Խուզարկություններ ընդդիմադիրների բնակարաններում

09/05/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախընտրական լարվածությունը Հայաստանում աստիճանաբար մոտենում է գագաթնակետին: Ամենայն հավանականությամբ, առաջիկա 10 օրում ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ իրավապահ մարմինների կողմից կհարցաքննվեն, գուցեեւ ձերբակալվեն, որովհետեւ հիմա արդեն պարզ է, որ պնդումներն այն մասին, թե հասարակությունը հիասթափվել է, էլ փողոց դուրս չի գա եւ այլն, իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում:

Իրական ընդդիմության հանրահավաքները գնալով ավելի ու ավելի մարդաշատ են դառնում, ինչը լրջորեն սկսել է անհանգստացնել իշխանություններին: Վերջիններս շատ են վախենում, որ ինչ-որ «չար ուժեր» կարող են հեղափոխություն անել Հայաստանում: Իսկ հեղափոխության հնարավորությունը նվազեցնելու համար պետք է հնարավորինս վերահսկել ՀՀ մտնող գումարները: Եվ ահա մայիսի 5-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Երեւանում ընդդիմադիրների բնակարանների ու գրասենյակների խուզարկություններ է իրականացրել: Խուզարկվել են «Քաղաքացիական անհնազանդության շարժման» հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բնակարանները: Վերջինիս բնակարանի խուզարկությունը տեւել է վեց ժամից ավելի: Խուզարկությունների համար եղել է դատարանի համապատասխան որոշում: Խուզարկության միջնորդագրում նշված է եղել. նախաքննությամբ պարզվել է, որ ապրիլի 24-26-ը ՌԴ Մոսկվա քաղաքում Վ. Շիրխանյանը եւ Ա. Արզումանյանը, նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզած անձանց հետ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման վերաբերյալ, թաքցրել ու խեղաթյուրել են փաստացի իրենց համար նախատեսված, սակայն դրածո 9 անձանց 2007թ. ապրիլի 27-ին «Կոնվերս» բանկի միջոցով մաս-մաս, յուրաքանչյուրի անվամբ փոխանցված 19.800-ական ԱՄՆ դոլարի իրական բնույթը, ծագման աղբյուրը, տեղաշարժը եւ տնօրինման եղանակը: Իսկ ահա ԱԱԾ-ի՝ երեկ տարածած հաղորդագրության մեջ նշված է, թե Ա. Արզումանյանն ու Վ. Շիրխանյանը համաձայնության են եկել ՀՀ դատախազության թիվ 62205103 քրեական գործով 2005-ից ֆինանսական զեղծարարությունների համար հետախուզման մեջ գտնվող, ՀՀ-ում նախընտրական շրջանում որոշակի նպատակներ հետապնդող եւ դրանց իրագործման ակնկալիքներ ունեցող ՌԴ քաղաքացի Լեւոն Գրիգորի Մարկոսի հետ՝ իրենց միջոցով կազմակերպելու կասկածելի ծագում ունեցող գումարների ՀՀ տեղափոխումը եւ օրինականացումը: «Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (փողերի լվացում.-Ռ.Թ.): Քրեական գործի շրջանակներում ս.թ. մայիսի 5-ին նշված անձանց բնակարանների խուզարկության արդյունքում հայտնաբերվել են խոշոր չափի գումարներ արտարժույթով: Ա. Արզումանյանի բնակարանում խուզարկությամբ առգրավված 55.400 ԱՄՆ դոլարի ծագման եւ օգտագործման վերաբերյալ վերջինս հարցաքննության ժամանակ հրաժարվել է ցուցմունք տալուց: Գործը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում: Սակայն պարզվում է, որ խուզարկողները փնտրել են նաեւ ապօրինի զենք, զինամթերք, որը, սակայն, չեն գտել: Խուզարկությունների եւ ԱԱԾ «բացատրությունների» հրավիրելու շարքն այսքանով չի ավարտվել: Երեկ ԱԱԾ-ում բացատրություններ է տվել «Քաղաքացիական անհնազանդության շարժման» խորհրդի անդամ Արարատ Ասրյանը: Երեկ ԱԱԾ էր հրավիրվել նաեւ «Քաղաքացիական անհնազանդության» մեկ այլ ակտիվիստ՝ Արկադի Կարապետյանը: Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք կատարվածը, Ա. Կարապետյանը երեկ այսպես արձագանքեց. «Ո՞նց ասեմ, որ քաղաքակիրթ լինի. գործ են սարքում, էլի»: Նա ԱԱԾ է հրավիրվել հեռախոսով՝ ոմն քննիչ Պապոյանի զանգով: Պապոյանը Ա. Կարապետյանին հրավիրել է պարզաբանումներ տալու, բայց չի ասել, թե ինչի՞ մասին: Ա. Կարապետյանը տեղեկացրեց, որ վերջին անգամ Մոսկվայում եղել է 2002-ին: Ի դեպ, մայիսի 5-ին խուզարկվել է նաեւ Գագիկ Խաչատրյանի («Ձոն Պազոլինիի» գրքի հեղինակն է) տունը: Նա էլ է ինչ-որ ժամանակ Մոսկվայում եղել: Գ. Խաչատրյանի տնից առգրավվել են համակարգչի պրոցեսորը: Վ. Շիրխանյանն այս ամենը համարում է իշխանությունների վախի դրսեւորում: Երեկ նա լրագրողներին ասաց նաեւ, որ իրականում իր մոսկվացի բարեկամներից ստացել է մոտ 60 հազար դոլար, որը նրան անհրաժեշտ է եղել դստեր ամուսնությունը կազմակերպելու եւ «Հայաստանի շանհայական ակումբ» հասարակական կազմակերպության համար տարածք վարձակալելու համար: Վ. Շիրխանյանը նշեց նաեւ, որ Մոսկվայում ինքը չի հանդիպել ո՛չ Ա. Արզումանյանի, ո՛չ էլ Լեւոն Մարկոսի հետ: «Իմ տանը կատարված խուզարկության արդյունքում առգրավվել է 28 հազար դոլար եւ համակարգիչ, որոնք խոստացել են վերադարձնել քննություն իրականացնելուց հետո»,- նշեց Շիրխանյանը՝ հավելելով, որ մեղադրանք, հավանաբար, կներկայացնեն ավելի ուշ: Իսկ Ա. Արզումանյանը երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Քաղաքացիական անհնազանդության» շարժման հրավիրված քննարկման ժամանակ նշեց, որ ինքը որեւէ բան թաքցնելու խնդիր չունի, եւ իր գործունեությունը բոլորի աչքի առջեւ է: Նա վստահ է, որ իր եւ իր գործընկերների նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Նախկին արտգործնախարարը երեկ պնդեց, որ ինքն օրենքի հետ երբեք խնդիրներ չի ունեցել եւ չի կարող ունենալ: «Իմ տանը չէր կարող գտնվել մի բան, որն օրենքով արգելված է»,- նշեց նա: Նրա խոսքերով՝ եթե իշխանությունը նման գործելակերպով ուզում է փակել իրենց բերանը, ուրեմն՝ դա իշխանությանը չհաջողվեց, որովհետեւ իրենք օրենքի հետ կոնֆլիկտ չունեն ու երբեք իրենց բերանը փակել չի հաջողվի. իրենք պայքարելու են այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում իշխանությունը չի ձեւավորվել արդար ընտրությունների միջոցով: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱԱԾ-ում իր բացատրությունների հետ կապված՝ նա նշեց. «Ես ընդհանրապես տեղյակ չեմ՝ դա ի՞նչ գործ է, ի՞նչ փաստ է, եւ ես հայտարարել եմ, որ որեւէ հարցի հրաժարվում եմ պատասխանել, որովհետեւ մեղադրական նոտաներ են հնչում հարցադրումների մեջ: Եթե կա մեղադրանք, ապա ինձ պետք է մեղադրանք առաջադրել եւ ընտրել խափանման միջոց, եթե չկա՝ ես վկայություն չեմ տալիս»: Ա. Արզումանյանը նշեց, թե ինքն ապրիլի 24-ին գնացել է Մոսկվա՝ Բորիս Ելցինի հուղարկավորությանը մասնակցելու: «Այդ օդանավում եղել են տասնյակ մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, անշուշտ, եւ որոնցից մի 15-ին ես եմ ճանաչում: Դա շատ նորմալ չվերթ է, բոլոր գործ ունեցող մարդիկ գնում են առավոտյան չվերթով, վերադառնում են վերջինով: Դա շատ նորմալ պրակտիկա է, նույնը ուներ եւ՛ Շիրխանյանը, եւ՛ շատ ուրիշներ, որ օդանավում էին: Ես չեմ կարծում, որ մարդիկ օդանավից իջնում են, ասում են, լվացքի մեքենա կա փող լվալու, եկեք գնանք փող լվանք: Սա աբսուրդ է»,- նշեց նա՝ պնդելով, որ ինքը որեւէ փոխանցված գումար չի ստացել: Ա. Արզումանյանը նկատեց նաեւ, որ իր եւ «Քաղաքացիական անհնազանդության շարժման» այլ անդամների հասցեին «աբսուրդ մեղադրանքները ներկայացվել են հատկապես այն ժամանակ, երբ շարժումը հայտարարեց, որ ակտիվացնում է իր գործունեությունը եւ մտադիր է բոլոր միջոցներով աջակցել ընդդիմության այն հատվածին, որն իրապես պահանջում է իշխանության փոփոխություն»: Ա. Արզումանյանի գնահատմամբ՝ այս ամենը քաղաքական ճնշում է: Իսկ եթե այս ամենը զուտ քաղաքական դրդապատճառներ ունի, ինչո՞ւ է այն իրականացվում հենց Ա. Արզումանյանի ու իր համախոհների նկատմամբ, երբ կան ավելի ակտիվ ու արմատական ընդդիմադիր ուժեր: Կարո՞ղ է Ա. Արզումանյանը պատրաստվում էր միանալ իմպիչմենտ պահանջող ուժերին: «Ես պատրաստվում եմ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում ձեւավորվեն նորմալ իշխանություններ: Չգիտեմ՝ ինչ են անում: Կանխում են իմ հնարավոր քաղաքական գործունեությո՞ւնը, կանխում են իմ՝ հնարավոր նախագահականին դնելու հնարավորությո՞ւնը, չգիտեմ՝ ինչն են կանխում: Դա իրենց հարցրեք: Ես պրոբլեմ չունեմ»,- պատասխանեց նախկին արտգործնախարարը: