Չնայած անձրեւոտ եղանակին՝ Մատենադարանին հարակից հրապարակում երեկ «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» եւ «Նոր Ժամանակներ» կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքը թերեւս ՀՀ-ում վերջին 3-4 տարիների ամենաբազմամարդ հանրահավաքն էր: Ներկա էր նաեւ մտավորականների ֆորումի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը:
Հիշեցնելով, որ 1992-ի մայիսի 9-ին ազատագրվել է Շուշին՝ ելույթ ունեցողները նկատեցին, որ այդ հաղթանակը կերտողներից շատերն այսօր սպանված կամ մեկուսացված են. Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը բանտում է, Սամվել Բաբայանը բանտում էր, սպարապետ Վազգեն Սարգսյանը սպանված է, ՀՀ առաջին նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկուսացված է: Վահագն Խաչատրյանն էլ հայտարարեց, թե խախտումներն այնքան շատ են, որ կարելի է արդեն այսօր չեղյալ ճանաչել կամ ընտրությունները, կամ գոնե որոշ կուսակցությունների գրանցումը: Նա ասաց, որ իրենց հաշվարկներով ՀՀ-ում ընտրություններին 800 հազարից ավելի մարդ չի կարող մասնակցել: Այնպես որ, եթե մասնակիցների թվաքանակը հայտարարվի 800 հազարից ավելի, ուրեմն՝ նրա խոսքերով՝ «ընտրություն գոյություն չունի»: «Հանրապետություն» կուսակցությունից էլ Գեղամ Հարությունյանը հայտարարեց, թե եկել է գործելու ժամանակը: Նրա հավաստմամբ՝ ժողովուրդը մերժում է «հաստիքային ընդդիմությանը, եւ 5%-անոցները 5 կոպեկանոցի պես զնգում են»: «Իմպիչմենտի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն էլ հավաստիացրեց, թե երկրում սկսվել է «ապադոդացման, ապասերժանտացման եւ ապառոբոտացման» գործընթաց: «Հանրապետության» առաջնորդ Արամ Զ. Սարգսյանն էլ հայտարարեց, թե ովքեր չմիացան միասնական ցուցակով ընտրությունների գնալու առաջարկին՝ նրանք ժողովրդի առաջ արդարանալու բան ունեն: Ըստ նրա, ժողովուրդը ներում է, ու այդ մարդիկ կարող են այսօր էլ գալ եւ միանալ իրենց: Նշելով, թե Ռոբերտ Քոչարյանը չի սիրում այն, ինչ կատարվեց Վրաստանում եւ Ուկրաինայում, Ա. Սարգսյանը, դիմելով իշխանություններին, հայտարարեց. «Ինչքան կեղծել եք, լավ, ոչինչ, աչքներս կփակենք դրա վրա, բայց մայիսի 12-ին չկեղծեք: Քոչարյան, եթե մայիսի 12-ին էլ կեղծես, դու դա կստանաս մինչեւ վերջ»: Իսկ իր ելույթում ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը նշեց, թե իրեն նամակ է գրել մոսկվացի Սաշիկ Աղազարյանը, որում ասվում է. «Ես եմ Ալեքսանդր Արզումանյանին փող տվել, ի՞նչ եք ասում»: Ըստ Կարապետյանի, Ս. Աղազարյանն այդ նամակում նշել է նաեւ, թե ինքը մինչ օրս քաղաքականությամբ չէր զբաղվում, բայց այն, ինչ տեղի ունեցավ, նրան ստիպեց, որ նա արդեն զբաղվի քաղաքականությամբ: Հայտարարվեց նաեւ, որ մայիսի 13-ին, ժամը 14-ից հավաքվում են Ազատության հրապարակում, որտեղ ժամը 17:00-ին կսկսվի ընդդիմության հանրահավաքը: Եթե ընտրությունները չկեղծվեն, ընդդիմադիրներն ուրախանալու են, իսկ եթե կեղծվեն, ապա այդ հանրահավաքում նրանք որոշելու են, թե ինչպես են շարունակելու պայքարը: Հանրահավաքից հետո տասնյակ հազարավոր ցուցարարները Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Նալբանդյան երթուղով շարժվեցին դեպի ԱԱԾ շենք՝ ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդության» շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանի ազատ արձակման պահանջով: Ոստիկանները ցուցարարներին ստիպում էին քայլել փողոցի միայն մի կեսով, բայց ցուցարարների քանակն այնքան շատ էր, որ ուղղակի շատ դժվար կլիներ մի քանի մետր լայնությամբ շարժվել առաջ: Ի վերջո, ոստիկանները տեղի տվեցին եւ Սայաթ-Նովա փողոցն ամբողջությամբ լցվեց ցուցարարներով: Սակայն, երբ երթը մոտեցավ Նալբանդյան փողոցին, ոստիկանները դարձյալ ցուցարարներին ստիպեցին շարժվել փողոցի մի կեսով, ինչը պարզապես անհնար էր, որովհետեւ փողոցը շատ նեղ էր, եզրերում մեքենաներ էին կանգնած, իսկ ցուցարարները՝ տասնյակ հազարավոր: Ինչպես երեւաց հետագա ընթացքից՝ ցուցարարների շարքերում բազմաթիվ պրովոկատորներ կային: Բացի այդ էլ, ոստիկանների մեջ կային բազմաթիվ «թաղի տղերք» ու այլ գյադա-գյուդեք, ովքեր ամենավերջին հայհոյանքներով սկսեցին հայհոյել բորբոքված մարդկանց: Վիճակն արդեն դառնում էր անկառավարելի: Տեղի ունեցավ բախում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ոստիկանները ընդդիմության ակտիվիստներին գցեցին գետնին ու սկսեցին հարվածել: Շատերին ձերբակալեցին ու տարան անհայտ ուղղությամբ: Հաշվի չէին առնում ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ լրագրող լինելը, ոչինչ: Քիչ անց եղած ոստիկաններին օգնության եկան եւս մի քանի հարյուր ոստիկաններ: Կիրառվեց արցունքաբեր գազ: Սակայն ցուցարարները եւս չէին զիջում դիրքերը: Ինչ-որ անհայտ անձինք գոռում էին՝ «մի՛ փախեք», սակայն փախչելու մտադրության նշույլ անգամ ցուցարարների մոտ չէր նկատվում: Չնայած ոստիկանների ջանքերին, ցուցարարներն այդպես էլ չէին ցրվում՝ շարունակում էին վանկարկել «իմ-պիչ-մենտ», «ազա-տու-թյուն» եւ այլն: Ընդդիմադիր նշված երեք ուժերի ղեկավարները ոստիկանների հետ սկսեցին բանակցել՝ ձերբակալվածներին ազատ արձակելու համար՝ նշելով, թե չեն հեռանա, մինչեւ բոլորն ազատ չարձակվեն: Ցուցարարները կանգնեցին այնքան, մինչեւ ազատ արձակվեցին բոլոր ձերբակալվածները: Նրանց ազատումից հետո ցուցարարները «եկեք գնանք մինչեւ վերջ», «պայքար, պայքար մինչեւ վերջ», «դոդեր, հեռացեք» ու այլ արտահայտություններ վանկարկելով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Այստեղ Ա. Կարապետյանը հայտարարեց, թե եթե ոստիկանները «հրոսակների նման հարձակվելու են մեզ վրա, պատասխանը ստանալու են»: Ն. Փաշինյանն էլ հայտարարեց, թե «այսօր մենք ցույց տվեցինք, թե ով է այս երկրում նապաստակը եւ ով՝ առյուծը»: Նա ներկաներին տվեց իր բջջային հեռախոսի համարը՝ խնդրելով անպայման զանգահարել իրեն, եթե ցուցարարներից որեւէ մեկին ցույցի հետ կապված կձերբակալեն կամ կնեղացնեն: