«Դա ընդհանուր առմամբ գռեհկաբանություն է, անճաշակություն է, քաղաքական ռաբիսություն, ԱԼՄ-ի թուրքական կլկլոցների մակարդակի ֆիլմ,- Հանրային հեռուստաընկերության նկարահանած «Մի վախեցիր» ֆիլմի մասին երեկ այսպես արտահայտվեց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: -Չի կարելի այդպիսի գռեհիկ, ժարգոնախառը ու հայհոյախառը բառերով ներկայացնել քո ժողովրդի լուսավոր, պայծառ շարժումը»: Ա. Մանուկյանի կարծիքով՝ այդ կինոնկարը ծայրից ծայր վարկաբեկել է անկախության շարժումը, վարկաբեկել է շարժման բոլոր լուսավոր պահերը: Նա այդ ֆիլմը ծաղրանք է համարում Ղարաբաղյան պատերազմում զոհված վեց հազար տղաների հիշատակին: Նա համաձայն է տարածված այն տեսակետի հետ, թե ֆիլմի ցուցադրումն ընտրություններից անմիջապես առաջ քաղաքական լուրջ ենթատեքստ ունի: Գլխավոր հերոսն իր ընկերներին հուսադրում է, որ երբ Ղարաբաղից ետ գա, ամեն ինչ լավ է լինելու: Սակայն ավարտին հերոսը զոհվում է: Պարոն Մանուկյանը համաձայն է այն տեսակետի հետ, որ ֆիլմն ուզում էր ապացուցել, թե իրական հերոսները ետ չեն վերադառնում եւ այստեղ տեղ չունեն: Ա. Մանուկյանը համաձայն է, որ ֆիլմի՝ ոստիկանության փոխնախարարի բացասական կերպարով վարկաբեկել են Վանո Սիրադեղյանի կերպարը: «Նույնիսկ մեքենայի համարներն են նույնը վերցրել՝ 10-00,- երեկ ասաց Ա. Մանուկյանը: – Աստված նրանց հետ, թող գնան ինչ զիբիլ ուզում են՝ նկարեն, թող շարժմանը չկպնեն, իրենց կեղտոտ ձեռքերով թող չկպնեն այդ սիրուն գաղափարներին»: