Սպորտային թեմաներով չգրող լրագրողները հազվադեպ են անդրադառնում այդ ոլորտին: Մինչդեռ սպորտը հասարակության համար բոլոր ժամանակներում եղել է ավելին, քան սոսկ մարզանքն ու մարմնակրթությունը: Առնվազն անտիկ շրջանից: Սպորտը երբեմն դառնում է ժամանակի հիմնական բնութագրիչ: 60-ականներին Խորհրդային Միության ողջ տարածքում պատանիները Յուրի Գագարինի օրինակով երազում էին տիեզերագնաց դառնալ: Մինչդեռ նրանց հայ սերնդակիցների մեծ մասն, այս երազանքից բացի, մեկ ուրիշն էլ ուներ: Ժամանակը ցույց տվեց, որ այդ երկրորդն ավելի իրատեսական էր: 60-ականներին շախմատի աշխարհի չեմպիոնը Տիգրան Պետրոսյանն էր: Եվ հայ պատանին իր հայրենակից հերոսն ուներ ու ձգտում էր նմանվել նրան: Պետրոսյանից հետո էլ մեծանուն սպորտսմեններ եղան: 1970-ականների հերոսներն արդեն ֆուտբոլիստներն էին: 1980-ականներինը` ծանրորդները: Սակայն այն, ինչ սկսվել էր 1960-ականներին, շարունակվում է մինչ այսօր: Այսօր հայ մարդուն հաճելի է գիտակցել, որ Հայաստանը շախմատի ոլորտում նույնքան հռչակավոր է, որքան ֆուտբոլում` Բրազիլիան: 1960-ականների երազանքն իրական է դարձել: Անկախության շրջանի մեր սպորտային հաջողությունները նախկինի համեմատ ավելի քան համեստ էին: Հասարակական- տնտեսական նոր հարաբերությունները շատ բան փոխեցին մեր կյանքում: Բայց ցանկացած սերունդ կերտում է իր հերոսներին: Դեռահասները միշտ էլ ունեն իդեալ, ում ձգտում են նմանվել: Եվ նրանց մեջ քիչ չեն սպորտսմենները: Նախընտրական այս թոհուբոհի մեջ Արոնյան-Կրամնիկ մրցամարտն ավելի շատ մարդու ոգեւորեց ու փողոց հանեց, քան ցանկացած հանրահավաք: Անձամբ ինձ համար ամենաազդեցիկ տեսարանը շախմատային գիգանտների խաղատախտակի վրա չխաղարկվեց: Սպորտային մեկնաբանների բառապաշարով ասած՝ ես այդքան հասու չեմ իմաստուն խաղի նրբություններին: Շատ ավելի տպավորիչ էր այն, ինչ կատարվում էր Օպերայի հրապարակում, ուր երեխաները սեղանների շուրջ շախմատ էին խաղում: Խաղում էին, հետեւում ու վերլուծում այն քայլերը, որ դահլիճում կատարում էր իրենց իդեալ հերոսը` Արոնյանը: Պատանեկան երեւակայության մեջ դա իրենց խաղն էր ու իրենց հաղթանակը: Վերջին տարիներին հայ սպորտասերին ոգեւորում էին միայն «ուժային» սպորտի ներկայացուցիչները: Հայաստանում հիմնականում քիքբոքսինգի ու նման մարզաձեւերի առաջնություններ էին կազմակերպվում: Դրանք ցուցադրվում էին հեռուստատեսությամբ` վայրենու հարայհրոց հիշեցնող մեկնաբանություններով: Այսօր էլ շատ հեռուստաընկերություններ հեռարձակում են անսքող բռնություն ու դաժանություն քարոզող «մարտեր՝ առանց կանոնի»: Դրանք ավելի շատ նման են գլադիատորական մարտերի, քան սպորտի: Եվ այս ամենը, բնականաբար, դժգոհություն է ծնում հասարակության մի հատվածի մոտ: Մեր մամուլն էլ մի գլուխ արձանագրում էր, որ դեռահասներն իդեալներ չունեն: Որ մեր դեռահասների միակ երազանքը մարտական որեւէ սպորտաձեւ պարապելն ու որեւէ հաստավզի նույնքան հաստավիզ թիկնապահ դառնալն է: Տարօրինակ չէ, որ այս ծեծկռտուքի ու վայրենության պանծացման ֆոնին լղոզվում ու կորում էին Վիկ Դարչինյանի, Արթուր Աբրահամի, մյուս բռնցքամարտիկների մարզական հաջողությունները: Ու հանկարծ այս ընդանուր պատկերը սկսեց փոխվել: Նախ՝ շախմատի աղջիկների թիմը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հետո արդեն՝ տղաները հաղթեցին շախմատի օլիմպիադայում: 1960-ականներից սկսված աշխատանքը առատ բերք տվեց: Այսօր դժվար է հավատալ, որ Հայաստանից դուրս ծնված ու համարյա ամբողջ կյանքը Հայաստանից դուրս ապրած Տիգրան Պետրոսյանին հաջողվեց հենց հայրենիքում դպրոց հիմնել: Այս իմաստով նա երեւի ամենաբախտավոր սպորտսմենն էր: Նրա վաստակի շնորհիվ, համարյա 45 տարի հետո, ինչպես «Մոսկվա» կինոթատրոնի շուրջ, Օպերայի հրապարակում բազմություն էր հավաքվել շախմատային պարտիաներ դիտելու: Նրա վաստակի շնորհիվ է, որ երեւանյան բոլոր դպրոցականներին հայտնի է Շախմատի տունը: Նրա վաստակի շնորհիվ է, որ այսօր հայաստանյան բոլոր դպրոցականների իդեալ-հերոսը երկրի շախմատի հավաքականն է: Բարեկիրթ երիտասարդների այդ թիմին հաջողվեց ավելին, քան շախմատային հաղթանակներն են: Նրանք ապացուցեցին, որ դեռահասների ընկալումներում հերոսները հոլիվուդյան հաստաբազուկ «բաեւիկներն» ու նրանց չստացված կրկնօրինակ` հաստավիզ թիկնապահները չեն: Շախմատիստների այս թիմը մեղմություն ու, եթե կուզեք, հանդուրժողականություն ներմուծեց մեր հասարակական կյանք: Մեկ ամիս առաջ, երբ հայ շախմատիստները հրապարակային խոսեցին իրենց քաղաքական համակրանքների ու կողմնորոշումների մասին, հասարակության մի հատվածը չներեց: Նրանց մասին էլ մամուլը խոսեց՝ օգտագործելով նույն բառապաշարը, որն օգտագործում են քաղաքական գործիչներն` իրար բնութագրելիս: Երեւի շախմատն իսկապես իմաստուն խաղ է: Որովհետեւ երիտասարդների պատասխանն իսկապես աննախադեպ էր մեր հասարակական կյանքում: Նրանք չպատասխանեցին հապճեպ ու փնթի մեղադրանքներին: Վստահ եմ, որ Կրամնիկի հետ մրցախաղից հետո Արոնյանն էլ չի պատասխանի հնչող կասկածներին: Սպորտը տարօրինակ ոլորտ է: Ֆուտբոլի աշխարհի գավաթում սեփական թիմի ամեն անհաջող ելույթից հետո Բրազիլիայի խորհրդարանը դրանում դավադրություն տեսնելով՝ հատուկ հանձնաժողով է ձեւավորում: Բրազիլացի քաղաքական գործիչներն իրենց ծագումը հավանաբար բավարար են համարում ֆուտբոլային մասնագետների աշխատանքները ստուգելու ու գնահատելու համար: Բայց մերոնք ավելի ինքնատիպ են: Նրանք պատրաստ են քաղաքական քննարկումների նյութ դարձնել ոչ թե մեր տղաների անհաջողությունները, այլ հաղթանակները: Հիմնավորումը հավանաբար այն է, որ Հայաստանում շախմատն արդեն 45 տարի մասսայական խաղ է: Շատ մասսայական: Այնքան մասսայական, որ քաղաքական գործիչներն անգամ դպրոցական տարիներին յուրացրել են շախմատային այբուբենը: Շախմատը բոլոր ժամանակներում տեսարան էր: Ժամանակակից բառապաշարով ասած` շոու: Բայց առաջինը Բոբի Ֆիշերին հաջողվեց շախմատասերներին համոզել, որ իր խաղը դիտելու համար հարկավոր է վճարել: Նախընտրական այս օրերին Արոնյանին հաջողվեց մեզ հրաշալի տեսարան մատուցել: Տեսարան, որի հանդիսականը լինելու համար հայ շախմատասերն այսօր, ցավոք, ի վիճակի չէ վճարելու: Արոնյանն ու իր ընկերները սա գիտեն: Փող նրանք դրսում են վաստակում՝ մեզանից ակնկալելով ջերմ վերաբերմունք: Ջերմ վերաբերմունք` թեկուզ միայն այն պատճառով, որ վերջին տարիներին մեր երեխաների միակ մտավորական իդեալ հերոսներն են: