1000 դրամ թոշակ են տալիս: Բա ես կարա՞մ ամեն օր կաթ, մածուն, սպաս ուտեմ, հը՞»,- դժգոհում է նա ու պատմում, որ ամուսինն ու եղբայրները պատերազմում զոհվել են: Ռիմա տատը մանկատներում է մեծացել եւ, 33 տարի է, ինչ ծերանոցում է ապրում: Նա անընդհատ խոսում է ուտելու մասին եւ, անգամ հարցերս չի լսում, որովհետեւ այս կյանքից իր միակ պարտք ու պահանջը կաթը, մածունն ու սպասն է: