Հանդիսատեսն էլ չվախեցավ

11/05/2007 Զավեն ՍԱՐԳՍՅԱՆ

Մայիսի 4-8-ը Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց այն, ինչի մասին խոսվում էր մի քանի ամիս: «Մի վախեցիր» մինի-սերիալը գովազդվում էր ամենուր. ֆիլմի ցուցանակները փակցված էին Երեւանի փողոցներում: Սա առաջին դեպքն է, երբ հայկական հեռուստատեսությունը զբաղվում է կինոարտադրությամբ: Ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ եւս «վարակիչ» է եղել ռուսաստանյան փորձը: Ինչեւէ, ֆիլմն արդեն ցուցադրվեց, եւ, ի զարմանս շատերի, այն կարելի է համարել հաջողված:

«Մի վախեցիր» սերիալը պատմում է 1990-ականների սկզբի Արցախյան հերոսամարտի եւ երեւանյան կյանքի մասին: Ռայկոմի նախկին քարտուղարի որդին` Արմանը, ով ապրում է կեղծ «ախպեր» տղերքի ու քրեական հանցագործների միջավայրում, հանգամանքների բերումով ակամա հայտնվում է կամավորների ջոկատում: Իսկ Երեւանում նրան սպասում է իր սիրելին` Մարին (Լուսինե Թովմասյան): Ճակատագիրը կփոխի՞, արդյոք, Արմանին, եւ կվերադառնա՞ նա տուն: Ֆիլմի սցենարիստները երեքն են` Լեւոն Գալստյանը, Գնել Նալբանդյանը եւ Արամ Շահբազյանը (նա նաեւ ֆիլմի ռեժիսորն է): Նրանցից յուրաքանչյուրը գրել է սցենարի այն հատվածը, որը ժամանակին ինքը տեսել է, ու որն ավելի «հոգեհարազատ» ու ծանոթ է իրեն: «Մի վախեցիր»-ի կերպարներն այսօրվա դաժան իրականությունն են ներկայացնում` «հաբռգած» անգրագետ պաշտոնյա, ծախվող ընկերներ, կրիմինալի կոծկում եւ այլն: Բայց հետաքրքիրն այն է, որ այդ կերպարներն իրական ձեւով մարմնավորվել են ոչ շատ հայտնի դերասանների կողմից: Արմանի դերում հանդես է եկել Խորեն Լեւոնյանը: Մինչեւ ֆիլմի ցուցադրումը քչերն էին հավատում, որ նա կկարողանա մարմնավորել իր հերոսին: Բայց դա նրան հաջողվել է: Երիտասարդ դերասանը եւ՛ հղփացած երիտասարդ է, եւ՛ «թասիբով» հրամանատար: Խ. Լեւոնյանին հիանալի ձեւով օգնել են իր գործընկերները` երեւանցի Շեֆին, Նալին, Ցնգոյին, Վիգենին եւ այլոց մարմնավորած դերասանները, ինչպես նաեւ այն տղաներն, ովքեր Խորենի հետ միասին վերապրել են պատերազմի տարիները եւ այն հոգեվիճակը, որ ունեցել են մեր ազգի հերոսները: Ղարաբաղյան յուրաքանչյուր տեսարան մի մեծ կյանք է պատկերում, յուրաքանչյուր հերոս մի կերպար է: Ճիշտ է` ժամանակի առումով այդ տեսարաններն այդքան էլ շատ չեն, բայց բավական են, որպեսզի նոր սերնդին պատմեն այդ հերոսական տարիների մասին:

«Մի վախեցիր»-ն այս առումով կարելի է համարել ուսուցողական ժապավեն, որի կարիքը վաղուց էր զգացվում: Ֆիլմի ավարտից հետո հասկանում ես մի բան, որ վերնագիրը ճիշտ է ընտրված: «Մի վախեցիր»-ը մի խոսք է` ուղղված հանդիսատեսին, քանզի ֆիլմը դիտելուց հետո վերջինս սկսում է չվախենալ: Այս պատմության եւ մեր իրականության մեջ ավելի զզվելի են դառնում այն «ցինիկ» ու սուտ օրենքները, որոնք մեզ իշխում են, այլ ոչ թե հերոսական կյանքը, որտեղ միակ օրենքը «ճիշտն» է: Ռազմի դաշտում կռվող սփյուռքահայն ու ղարաբաղցին, լենինականցին ու գավառցին իրենց արժեքներով եղել են ու կմնան ավելի բարձր, քան ռեստորանում «քածերի» հետ քեֆ անող լակոտները: Սա է «Մի վախեցիր»-ի հիմնական մեսիջը, որը ֆիլմի ստեղծագործական խմբի կողմից ճիշտ ձեւով հաղորդվում է հանդիսատեսին: