Մարսել Մարսոյի վերջին աշակերտ Վահրամը

11/05/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Վահրամ Զարյանը ծնվել է Սպիտակի շրջանի Նալբանդ գյուղում, եղել է Երեւանի մնջախաղի թատրոնի առաջատար դերասաններից մեկը, հետո Եվրոպա է տեղափոխվել ու փորձել է նախ՝ Գերմանիայում, հետո՝ Ֆրանսիայում սովորել ու աշխատել: Նա հանրահայտ մնջախաղաց, լեգենդար Մարսել Մարսոյի վերջին աշակերտն է եղել, ով ավարտել է Մարսոյի դպրոցն ու այժմ ընդգրկված է «Նոր մնջախաղ» փոքր թատերական խմբում: Այդ թատերախումբը, որի կազմում երեք դերասաններ կան` ֆրանսուհի, ճապոնացի ու հայ, անցյալ տարի Փարիզում համարվել է ամենահեռանկարային ու տաղանդավոր թատերախումբը, ինչի շնորհիվ թատրոնը կարողացել է շարունակել գործունեությունը, իսկ խմբի մասնակիցները հնարավորություն են ստացել, բացի արվեստից, այլ գործերով չզբաղվել: Վահրամը մեծ հաջողության է հասել իր նախընտրած մասնագիտության մեջ. նա պրոֆեսիոնալ է, որին մեծ ապագա է սպասում: Մեր զրույցը փարիզյան սրճարաններից մեկում մենք սկսեցինք թատրոններին հատկացվելիք պետական աջակցության չափի ու ծավալի մասին թեմայից: Ֆրանսիական թատրոնների պատկերը ցույց է տալիս, որ պետությունը չի շտապում ամբողջովին ֆինանսավորել որեւէ կոլեկտիվի աշխատանք, այլ նախընտրում է աջակցել միայն ապագա ու սեփական դեմք ունեցող խմբերին:

Եվրոպական թատերախմբերը հիմնականում ինքնուրույն են գործում եւ ինքնուրույն էլ փորձում եմ ֆինանսներ գտնել` նոր բեմադրություններ անելու համար: Ֆրանսիայում, օրինակ, լիակատար պետական ֆինանսավորում են ստանում միայն մի քանի թատրոններ (Փարիզի «Կոմեդի Ֆրանսեզը», Լիոնի ու Մարսելի թատրոնները), որոնք հսկայական գումարներ են ստանում պետությունից: Միջին հաշվարկով` մեկ թատրոնը տարեկան երեք ներկայացում պատրաստելու համար ստանում է 15 մլն եվրո: Մնացած թատերախմբերն ու բեմերը թատերական մենեջմենթի շրջանառության մեջ են գտնվում: Ընդ որում, պետությունը նույնպես հաճախ հմուտ ու հաշվենկատ մենեջերի կարգավիճակում է հայտնվում` օգնելով այն թատերախմբերին, որոնք ծառայում են Ֆրանսիայի իմիջի բարձրացմանն ու հարստացմանը:

26-ամյա Վահրամ Զարյանը շատ լավ հասկանում է, թե ինչ արժե հաջողությունը, որքան քրտինք ու ջանք է պետք թափել` սեփական յուրահատկությունն ապացուցելու համար:

– Մարսել Մարսոյի հետ ինչպե՞ս հանդիպեցիր:

– Ես համոզված էի, որ անպայման պիտի ճանաչեմ նրան: Նա Փարիզում դպրոց ուներ, որտեղ ես ընդունվեցի: Բայց երկու տարի հետո պարզ դարձավ, որ դպրոցը փակվելու է, ու մեր խմբի անդամները լինելու են նրա վերջին ուսանողները: Մեր խմբում երեսուն մարդ կար, բայց դիպլոմ ստացան միայն երեքը եւ ես՝ այդ թվում: Իրականում այդ դիպլոմը շատ մեծ բան է, դրանով մեզ աշխատելու, կարիերա անելու ու դասավանդելու հնարավորություն է տրվում: Այդ դիպլոմը կարծես աշխատանքի համար ստացած ուսադիր կամ էլ, ֆրանսիացիների խոսքով ասած` քարտ-բլանշ լինի, որի օգնությամբ կարող ես տարբեր թատրոններ մուտք գործել: Մարսոն համարվում է Ֆրանսիայի հպարտությունն ու ազգային սեփականությունը: Ամբողջ աշխարհն է Մարսոյին լավագույն մնջախաղաց համարում: Մարսոն 80-անց մարդ է, բայց մենք դեռ շատ բան ունենք նրանից սովորելու: Դպրոցում հիմնականում օտարներն են սովորում, տարբեր ուղղությունների հետնորդներ կան, որոնք արդեն իսկ որոշ աշխատանք պետք է արած լինեն, որպեսզի կարողանան սովորել: Առանց նախնական պատրաստվածության սովորելն անհնար է, քանի որ սարսափելի ռեժիմ է գործում: Կարծես բանակի ծառայություն լինի, առավոտից մինչեւ երեկո պետք է աշխատես: Մեր խմբում ճապոնացի դերասան կար, որը կաբուկի թատրոնից էր եկել ու սեփական ոճի մշակված շարժումներ ուներ, նա Մարսոյի ոճի չէր, բայց լավագույն ուսանողներից էր համարվում: Մարսոն կարողանում էր տեսնել յուրաքանչյուրի ներուժը: Մերկ բեմում կանգնում ես ու մնջախաղի էլեմենտներն ես անում, այդ ժամանակ պարզ է դառնում` թե ինչի՞ կարող ես ձգտել եւ ինչպե՞ս ես տիրապետում մնջախաղի տեխնիկային: Ընդ որում, մեր քննությունների շարքում բացի տեխնիկայից գնահատվում էր նաեւ յուրաքանչյուրի հեղինակային ներկայացումը, որից ոչ մի մարդ նախապես տեղյակ չէր լինում:

– Դպրոցի համակարգն ինչպե՞ս է աշխատում, Մարսոյի ոճը պարտադի՞ր է համարվում:

– Անձամբ Մարսոն զբաղվում է միայն ամենալավ ուսանողների հետ, նրանց հետ, ովքեր իրավունք պետք է ունենան նրա ուսանողները եւ իր ոճի շարունակողները համարվել: Իրականում, իմ աշխատանքի մեջ ես Մարսոյին չեմ շարունակում, բայց, ուզեմ թե չուզեմ, ես նրան շարունակում եմ, քանի որ երկու տարի` օր ու գիշեր նրա կողքին եմ եղել: Մեր վերջին ներկայացումներից մեկը Մարսոյին է նվիրված, մենք պատկերում ենք ծերանոցում հայտնված երեք արտիստների, որոնք թեեւ բեմից զրկվել են, բայց, միեւնույն է, շարունակում են խաղալ կյանքում, քանի որ խաղն արդեն նրանց երակների մեջ է: Այդ սյուժեն ինձ մոտ ծնվեց, երբ Միլան այցելեցի ու եղա Վերդիի տանը: Վերդին իր տան բակում է թաղված, իսկ նրա տունը Լա Սկալայի ծեր դերասանների համար կարծես վերջին հանգրվանն է դարձել: Տան երկրորդ հարկը ծերանոցի է վերածվել, որտեղ ապրում են այն դերասանները, որոնք արդեն բեմ դուրս գալու հնարավորություն չունեն: Նրանք դեպրեսիա չեն ապրում, հասկանում են պահի արժեքը, քանի որ տանը դաշնամուր կա, ու նրանք կարող են երգել ու ապրել իրենց հարազատ միջավայրում: Դա նման է քաոսային ու շատ գեղեցիկ կյանքի: Ծեր դերասանների համար Վերդիի անշունչ ներկայությունը շատ կարեւոր է դառնում, քանի որ նրանք երգել են «Տրավիատայում» ու այլ հայտնի օպերաներում եւ հիմա էլ շարունակում են երգել: Մարսոն դիտել է մեր այդ ներկայացումն ու մասնագիտական առումով մեզ շատ կոմպլիմենտներ է արել: Բայց թեման նրան այդքան էլ դուր չէր եկել, քանի որ ծեր արտիստի թեման իր համար ցավոտ է. նա գիտակցում է, որ իր լավագույն տարիներն արդեն անցյալում են:

– Դիպլոմ ստանալուց հետո Մարսոյի հետ շփվո՞ւմ ես:

– Մարսոն ամեն ինչ արեց, որպեսզի մենք` երեք լավագույններս, կարողանանք սեփական խումբը ստեղծել: Թատրոն հիմնելու համար մեծ աշխատանք է պետք անել, ասոցիացիա է պետք է հիմնել, ծրագիր ներկայացնել, ապացուցել, որ դու հետաքրքիր ես ֆրանսիացիների համար: Այդ ճանապարհը մենք Մարսոյի շնորհիվ կարողացանք անցնել ու մեր սեփական «Նոր մնջախաղ» թատերախումբը հիմնեցինք: Մարսոն նաեւ հոգեբանորեն օգնեց մեզ, նամակներ գրեց ու երաշխավորեց, որ մենք պատրաստ ենք մնջախաղի թատրոն ստեղծել: Մենք երեք դերասան ունենք, բայց խմբում 20-ից ավելի մարդ կա` ձեւավորողներ, լուսային ու ձայնային բեմադրիչներ, մենեջերներ, դիմակներ պատրաստող վարպետներ: Մենք արդեն երեք տարի գոյություն ունենք: Պետությունն, իհարկե, մեզ ֆինանսապես չի օգնում, բայց ճանաչում է մեր գոյության փաստը:

– Բայց դուք Փարիզի քաղաքապետարանից ֆինանսական օգնություն եք ստանում:

– Փարիզում «Երիտասարդ տաղանդներ» մրցույթ կա, որին մենք մասնակցեցինք ու ճանաչվեցինք տարվա լավագույն երիտասարդ խումբը: Քաղաքապետարանը մեզ գումար տրամադրեց: Այդ գումարը հերիք էր, որ մենք կարողանայինք աշխատանքը սկսել, դահլիճ վարձել, դեկորացիաներ պատրաստել, օրիգինալ երաժշտության համար վճարել:

– Փաստորեն, դա պետական հովանավորության ավելի լավ տարբերակ է:

– Ինչ-որ իմաստով` այո: Մենք, համարվելով Փարիզի լավագույն երիտասարդ խումբը, շատ հյուրախաղերի ենք մասնակցում, շուտով պատրաստվում ենք Կամբոջա մեկնել: Դա արվում է Ֆրանսիայի աջակցության շնորհիվ: Ֆրանսիայում մեծ գումարներ են ծախսվում գովազդի վրա, ներկայացումներին հանդիսատես բերելը շատ դժվար է: Որքան ուզում ես՝ որակ ունեցիր, եթե գովազդ չանես` հանդիսատեսը չի գա: Մենք երկու մենեջեր ունենք, որոնք զբաղվում են ներկայացումներ վաճառելով ու տարբեր թատրոնների ծրագրերում մեր ներկայացումներն են ընդգրկում: Դա մեկ տարի առաջ պետք է արվի, քանի որ թատրոնի ծրագրում կարող է տեղ չլինել: Ես շատ կուզեի, որպեսզի թատերական մենեջմենթի կուլտուրան մտներ նաեւ Հայաստան, որ հայկական ներկայացումները հնարավոր լիներ արտասահմանյան ընկերություններին վաճառել: Ադմինիստրատիվ աշխատանքը նույնքան կարեւոր է, որքան արվեստը: Առանց մենեջերի մենք չէինք կարողանա աշխատել:

– Դրա մեխանիզմները մեզ մոտ չկան:

– Բայց այդ մասնագիտությունը պետք է դասավանդել, այն ուղղակի անհրաժեշտ է:

– Պատմիր այն ներկայացման մասին, որը ցուցադրվել է նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում:

– Այդ ներկայացումը կոչվում է «Լվացք»: Միտքը ծագել էր ինձ մոտ շատ վաղուց, երբ 14 տարեկան էի ու ապրում էի Նալբանդ գյուղում: Երկրաշարժից հետո մենք կորցրել էինք մեր տունն ու ապրում էինք «դոմիկում», հիմա էլ գյուղում շատերը տուն չունեն ու նույն «դոմիկներում» են ապրում: Եվ մայրս ամեն օր փայտե տաշտակում լվացք էր անում ու լվացքը փռում բակում: Ցուրտ եղանակին ես շատ էի սիրում բակ դուրս գալ ու հետեւել այն փոփոխություններին, որոնք տեղի էին ունենում լվացքի հետ: Ես նայում էի լվացքին, որը քամու հետ շարժվում էր, ու մտածում էի` խե՜ղճ շորեր: Լվացքի մեջ ես կենդանի էակներ էի տեսնում, քանի որ նրանք մարդու ֆորմա ունեին, տարուբերվում էին քամու հետ եւ հետո դանդաղորեն քարանում ու արդեն սկսում էին ողջ ծավալով օրորվել: Այդ լվացքի մեջ ես մնջախաղի էլեմենտներ էի տեսնում, ցանկացած շարժում, որն արվում է քամուն հնազանդ` ինձ հուզում է: Եվ մեր փարիզյան ներկայացման մեջ ես օգտագործեցի այդ իմ հույզերն ու հուշերը, ցանկացա լվացքի նյութն իմ մարմնի վրա զգալ: Այդ ներկայացումը երեք անգամ խաղացել ենք Հայաստանի տարվա շրջանակներում: Եվ խաղացվել է այն թատրոնում, որը նախկինում լվացքատուն է եղել, իսկ հիմա «Փարիզի մոդեռն թատրոն» է կոչվում: Թատրոնում պահպանվել են այն հսկայական քարերը, որոնց օգնությամբ հին ժամանակներում լվացք են արել, իսկ շենքը համարվում է հուշարձան:

– Մնջախաղն անընդհատ զարգացման մեջ է, այն շատ գեղեցիկ ու մոբիլ ժանր է: Համառությունն այդ գործում գուցե նույնքան կարեւոր է, որքան տաղանդը:

– Մնջախաղը Եվրոպայում շատ բարդ իրավիճակում է գտնվում, հանդիսատեսը մնջախաղից կարծես միշտ նոր բան է սպասում: Շատերը հիմա մնջախաղի թատրոն չեն էլ կոչվում, այլ նախընտրում են ավելի մոդեռն` «շարժման», «պլաստիկայի թատրոն» անվանումները: Մնջախաղ ասելով` եվրոպացիները պատկերացնում են սպիտակ դեմքով, դեմքերին գրիմի հաստ շերտ քսած դերասանների, իսկ մնջախաղը վաղուց արդեն այդպիսին չէ: Պետք է համառ լինել, որպեսզի կարողանաս տեխնիկապես միշտ լավ ֆորմայի մեջ լինել ու նոր գաղափարներ ունենալ:

– Իսկ հային հատուկ համառությունն օգնո՞ւմ է Փարիզում ինքնահաստատվելուն:

– Ինձ հաճախ ասում են, որ ես մի քիչ վերեւից եմ նայում աշխարհին ու բավականին վստահ եմ ինձ զգում: Ֆրանսիացիները հիմնականում շատ մեղմ ու բարի են ու հայերին մի քիչ մեծամիտ են համարում, քանի որ հայերը կարող են վստահությամբ մի գործ անել, որի արդյունքները լավ չեն հաշվարկել: Հայերի մասին վատ կարծիք էլ կա, բայց ես աշխատում եմ վիրավորանքները ցավագին չընդունել ու, որքան հնարավոր է, ներկայացնել մեր երկրի պատմությունն ու մշակույթը: Ես Ֆրանսիայում ինձ շատ լավ եմ զգում, թեեւ գիտեմ, որ վաղ թե ուշ պետք է Երեւան վերադառնամ: