Կարեւորը ժողովրդի գնահատականն է

09/05/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

– Ինչո՞վ է պայմանավորված դիտորդների գործունեության անհրաժեշտությունը նախընտրական այս շրջանում:

– Առաջիկա խորհրդարանական ընտրություններն ունեն մեկ առանձնահատկություն: Վերջերս փոխվել է ընտրական օրենսդրությունը, եւ անհրաժեշտ է, որպեսզի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, յուրաքանչյուր վստահված անձ լավ տիրապետի օրենսդրությանը: Հնարավոր են խախտումներ, որոնք պարզապես կարող են կապված լինել օրենքի չիմացության հետ: Այդ առումով` բավականին մեծ աշխատանք է տարվում բոլոր կուսակցությունների կողմից, ինչը շատ ողջունելի է: Դիտորդները եւս ակտիվորեն մասնակցում են այդ գործընթացին: Դիտում են, թե ինչպես է այս պահին անցնում ուսումնառությունը եւ, կարծես թե, բավարարված են այն աշխատանքով, որ տարվում է բոլորի կողմից: Ընդհանուր առմամբ, քաղաքական դաշտում հանգիստ մթնոլորտ է տիրում, եւ մեծ հույսեր ենք տածում, որ այս ընտրությունները կանցնեն այն ձեւով, ինչպես ակնկալում ենք եւ որին արժանի ենք: Ի վերջո, ազատ եւ արդար ընտրությունների անցկացման մեր նպատակը դիտորդներին հաճոյանալը չէ, այլ՝ որպեսզի ժողովուրդը զգա, որ սա իր ընտրած իշխանությունն է: Իշխանություն, որն ընտրվելով, պատասխանատվություն է ստանձնում իր յուրաքանչյուր խոսքի համար:

– Ի՞նչ աշխատանք է տանում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանձնաժողովի անդամներին եւ վստահված անձանց նախապատրաստելու ուղղությամբ:

– Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանրապետության բոլոր շրջաններում կազմակերպում է հանդիպումներ վստահված անձանց հետ: Նյութեր ենք նախապատրաստել, որոնք տարածում ենք վստահված անձանց շրջանակներում, որպեսզի նրանք հստակ գիտակցեն իրենց պարտականությունները: Նյութը կարծես թե հաջողված է: Մեզնից այդ նյութը խնդրել են մի շարք այլ կուսակցություններ եւս, ու մենք, առանց վարանելու, տրամադրել ենք: Այժմ նկարահանում ենք ընտրական գործընթացներին վերաբերող ուսումնական ֆիլմ: Կրկին պատրաստ ենք այն տալ բոլոր ցանկացողներին, անկախ այն հանգամանքից` նրանք հանձնաժողովներում ՀՀԿ-ի ներկայացուցիչնե՞րն են, թե՞ ոչ: Մեր ռեսուրսներն այս առումով չենք խնայում եւ պատրաստ ենք տրամադրելու բոլորին: Դիտորդները ողջունում են այս գործընթացը: Նրանք մի քանի անգամ մասնակցել են վստահված անձանց հետ հանդիպումներին եւ ողջունում են, որ մենք այդքան պատասխանատվությամբ ենք մոտենում խնդրին:

– Ինչպե՞ս է ծավալվում համագործակցությունը դիտորդների հետ:

– Դիտորդները հաճախակի են նշում, թե որտեղ ինչ խնդիրներ են տեսնում: Մենք փորձում ենք արագորեն արձագանքել: Թերություններ կարող են լինել, սակայն մեր նպատակն է, որպեսզի վերացնենք այդ թերությունները, ոչ թե պարզապես արձագանքենք դրանց ի հայտ գալուց հետո:

– Ի՞նչ բնույթի թերությունների մասին են խոսում դիտորդները:

– Օրինակ, դիտորդներն ուշադրություն էին դարձրել, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թաղման օրն ընտրատարածքային հանձնաժողովը փակված է եղել: Անմիջապես արձագանքեցինք, եւ դիտորդները համոզվեցին, որ այդ հանգամանքը որեւէ կերպ չի անդրադառնում ընտրական գործընթացների վրա: Փորձում ենք այնպիսի աշխատանք կատարել, որ բացառենք հետագայում թերությունների ծագումը: Իհարկե, աշխատում ենք այն ծավալով, որքանով այն վերաբերում է Հանրապետական կուսակցությանը:

– Դիտորդների անարգելք աշխատանքի համար բոլոր պայմանները ստեղծվա՞ծ են:

– Համենայնդեպս, մինչ օրս դիտորդներից արձագանքներ չենք ստացել այն մասին, որ կուսակցությունների կամ հանձնաժողովի անդամների հետ աշխատելիս որեւէ արգելքի հանդիպած լինեն:

– Ինչպե՞ս եք գնահատում մյուս կուսակցությունների աշխատանքը դիտորդների հետ:

– Իմ տպավորությունն այն է, որ դիտորդները բավարարված են իրենց հանդիպումներից: Կուսակցությունների հետ բավականին ակտիվ են աշխատում: Երկու կուսակցություն կար, որոնց առթիվ որոշակի մտահոգություն կար, բայց կարծես թե ամեն ինչ շտկվել է:

– Հանրապետական կուսակցությունում թեժ հեռախոսակապ է գործում: Ի՞նչ արդյունավետություն է այն ունեցել:

– Հեռախոսակապը գործում է, որի արդյունքում բազմաթիվ արձագանքներ ենք ստանում հնարավոր խախտումների մասին: Հարկ է նշել, որ լուրջ խախտումներ գրեթե չեն եղել: Լինում են ապատեղեկատվություններ, որ պետական այսինչ կառույցի վրա փակցված է Հանրապետական կուսակցության նախընտրական պաստառը: Ստուգում ենք, եւ պարզվում է, որ այդպես չէ: Եթե նման դեպքեր լինում են, անմիջապես արձագանքում ենք եւ փորձում ենք շտկել:

– Որքանո՞վ եք վճռորոշ համարում դիտորդների գնահատականն առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

– Հույժ կարեւոր է, որպեսզի դիտորդների կարծիքը լինի դրական: Բայց մեզ համար առավել կարեւոր է ժողովրդի գնահատականը, որովհետեւ իշխանության հզորությունը եւ ուժը պայմանավորված է ժողովրդի վստահությամբ ընտրական գործընթացների նկատմամբ:

– ՀՀԿ-ն ի սկզբանե հայտարարել է, որ ամեն ինչ անելու է ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար: Դիտորդների կողմից որեւէ արձագանք եղե՞լ է այդ հայտարարություններից հետո:

– Մենք այդ մասին չենք թմբկահարում, այլ իսկապես լուրջ քայլեր ենք ձեռնարկում, երբեմն՝ անգամ ներկուսակցական կոշտ քայլեր: Ընտրությունների արդար անցկացման համար պատասխանատու են բոլոր կուսակցությունները, անկախ նրանից` ընդդիմադի՞ր են, թե՞ գտնվում են իշխանության ղեկին: ՀՀԿ-ն, լինելով գերիշխող իշխանական մյուս կուսակցությունների շրջանում, պարտավոր է կրկնակի կամ քառակի անգամ ավելի շատ պատասխանատվություն ստանձնել, ինչին եւ մենք պատրաստ ենք: