ՕԵԿ-ի հետ ճանապարհ չունենք անցնելու

09/05/2007

Իմ այս հայտարարությունը պայմանավորված է ներկա իրավիճակի թելադրանքով ու այն պատասխանատվությամբ, որն զգում ենք յուրաքանչյուրս մեր երկրի ներկայի ու ապագայի հանդեպ: Իսկ հայտարարության համար հիմք են հանդիսացել Ժողովրդադեմոկրատական կուսակցության հիմնադիրների եւ տարածքային կազմակերպությունների ղեկավարներից շատերի հետ իմ հանդիպումներն ու քննարկումները: Այնպես որ, հայտարարությունն արվում է իմ եւ ԺԴԿ հիմնադիրների ու տարածքային կազմակերպությունների ղեկավարների մեծամասնության անունից եւ ուղղված է նախ եւ առաջ ԺԴԿ բոլոր այն անդամներին, ովքեր դեռեւս անդամակցում են «Օրինաց երկիր» կուսակցությանը, ինչպես նաեւ մեր բոլոր համախոհներին ու համակիրներին: Այսօր ապրում ենք մեր երկրի համար բախտորոշ մի ժամանակաշրջանում: Մայիսի 12-ի ընտրություններից է կախված, թե ինչպիսի երկրում ենք ապրելու վաղը, այդ իսկ պատճառով մենք շատ ենք կարեւորում ընտրությունների ազատ, արդար անցկացումը, մարդկանց հավատի վերականգնումը ընտրությունների հանդեպ: Հատկապես, եթե հիշենք, որ 2003թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելով` մեզ վրա զգացել ենք, մեղմ ասած, ոչ արդար ընտրությունների հետեւանքները: Դրանից հետո էր, որ մեր կուսակցության արտահերթ եւ ՕԵԿ 6-րդ համագումարներում կայացվեցին որոշումներ երկու կուսակցությունների միավորման մասին: Չնայած տարաբնույթ մեկնաբանություններին, քաղաքական այդ քայլին մենք գնացինք` հաշվի առնելով այն իրողությունը, որ ստեղծվել էր քաղաքական նոր իրավիճակ, երկրի, պետության զարգացման նոր հեռանկարներ` ի դեմս կոալիցիայի, որը պետք է որ դառնար կայունության եւ ծրագրավորված առաջընթացի երաշխավորը: Դրա հետ մեկտեղ, մեր համոզմամբ, երկու կուսակցությունների միավորումը կարող էր դառնալ քաղաքական ուժերի խոշորացման, երկրի ու պետականության ամրապնդման համար համատեղ գործելու լավ օրինակ:

Ցավոք, անցած երեքուկես տարիների ընթացքում մենք կոնկրետ Արթուր Բաղդասարյանի պարագայում այդպես էլ չնկատեցինք խոսքի ու գործի համապատասխանություն, իսկ անձնական շահերն այդպես էլ չստորադասվեցին երկրի, պետության ու ժողովրդի շահերին: Անկեղծությունը, ազնվությունը, հավասարակշռվածությունը Արթուր Բաղդասարյանի համար երբեք գերակա չդարձան: Համատեղ աշխատանքի ընթացքում մենք տեսանք անձի կուսակցություն` կառուցված պոպուլիզմի ու բլեֆի վրա: Նաեւ այս պատճառով էր, որ մեր ընկերներից շատերն անցած տարիների ընթացքում հեռացան ՕԵԿ-ից: Համոզված եմ, որ այս գնահատականների հետ համամիտ են նաեւ նրանք, ովքեր դեռեւս շարունակում են մնալ կուսակցության մեջ: Այդուամենայնիվ, ցավոք, դեռեւս կան մարդիկ, ովքեր հավատում են այդ բլեֆներին, ու դա է հիմնական շարժառիթը, որ դիմելով բոլոր ԺԴԿ-ականներին, մեր համախոհներին ու համակիրներին` հայտարարում եմ, որ մենք ճանապարհ չունենք անցնելու ՕԵԿ-ի հետ: Իհարկե, դուք ազատ եք ձեր ընտրության մեջ, սակայն այս պատասխանատու պահին շատ կարեւոր է, որ մայիսի 12-ին չսխալվեք ձեր կատարելիք որոշման մեջ: Այս ամենի մասին հայտարարում եմ հիմա` ընտրություններից առաջ, որպեսզի հետո չմեղադրեք, թե ինչու շուտ չէիք բարձրաձայնում այդ մասին: Ավարտելով խոսքս` ուզում եմ փաստել, որ անցած տարիներն ապացուցել են, որ մենք` ԺԴԿ-ականներս, հավատարիմ ենք մնացել մեր մոտեցումներին, սկզբունքներին եւ առաջին հերթին՝ միմյանց: Ուստի, վերստին հայտարարելով, որ մենք ՕԵԿ-ի հետ ճանապարհ չունենք անցնելու, կարծում եմ, որ անհրաժեշտություն կա ընտրություններից հետո հավաքվելու եւ միասին խորհրդակցելու մեր ներուժի համախմբման ու հետագա համագործակցության ուղիների շուրջ, քանզի համոզված եմ, որ մեր երկրի քաղաքական կյանքում մենք ունենք եւ՛ ասելիք, եւ՛ անելիք:

Գագիկ ԱՍԼԱՆՅԱՆ
07.05.2007թ.