Կրկնակի ստանդարտներ՝ ընտրապայքարում

09/05/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Նախընտրական մրցապայքարում կուսակցություններն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով ծախսել մինչեւ 60 մլն դրամ: Ինչպե՞ս են տեղավորվելու այս թվի մեջ, երբ մի քանի անգամ աճել է հեռուստաեթերի եւ գովազդային վահանակների համար գինը:

Սա այն դեպքն է, երբ պետք է հաշվել ուրիշի փողերը, եւ այս գործին է «լծվել Թրանսփարենսի ինթերնեյշնլ-Հայաստան» հասարակական կազմակերպությունը: Վերջնական թվերով այս կազմակերպությունը կխոսի նախընտրական քարոզարշավի ավարտից հետո, իսկ նախնական դիտարկումներով արձանագրում է, որ կոռուպցիայի համար ուղղակի նախապայման է ստեղծում 2003թ. ընտրությունների համար սահմանված 60 մլն դրամի շեմը չփոփոխելը, թեպետ նախորդ տարիների համեմատ աճել են ծառայությունների գները: Ըստ կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանդյանի՝ 2003թ. էլ իրենց ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են սահմանված գումարի եւ առաջարկվող ծառայությունների գնի միջեւ տարբերություններ: Սակայն իրավասուները մեկնաբանել են, որ ծառայությունների գների մասով զեղչեր են կատարվել, ուստի կուսակցությունները կարողացել են տեղավորվել օրենքով սահմանված գումարի մեջ: «Ակնհայտ է, որ սահմանված 60մլն դրամի շրջանակներում այս անգամ չեն կարող տեղավորվել որոշ կուսակցություններ: Բավականին թանկ հաճույք են կազմակերպվող համերգները, փակ տարածքների վարձակալումը եւ այլն: Թվում է, թե իշխանությունների կողմից սատարվող կուսակցություններն առաջինը կխախտեն օրենքը: Սակայն նրանք քարոզչության ընթացքում շատ ժամանակ օգտվում են իրենց ընձեռված վարչական լծակներից` առանց իսկ միջոցներ ծախսելու: Այս կարգավիճակում է հայտնվել ԲՀԿ-ն, լիուլի օգտվելով իր սեփական` «Կենտրոն» հեռուստատեսության եթերից: «Ժողովրդական կուսակցությունն» էլ օգտվում է իր «ԱԼՄ»-ի հեռուստաեթերից: Իսկ ՀՀԿ-ն օգտվում է իր իշխանություն լինելու հանգամանքից, եւ կուսակցության գործունեությունը լրատվամիջոցներով անվճար լուսաբանվում է, որպես կառավարության գործունեություն: Քիչ միջոցներ ունեցող կուսակցություններն էլ հիմնականում օգտվում են ընձեռված անվճար եթերի հնարավորությունից, իսկ հանդիպումներն էլ անցկացնում են բաց տարածքներում: Բնականաբար, ընդդիմադիր բոլոր կուսակցությունները չեն, որոնք չեն տիրապետում նման միջոցների»,- մեկնաբանում է կազմակերպության նախագահը: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ-Հայաստան» հ/կ-ի հետազոտության արդյունքները 2003թ. «Արդարություն» դաշինքն օգտագործել է Սահմանադրական դատարանում բողոքարկելու ժամանակ: Իսկ ներկայիս փուլի հետազոտությունները չեն սահմանափակվելու միայն թվերով, այլ ներառելու է կուսակցական հետագա կուլտուրայի ձեւավորման մասին վերլուծություն: Մինչ կուսակցություններն իրենց թղթավարություններում կամրագրեն իրենց ծախսերը, չերեւացող ծախսերից նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաշվի առնելով բնակլիմայական պայմանները՝ որպես ընտրակաշառք Գեղարքունիքի մարզում բաժանել է բրդյա թելեր: Այնպես որ, այս մարզի պարապ թոշակառուներն այս պահին համատարած զբաղված են ձեռագործությամբ, ինչը մյուս կողմից էլ մասամբ լուծել է «գործազրկության» խնդիրը: Այս երեւույթն այլ ձեւակերպմամբ կոչվում է՝ քաղաքական կոռուպցիա: «Քաղաքական կոռուպցիայի ռիսկերը մեծ են նաեւ ընտրական հանձնաժողովներում, որտեղ ձայների բաշխումը կատարվում է ինչ-որ մեկի թելադրանքով: Արատավոր շրջան է: Կոռուպցիան սնում է ընտրությունները, ընտրությունները կոռումպացված են: Ինչպե՞ս պետք է վերափոխել, բավականին բարդ է լինելու: Միջազգային փորձն ապացուցել է, որ եթե միայն կանխարգելիչ միջոցառումներ են անցկացնում, ապա, որպես կանոն, արդյունք չեն ստանում: Պետք է նաեւ պատժել եւ կրթել: Մեզ մոտ գործում է դեռեւս առաջին նախապայմանը, այն է՝ օրենսդրական դաշտը համապատասխանեցվում է միջազգային նորմերին, եւ այս օրենքները մնում են թղթի վրա: Այս ընտրությունների ընթացքում գործի են դրվել կրկնակի ստանդարտների մեթոդները՝ քաղաքական ճնշումներ, սպանություններ, ընտրակաշառքներ, վախի մթնոլորտ, գաղտնալսումներ: Տեխնոլոգիաների ամբողջական պատկերն ակնհայտ կլինի մեկ շաբաթից»,- ասում է Ա. Կոստանդյանը: