Հերթական պոպուլիզմ

11/05/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Պետական պաշտոնյան կրկնակի խելացի է, երբ ոչ թե օրենքը խախտում է, այլ փոխում: Այս կատեգորիայի երկարակյաց չինովնիկներից է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նա չի սիրում շրջանցել օրենքը եւ հետագա գլխացավանքներից խուսափելու համար, վճարելով ՀՀ արդարադատության «հոնորարը», ընդունում է նոր նորմատիվային ակտ:

Երվանդ Զախարյանը, այսպիսով, մի կրակոցով երկու նապաստակ է խփում։ Առերեւույթ սա նշանակում է՝ պայքար կոռուպցիայի դեմ, իսկ ներքուստ` «նաղդ» փողը, հետո` գործը: Ասվածը դիտարկենք մի քանի օրինակներով: Օրինակ, Երեւանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարում աչք ծակող մի հողատարածքի վաճառքի համար: Բաց մրցույթի ակնկալիքով` դիմում են մի քանի քաղաքացիներ, առաջարկում են բարձր գին, սակայն որպես կանոն՝ վաճառվում է ամենացածր գնով: Գաղտնիքն այն է, որ աճուրդում հայտնված երկու կազմակերպություններ, համաձայնության գալով քաղաքապետարանի հետ` գործում են միասին: Առաջին կազմակերպությունն առաջարկում է ամենացածր գինը եւ դուրս է գալիս մրցույթից: Բանից անտեղյակ մրցակիցը շարունակում է մրցույթը երկրորդ ախոյանի հետ եւ առաջարկում ավելի բարձր գին տվյալ տարածքի համար: Բնականաբար, պայմանավորված կողմն ամենաբարձր գին առաջարկելով՝ խաղից հանում է անցանկալի մրցակցին: Միայն որոշ ժամանակ հետո է պարզվում, որ մրցույթը շահած կազմակերպությունը հրաժարվել է իր գնած տարածքից, եւ օրենքով այդ տարածքը մնացել է ամենացածր գին առաջարկած գնորդին:

Օրենքի շրջանակներում կոռուպցիայի աննախադեպ դրսեւորում էր նաեւ մայրաքաղաքում ապօրինի շինությունների օրինականացումը: Քաղաքապետարանն այս անգամ էլ օրինականացրեց ոչ թե տասնամյակներ առաջ կառուցված շինությունները, այլ իրենց իսկ տեղեկությամբ՝ օրինականացման համար հատկացված մեկ տարի ժամանակահատվածում կառուցված մանսարդներն ու ավտոտնակները: Կոռուպցիայի դեմ պայքարի այս իմիտացիան միայն Երեւանի քաղաքապետարանին չէ, որ բնորոշ է: Գործելաոճը նույնն է տեղական բոլոր գերատեսչությունների համար: Այս գնահատականները պատկանում են միջազգային կազմակերպություններին: Ըստ «Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության՝ 2006թ. հրատարակած «Անցումային երկրները» զեկույցի, Հայաստանում կոռուպցիան չի փոխվել կառավարման ոչ մի մակարդակում: Համաշխարհային բանկի վերջին` «Կոռուպցիայի դեմ պայքարը անցումային տնտեսությամբ երկրներում» երրորդ հաշվետվությունը զեկուցում է, որ չնայած հակակոռուպցիոն ռազմավարության եւ Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրաստիճան խորհրդի ստեղծմանը, Հայաստանում իրավիճակը, կոռուպցիայի բազմաթիվ բաղադրիչների առումով, 2005թ. ավելի է վատացել, քան 2002-ին էր: «Գելափի 2006թ կոռուպցիայի համաթիվ» ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է 82-րդ տեղը` դիտարկված 101 երկրների շարքում: Եվ վերջապես, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության «2006թ. կոռուպցիայի ընկալման համաթվի» ուսումնասիրության համաձայն՝ 163 երկրների ցանկում Հայաստանը գտնվում է 3-ից ցածր կոռուպցիայի ընկալման համաթիվ ունեցող երկրների շարքում (ըստ 10-0 սանդղակի, որտեղ 10-ն ամենամաքուր երկրի համաթիվն է, իսկ 0-ն` ամենակոռումպացված): Միջազգային հանրության առջեւ ստանձնած կոռուպցիայի դեմ պայքարի ենթատեքստում Հայաստանը պարտավորվել է ստեղծել օրենքի գերակայության վրա հիմնված պետական արդար կառավարման համակարգ, բացահայտել կոռուպցիոն գործունեությունները եւ պատասխանատվության ենթարկել կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց: Ինչպես ակներեւ է՝ տեղական իշխանությունները չեն խորշում օրենքները փոփոխելուց եւ միջազգային կազմակերպություններին միշտ մատնացույց են անում հենց այս փոփոխությունները: Ասենք, մաքսային համակարգում ներդրվել է էլեկտրոնային հայտարարագրման ձեւը, ինչը պետք է բացառի մաքսավորի հետ շփումները, ստեղծել են մեկ պատուհանի սկզբունքը, որը պետք է բացառի թղթավարության քաշքշուկները, պետական պաշտոնյաները հայտարարագրել են իրենց ունեցվածքը: Օրենսդրական այս փոխոխություններին էլ զուգահեռ՝ հսկայական հակասություններ են առաջացել ենթաօրենսդրական ակտերի եւ ընդունված օրենքների միջեւ, ինչն էլ, իր հերթին, մի նոր վարչական լծակ է դարձել օրենքը չիմացողների դեմ: 2006թ. նոյեմբերին «ԵՄ եվրոպական հարեւանության քաղաքականության» ծրագրի շրջանակներում էլ Հայաստանը պարտավորվել է օրենքներից անցնել գործի: Այն է՝ գտնել եւ պատժել սխալ հայտարարագրեր ներկայացրած պաշտոնյաներին, դատախազների համար մշակել էթիկայի կանոններ, բարձրացնել դատավորների աշխատավարձը` իբրեւ անկախ դատական համակարգի կայացում, Քրեական օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային նորմերին: Ակնհայտ է, որ Հարկային պետական ծառայությունը մինչ օրս որեւէ պաշտոնյայի հայտարարագիրը ստուգելու նախադեպ չունի: Հետաքրքիր կլիներ նաեւ տեսնել, թե ինչպես են կուսակցություններն իրենց նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդին վստահեցնում, թե առաջնահերթ բարձրացնելու են դատավորների աշխատավարձը` օրինաց երկիր կառուցելու մտայնությամբ: Թե ինչո՞ւ պետական պաշտոնյաները գոնե ձեւի համար մի երկու կոռումպացված տարրի չեն պատժում, սրա պատասխանն են տալիս «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության` «Որո՞նք են ամենակոռումպացված ոլորտները» հարցման արդյունքները: 2002-ի համեմատ՝ հարցվածները՝ որպես ամենակոռումպացված համակարգ՝ 2006թ. մատնանշել են դատախազությունը, իսկ «վարչապետի աշխատակազմ» եւ «դատարաններ» պատասխանները փոխարինվել են` «վարչապետ» եւ «նախարարներ» տարբերակներով: Երեք ամենակոռումպացված կառույցներից առաջատարներն են` նախագահը, վարչապետը եւ նախարարները: Ցուցակը շարունակում են ընտրական համակարգն ու հարկային ծառայությունը: Հասարակությունը գրեթե անտեղյակ է կառավարության որդեգրած կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրից, եւ կարծում է, որ ինքն անզոր է կոռուպցիայի նվազեցման հարցում: ՀՀ քաղաքացիները համոզված են, որ կոռուպցիա ասվածի դեմ պայքարում նախ երկրի նախագահը պետք է քաղաքական կամք ունենա: