Յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը Երեւանի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում բաց դռների օր է: Մարդիկ այցելում են վաղ առավոտից: Գալիս են նույնիսկ հեռու շրջաններից, իմանալով, որ գոնե այդ օրն իրենց մասին առանց փողի հոգ կտանեն: Ամսվա այս մեկ օրը կարելի է անվճար հետազոտվել: Վարդենիսից երկու կին, տեղեկանալով այս մասին, հիվանդանոց էին եկել՝ բերելով ծանր վիճակում հայտնված մեծահասակ մի մարդու: Իսկ տիկին Ժենյան դարձել է ամենամսյա այցելու: Այս մեկ տարվա հաճախումների արդյունքում նրան բոլոր բժիշկներն արդեն ճանաչում են: «Այսքան ուշադիր ու բարեհամբույր բժիշկներ ոչ մի տեղ չկան: Ես միշտ հոսպիտալներում եմ ստուգվել, բայց էս անգամ եկա էստեղ ու շատ գոհ եմ»,- ասում է նախկին զինվորական Ջանիբեկ Մկրտչյանը՝ էլէկտրասրտագրության սենյակից դուրս գալով: Առավոտյան ժամը 11-ն է: Բժշկուհին ասում է, որ պապիկը Վարդենիսից այսօր թվով իններորդ հիվանդն է: Ընդհանրապես այս օրերին 20-25 հիվանդ է ընդունվում: Արժե նշել, որ կանոնավոր կերպով ոչ մի այլ բուժհաստատություն նման միջոցառում չի կազմակերպում, իսկ եթե կազմակերպում է, ապա ոչ թե անվճար, այլ 50% զեղչով: Անապահով խավի համար դա մեծ նվեր է, որովհետեւ նույնիսկ ամենասովորական հետազոտությունները նրանց համար մատչելի չեն: Միջանցքում բժշկին տեսնելու իր հերթին էր սպասում նաեւ կոնսերվատորիայի ուսանող 20-ամյա երիտասարդը, որը գանգատվում էր բարձր ճնշումից՝ սա իբրեւ ապացույց, որ սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդանում են:
Համաշխարհային վիճակագրությամբ, մարդկանց հիվանդությունների 54%-ը կազմում են սրտի հիվանդությունները: Հատկապես տարածված են սրտի իշեմիկ հիվանդությունը, ուղեղի կաթվածը եւ հիպերտոնիան: Ինչպես նշում է Երեւանի գլխավոր սրտաբան Կառլեն Ադամյանը, այսօր ողջ աշխարհը պայքարում է երկարակեցության համար: Բայց տարիքն ինքնին ռիսկի գործոն է սիրտ-անոթային հիվանդությունների համար: Տարեցների մոտ ավելի հաճախ հանդիպում է սրտային անբավարարությունը: Հայաստանում այսօր կիրառվում են բուժման ու վիրահատությունների համաշխարհային պրակտիկայի բոլոր եղանակները՝ սկսած սրտի բնածին ու ձեռքբերովի արատներից, վերջացրած ինվազիվ մեթոդներով՝ անգիոպլաստիկա եւ աորտակորոնար շունտավորում: Վերջին տարիներին ինվազիվ մեթոդների պրակտիկան ավելի գերադասելի է, քան շունտավորումը: Այս եղանակի էությունը կայանում է նրանում, որ նեղացած աթերոսկլերոտիկ անոթները լայնացվում են հատուկ մետաղական ստենտներով եւ վերականգնում արյան հոսքն այդ անոթներում: Հետագայում թրոմբոզներից խուսափելու համար օգտագործվում են արյան մակարդելիությունն իջեցնող ստենտներ: Այս տարվա սկզբից Սրտաբանության ինստիտուտում նման եղանակով վիրահատել են 38 մարդու: Այս եւ այլ բարդ վիրահատությունները, օրինակ` սրտի փականների պրոտեզավորում` արատների ժամանակ, Հայաստանում կատարվում են մի քանի անգամ ավելի էժան, քան ողջ աշխարհում: Օրինակ, սիրտը սնող անոթների շունտավորումն արժե 3000 ԱՄՆ դոլար: Ռուսաստանում նույն վիրահատությունը կարելի է անել 8-10.000 դոլարով: