Ծերանոցի պաշտոնյաներն ու հրամանատարները

11/05/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ծերանոցում ապրող տատիկ-պապիկներն այնպես են շոյվում մեր այցելությունից, որ դժվարանում են հետո մեզ հրաժեշտ տալ: Նրանք շփման կարոտ են եւ պատրաստ են ժամերով խոսել, պատմություններ պատմել, կիսվել ու թեթեւանալ: Տուն-ինտերնատում բնակվում են նաեւ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, ովքեր ծերանոցի խոր լռության ու հոգնած մենակության մեջ մշտապես վերհիշում են պատերազմում կորցրած իրենց հարազատներին ու ընկերներին: Ոմանք զարմանքով են հիշում, թե հազարավոր զոհեր տալու պայմաններում ինչպե՞ս են ողջ մնացել, ոմանք էլ ասում են, որ կյանքի վերջին տարիները ծերանոցի պատերի ներսում անցկացնելը քիչ է տարբերվում պատերազմում զոհվելուց:

Հարցնում եմ` «Ձեր հարազատներն այցելո՞ւմ են ձեզ»: Նորքի տուն-ինտերնատում ապրող տարեցներին խորապես խոցում է իմ այս հարցը: «Ինչի՞ պիտի այցելեն, ջահելների համար մոդա ա դարձել իրանց տան մեծերին ծերանոցներ գցելը»,- ասում է Անահիտ Թումանյանը, ով վստահեցնում է, թե իր միակ աղջիկը շատ ծանր պայմաններում է ապրում: Ասում է, որ իր ստացած 9000 դրամ թոշակով դեռ մի բան էլ ինքն է աղջկան օգնում. «Մայիսի 9-ին տոն ա: Էսօր թոշակ եմ ստացել, մի շիշ օղի, կանաչի, մի քիչ երշիկ, բան-ման կվերցնեմ ու կգնամ տոններս շնորհավորելու: Բա ամոթ չի՞, որ նեղության մեջ գտնվող երեխուն իրա մերը չօգնի, ի՞նչ անենք, որ ծերանոց ա գցել»,- ասում է թիֆլիսեցի Անահիտ տատը, ով եկել էր Հայաստան միայն նրա համար, որ աղջիկը հայ տղամարդու հետ ամուսնանա: Տարիների ընթացքում շատ կորուստներ են ունեցել, դրա համար էլ, արդեն 10 տարուց ավելի է, ինչ ծերանոցում է ապրում: Իր կյանքի մասին պատմելիս Անահիտ տատն ուզում է պատմել իր համար ամենաթանկ դրվագը: Տարիներ առաջ, երբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ վարչապետ էր` ծերանոցի բնակիչների հետ հանդիպում պիտի ունենար: «Քանի որ ես ասեղնագործելու շնորհք ունեմ, մեր նախկին տնօրենն ասաց, որ մի բան գործեմ: Ասեցի` թել չունեմ, տնտեսուհուն ասաց, որ թել տա»,- մեծ ոգեւորությամբ պատմում է Անահիտ տատը, ով արժանացել է այն ժամանակվա երկրի վարչապետի համար շարֆ գործելու պատվին եւ մինչեւ օրս հպարտությամբ բոլորին այդ մասին պատմում է: «Հանդիպումը եղավ, ճաշարանում ժողովուրդը լիքն էր, ու ես իմ շարֆը մատուցեցի վարչապետ Ռոբերտ Քոչարյանին: Մոտեցա, ասացի՝ պրն վարչապետ, թույլ տվեք մեր ծերերի կողմից այս շարֆը մատուցել ձեզ: Շարֆը փաթաթեց վզովն ու ասեց` վայ տատի ջան, էս ի՞նչ լավ բան ա, մի հատ էլ ընկերոջս համար գործի: Ասեցի` պրն վարչապետ, թել չունեմ, թել տվե՛ք՝ գործեմ: Սկսեց ծիծաղել: Ա՛յ, տենց մեր վարչապետից ես թել ուզեցի»,- պատմում է Անահիտ տատն ու երկար մտածում, թե՝ տեսնես Ռ. Քոչարյանն այդ շարֆը պահե՞լ է: Անահիտ տատը հիշում է նաեւ, որ անցյալ տարի ծերանոց էր այցելել առաջին տիկին Բելլա Քոչարյանը եւ հետաքրքրվել՝ ասելով. «1997 թվին մի հատ Անահիտ տատիկն իմ ամուսնուն գործվածք է նվիրել, այդ կինը ո՞ղջ է»: Անահիտ տատը հայացքը վեր է բարձրացնում ու հպարտ կեցվածքով հայտարարում. «Ա՛յ, էդ շարֆից հետո ես հանրահայտ դարձա: Կատակ բան չի, է՛, երկրի վարչապետի համար շարֆ էի գործել ու ընկերոջ համար էլ խոստացել էի: Կինն էլ ուրախացել էր»:

Ծերանոցի հրամանատարը

Եվգենի պապիկը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ հրամանատար է եղել: Նրա աչքերի եւ թախծոտ ժպիտի մեջ անչափ բարություն կա: 88 տարեկան այս ծերունու մեջքի կորությանն ու ոսկրացած մարմնին նայելիս՝ ապշում ես, երբ նրա սենյակում մարզագույք ես տեսնում: Տուն-ինտերնատի աշխատակիցները պատմում են, որ նա ամեն առավոտ մարզվում է: Ամեն տարվա մայիսի 9-ը Եվգենի պապիկի համար տոն է, անկախ նրանից՝ իրեն կշնորհավորե՞ն, թե՞ չէ: Պատմում են, որ մայիսի 9-ի առավոտյան նա իրեն կարգի է բերում, հագնում է համազգեստը, որի վրա անթիվ մեդալներ կան, եւ տոնական տրամադրությամբ անցկացնում է իր համար նշանավոր այդ օրը: Ասում է` «Ես ոչ միայն Հայրենական պատերազմի մասնակից եմ, այլ 1939 թվին եղել եմ Խալխին Գոլում, դրանից հետո ամբողջ բանակը տեղափոխեցին Հայրենական պատերազմ»: Եվգենի Նազարբեկովը, 2 տարի է, ինչ ապրում է ծերանոցում, հարազատներ չունի, իսկ միակ աղջիկը դեկտեմբեր ամսին մահացել է: «Բատալյոնի հրամանատար եմ եղել, ինչքան տղաներ զոհվեցինգ»,- ցավով ասում է Եվգենի պապիկն ու պահարանից դուրս բերում համազգեստը` հատ-հատ պատմելով խնամքով փակցված մեդալների պատմությունները: «41 թվին մասնակցել եմ Սմոլենսկի պատերազմում եւ Լենինգրադի կռիվներում, որտեղ ինձ վիրավորեցին: 37 թվին Կրեմլը հսկում էին կուրսանտները, հատուկ հսկողության գումարտակ չկար, կուրսանտներ էին: Ես ավարտել եմ Կրեմլի կուրսանտների հաստատությունը, իսկ հետո հայտնվեցի ֆրոնտում»,- պատմում է Եվգենի պապիկը, ում սենյակի պահարանին խնամքով տեղադրված են պատերազմից մնացած նրա լուսանկարներն, իսկ մեջտեղի պատվավոր տեղում` Ստալինի դիմանկարը։ «Ստալինի ժամանակ կարգապահություն կար: Նրա ռեժիմը խստություն էր մտցնում, իսկ հիմա՞գ»: Պատերազմից հետո այս ծերունին Հեռավոր Արեւելքում անցել է ծառայության, իսկ հետագայում, երբ ամուսնացել եւ դուստր է ունեցել` Հեռավոր Արեւելքի պատվին անունը կնքել է` Դալվինա: Եվգենի պապիկի սենյակը նման է թանգարանի, որտեղ պահվում են Հայրենական մեծ պատերազմից մնացած հուշերն ու հիշողությունները:

Ծերանոցի պաշտոնյա Նելլի տատիկը

Նելլի տատիկը տուն-ինտերնատի պաշտոնյաներից մեկն է, ով վերջերս ցանկացել է հրաժարվել այդ պաշտոնից, քանի որ առողջությունը չի ներում, սակայն ղեկավարությունը չի համաձայնել նրա այդ քայլին: Բնավորությամբ հոգատար, կարգապահ կազմակերպիչ է, դրա համար էլ նշանակվել է որպես 2-րդ հարկի տարեցների ավագ: 83-ամյա այս տատիկը մասնագիտությամբ մանկավարժ է եւ կարողանում է իր լիդերական ներուժով կարգ ու կանոն հաստատել հարկում: «Ավագը հետեւյալ պարտականություններն է կատարում` բնակիչներին հաշտեցնում է, կոնֆլիկտային հարցերը լուծում է` բավարարելով պահանջող կողմերի իրավունքները, հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու կանչով է դիմում»,- թվարկում է Նելլի տատիկը` վստահեցնելով, որ իր ենթակայության տակ գտնվող հարկում տղամարդ օգնականներ էլ ունի: 10 տարի է, ինչ ծերանոցում է ապրում. «Մի քանի անգամ հրաժարվել եմ, բայց տնօրենը չի ազատում ինձ էս պաշտոն կոչեցյալից»,- հպարտությամբ ասում է Նելլի տատիկը: Ամուսինն իրավաբան է եղել, մահացել է, երեխաներ չունի: «Այս տարիներին, երբ ժողովուրդն աղքատացավ, դրսի կյանքի համեմատ տուն-ինտերնատի պայմաններն ավելի լավն են: Դրսի պայմանները սարսափելի են, լավագույն մասնագետներն աղքատացան ու մնացին անաշխատանք, սովի մատնվեցին: Այստեղ գոնե տաք ճաշ, հաց կա, լողանալ կա: Երբ ես եկա այստեղ` 3 ամիս շարունակ ուշքի չէի գալիս ցրտից ու սովից: Այստեղ ինձ համար հոյակապ է»,- հայտարարում է 2-րդ հարկի ավագը, ով Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի համար վկայական է ստացել եւ մեդալների մի ամբողջ շարան, պատվոգրեր, պարգեւներ, շնորհակալագրեր ունի:

«Ինչքան տղերք զոհվեցինգ»

Տուն-ինտերնատում ապրող Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներից մեկն էլ Յուլյա Սեմյոնովնա Մարաչնիխն է, ով 6 տարի ծերանոցում է: Յուլյա տատիկը երեխաներ, թոռներ, ծոռներ ունի, ովքեր պարբերաբար այցելում են նրան: «Ես պատերազմի ժամանակ աշխատում էի ռազմական գործարանում եւ վկայականներ, մեդալներ ունեմ»,- ասում է նա: Նույն սենյակում բնակվող երկու տատիկներն ասում են, որ ազգությամբ ռուս Յուլյա տատիկն անսահման սիրում է Երեւանը եւ մեծ վարպետությամբ հայկական երգեր, սերենադներ է նվիրում իրենց: «Կես դար է, ինչ Երեւանում եմ: Իմ ընկերուհիների համար երգում եմ «Սեւ աչերը», «Իմ Երեւանը»,- ժպտալով ասում է նա:

60 տարվա ամուսինները Շահումյանի շրջանից փախչելուց հետո Հայաստանում հայտնվել են այս ծերանոցում: Ռաֆիկ պապը 9 տարի բանակում է ծառայել, եւ Հայրենական Մեծ պատերազմից պատվով դուրս գալուց հետո էլ ականատես է եղել Բաքվի ջարդերին: 81-ամյա այս ծերունին չի ցանկանում թարմացնել հիշողությունները, բայց չի դադարում կրկնել` «Ինչքան տղերք զոհվեցինգ»:

Գոհար տատն էլ հիվանդ է ու ինչ-որ բան մտաբերելիս շփոթվում, խառնվում է իրար. «Մեր 2 երեխեքը փախան Ռուսաստան, մենք չհամաձայնեցինք գնալ իրենց հետ` նեղացան, գնացին: Ոչ էլ նամակ են գրել»,- ասում է նա:

Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Արամայիս Ալոյանի խոսքերով` իրենց մոտ այսօրվա դրությամբ ապրում են 230 տարեցներ, որոնց մեծ մասը կանայք են: Կանոնադրության կարգի համաձայն` տուն-ինտերնատում բնակվում են տարեց, ինչպես նաեւ՝ հաշմանդամության կարգ ունեցող մարդիկ: Պրն Ալոյանը համամիտ չէ այն կարծիքի հետ, թե ծերանոցները գերծանրաբեռնված են: «Ժամանակ կար, երբ մարդիկ հերթագրվում էին ծերանոցում տեղավորվելու համար, իսկ հիմա, երբ դիմում են` նույն օրը հայտնվում են այստեղ: Ի տարբերություն այն ծանր տարիների` մենք հիմա ազատ տեղեր ունենք, ինչը նշանակում է, որ դիմողների թիվը նվազել է: Նախկինում ազատ տեղեր չէին լինում, հակառակը` հերթեր էին գոյանում»: Պրն Ալոյանին հարցնում եմ` «Տպավորություն կա, որ մեր երկրի ծերերը ծերանոցներում իրենց ավելի պաշտպանված են զգում, քան հասարակության մեջ: Դա շատ վտանգավոր է»: Տուն-ինտերնատի տնօրենը խուսափում է պատասխանել հարցին, քանի որ պատասխանը քաղաքական երանգ պետք է ունենար. «Մի քանի տարի առաջ ես քաղաքականությամբ զբաղվում էի, այն ժամանակ քաղաքական պատասխան կտայի, բայց այսօր գործադիր մարմնի մի մասնիկ ենք եւ պարտավոր ենք այս մարդկանց խնամել, պահել: Չեմ կարող ձեր հարցին ուղիղ կամ վերլուծական պատասխան տալ: Պետք է ուղղակի դրսում ապրող տարեց մարդկանց վիճակը համեմատել տուն-ինտերնատում ապրող մարդկանց վիճակի հետ»: