Թանկացումներ Ղարաբաղում

09/05/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Վերջերս հրապարակվել է Ղարաբաղում 50 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկը, ըստ որի՝ «Բեյզ Մեթըլս» ընկերությունում աշխատում է թվով 1123 մարդ, «Արցախէներգո» ընկերությունում` 918 մարդ, «Ղարաբաղ Տելեկոմում»` 778, «Արցախգազում»` 315, «Ղարաբաղ Գոլդում»` 221:

Հանրապետական հիվանդանոցն ունի 199, Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկան`123 աշխատող: «Արցախանտառ» ընկերությունում կա 186 աշխատող, «Արցախփոստում»` 165: 142 աշխատող ունի «Հայկ ժամացույց եւ ոսկերչություն» ընկերությունը, 134-ը` «Արցախկապը», նույնքան աշխատող ունի նաեւ Մարտունու «Լուսակերտ» ընկերությունը, 127-ը` «Արցախբանկը», 126-ը` «Արցախ Ալկոն»: 114 աշխատող կա Ստեփանակերտի գինու գործարանում, իսկ 107` Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունում: Ցուցակում ընդգրկված են 49 ընկերություններ, որտեղ ընդհանուր հաշվով աշխատում է 8531 հոգի:

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ. հունվար-մարտին հանրապետությունում զբաղվածների (վարձու աշխատողներ) միջին ցուցակային թվաքանակը կազմել է 37.112 մարդ, որը 2006թ. հունվար-մարտի համեմատ ավելացել է 2059 մարդով կամ 5.9 տոկոսով: Ընդ որում, արդյունաբերության ճյուղում զբաղվածների միջին ցուցակային թվաքանակն ավելացել է 10.6 տոկոսով, շինարարությունում`19.0 տոկոսով, կառավարման եւ պաշտպանության ճյուղում` 6.3 տոկոսով, առեւտրում` 5.2 տոկոսով, կրթությունում`4.3 տոկոսով, բնակկոմունալ տնտեսության եւ կենցաղսպասարկման ճյուղում` 10.7 տոկոսով, առողջապահությունում` 5.0 տոկոսով:

Այս տարվա հունվար-մարտին տնտեսության մեջ զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 64.663 դրամ, որը 2006թ. հունվար-մարտի համեմատ իրական աճել է 13.5 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձի նկատելի աճ է գրանցվել ֆինանսներ եւ վարկի, շինարարության, արդյունաբերության, կրթության, սոցիալական ապահովության եւ ապահովագրության ճյուղերում:

Բնակչության եկամուտների նման աճի պայմաններում մի քանի անգամ աճում է բանջարեղենի եւ մրգերի գինը, ինչն էլ բողոքի թեմա է դարձել հասարակության շրջանում: Կտրուկ թանկացել է, օրինակ, խնձորի գինը. ներկայումս Ստեփանակերտի շուկաներում 1կգ խնձորն արժե 600-700 դրամ: Իսկ բնակչությունը, մասնավորապես՝ գյուղացիները, բողոքում են կարտոֆիլի գնից, որի 1կգ-ն արժե 400-500 դրամ: Ասել է թե` գյուղացին այդ գնով պետք է կարտոֆիլ գնի ու ցանի, քանի որ եղանակային պայմանների պատճառով շատերն այս տարի չեն հասցրել կարտոֆիլ ցանել, իսկ հիմա արդեն նոր կարտոֆիլը շուկայում վաճառվում է 1300-1600 դրամով:

«Շատ վատ վիճակում ենք հայտնվել,- ասում է Մարտունու շրջանի բնակիչ Վյաչեսլավ Սարգսյանը,- Հերիք չէ՝ անձրեւներն են խանգարել մեր վարուցանքին, հիմա էլ կարտոֆիլն է թանկացել: Անկեղծ ասած, չգիտեմ՝ ցանե՞մ, թե՞ չէ: Չցանեմ` սոված կմնանք, իսկ եթե ցանեմ` համոզված չեմ, որ կկարողանամ ավելի բարձր գնով վաճառել: Երկմտանքի մեջ եմ»:

Ստեփանակերտի բնակչուհի, թոշակառու Գալյա Ավանեսյանն էլ ասում է, որ լավագույն դեպքում շաբաթական մեկ անգամ է կարողանում 1-1.5 կգ կարտոֆիլ գնել, քանի որ ստացած թոշակը թույլ չի տալիս շատ գնել: «Նախկինում միսը չէինք կարողանում գնել, իսկ հիմա էլ դրան գումարվել են կարտոֆիլը, խնորը, ինչո՞ւ չէ` գազարն ու բողկը: Ախր այնքան գումար չենք ստանում, որ ամենից առնենք, գոնե անհրաժեշտ սննդամթերքն էինք հասցնում, իսկ այժմ այդ հնարավորությունն էլ չունենք: Ինչպե՞ս ապրենք, ասեք, երբ տարին մեկ անգամ 20-30 տոկոսով թոշակ են բարձրացնում, իսկ օրեցօր մի քանի անգամ մթերքների գներն են աճում»,- հարցնում է տիկին Գալյան: