Գարնանային հեղեղումներ

13/05/2007

Հանրապետության մի քանի մարզերում, նաեւ Երեւանում շարունակվում են գարնանային հեղեղումները:

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության փրկարար ծառայությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ երեկ, ժամը 01.20-ին, Արարատի մարզում Արաքսի ջրի բարձրացման հետեւանքով թիվ 13 ուղեկալում քանդվել է ափապաշտպան հողաթումբը` 15-20 մ երկարությամբ: Իրականացվել են վերականգնողական աշխատանքներ, որոնք դեռ շարունակվում են:

Իսկ մայիսի 10-ին, ժամը 10.20-ին, Արաքս եւ Հրազդան գետերի վարարման հետեւանքով բարձրացել են ընդերքային ջրերը եւ հեղեղել մարզի Նորամարգ գյուղի տներն ու նկուղները:

Ժամը 10.15-ին, Արագածոտնի մարզի Արա, Վարդենուտ, Շենավան, Արագած, Քուչակ, Եղիպատրուշ գյուղերում սկսվել են սելավաջրերի հոսքեր, որոնք ողողել են բնակելի տները, անասնագոմերը եւ վարելահողերը: Արագած եւ Եղիպատրուշ գյուղերում փլուզվել է 3-ական կամուրջ, փլուզվել է նաեւ Շենավան գյուղի եւ կենտրոնական մայրուղու հետ կապող Ապարանի ջրամբարի ջրանցքի վրա գտնվող կամուրջը: Քուչակի հեղեղատարի եւ Ապարանի ջրամբարի ջրանցքի ուղղությամբ հեղեղատարին կից առափնյա պաշտպանական գոտիները մոտ 100 մետր երկարությամբ փլուզվել են: Իրականացվում են աշխատանքներ` սելավի հունը փոխելու համար: Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ առատ սելավաջրերի հոսքեր են սկսվել նաեւ մարզի Ագարակ եւ Ոսկեհատ գյուղերում: Ամբերդ գետը դուրս է եկել հունից ու լցվել գյուղերի բնակելի տներն ու հողամասերը: Ջուրը լցվել է վեց բնակելի տուն, երեք անասնագոմ, ողողել ափամերձ հողամասերը: Գետի թմբապատերն ամրացնելու նպատակով գետի վտանգավոր հատվածները լցվել են հողաքարերով:

Մայիսի 10-ին, ժամը 18.30-ին, ձնհալի հետեւանքով Վայոց Ձորի մարզում բարձրացել է Արփա եւ Եղեգիս գետերի մակարդակը: Հեղեղումների պատճառով ջրածածկվել են Վայքի Թեզ Խարաբ ու Եղեգնաձորի Մեշա հանդամասերի հողատարածքները: Նախորդ օրը` մայիսի 9-ին, Եղեգիս գետը քշել-տարել է Գետափ գյուղի խմելու ջրի ջրագիծը` 40 մետր երկարությամբ, ջուրը ողողել է գյուղի կամրջի հիմքերը: Իրականացվում են ջրագծի վերականգնման եւ քարերի միջոցով կամուրջի հիմքերի ամրացման աշխատանքներ: Իսկ Հերհերի ջրամբար լցվող ջրի մեծ քանակության հետեւանքով ջրամբարի մակարդակը բարձրացել է մեկ մետրով, որը գերազանցում է շահագործման նորմերը: Ջրամբարի անվտանգությունն ապահովելու նպատակով ժամը 10.00-14.00-ն աստիճանաբար մեծացվել է ջրամբարի ջրի ելքը: Նույն օրը` ժամը 09.56-ին Հրազդան գետի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկվել են Շենգավիթ համայնքի Դոդուխանյան եւ Հրազդանի փողոցներում գտնվող տները եւ նկուղները: Հրազդան գետի վարարման պատճառով Հրազդանի եւ Դոդուխանյան փողոցների շուրջ 18 տներ ու նկուղներ լցվել են 50-70 սմ բարձրությամբ ջրով:

Ժամը 08.40-ին Գեղարքունիքի մարզում Գավառագետի բարձրացման հետեւանքով ջուրը լցվել է Գավառի «լորդերի» թաղամասի բնակարանների առաջին հարկերն ու նկուղները: Ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ ջրի պատճառով բնակարաններում տեղի է ունենում էլեկտրական լարերի կարճ միացում: Ժամը 14.55-ին թաղամասը հոսանքազրկվել է: Տարահանվել է 25 մարդ, անասնագոմերից դուրս են բերվել անասունները:

Ժամը 12.11-ին հորդառատ անձրեւների եւ ձյան հալոցքի հետեւանքով մարզի Աստղաձոր գյուղով անցնող գետի հունը բարձրացել եւ ջրածածկել է Սեւանա լճի ափին գտնվող Աստղաձոր ու Վաղաշեն գյուղերի ոռոգման ջուր մատակարարող պոմպակայանը եւ էլեկտրակայանը:

Հեղեղումներ են տեղի ունեցել նաեւ Շիրակի մարզում: Մայիսի 10-ին, ժամը 09.10-ին հորդառատ անձրեւների հետեւանքով Ղարաղլու գետի ջուրը բարձրացել է եւ լցվել մարզի Նոր Կյանք գյուղի տները: Հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացվում են աշխատանքներ` սելավատարի հունն ամրացնելու համար:

Ժամը 17.35-ին կտրուկ բարձրացել է Բենիամին գյուղի միջով անցնող սելավատարի ջրի մակարդակը: Իրականացվել են սելավատարի վտանգավոր հատվածների ափերի բարձրացման աշխատանքներ: Սպառնացող վտանգը վերացվել է:

Կոտայքի մարզում մայիսի 10-ին, ժամը 15.10-ին անձրեւների եւ ձնհալի հետեւանքով Աղբյուրակ ջրամբարից Հրազդան գետի հունով բաց է թողնվել 45 մ3/վրկ ջուր, որը ողողել է Բջնի գյուղի ափամերձ տների հողամասերը: Ժամը 03.35-ին տեղեկություն է ստացվել, որ գետի ջրի մակարդակը կարգավորվել է: