Բախում ոստիկանների հետ

11/05/2007

Երեկ Մատենադարանին հարակից հրապարակում կայացել է «Իմպիչմենտ» դաշինքի եւ «Հանրապետություն» ու «Նոր Ժամանակներ» կուսակցությունների համատեղ հանրահավաքը, որի մասնակիցների թիվը տարբեր հաշվարկներով գերազանցում էր 20.000-ը: Հանրահավաքին հաջորդել է արտոնված երթը դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք՝ օրերս «փողերի լվացման» մեղադրանքով ձերբակալված ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանի ազատ արձակման պահանջով: ԱԱԾ շենքի մոտ ոստիկանների ու հազարավոր ցուցարարների միջեւ զանգվածային ընդհարումներ տեղի ունեցան: Ոստիկանները արցունքաբեր գազ կիրառեցին: Վիրավորներ կան թե՛ ընդդիմության, թե՛ ոստիկանության շարքերում: Հարվածներ են ստացել «Իմպիչմենտի» ակտիվիստներից Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Մհեր Մանուկյանը, Պետրոս Մակեյանը եւ այլք: Ցուցարարներից ոմանց ձերբակալեցին, սակայն ցուցարարները չցրվեցին եւ ԱԱԾ շենքի մոտից հեռացան միայն բոլոր ձերբակալվածների ազատ արձակումից հետո: