Դժվար չէ պատկերացնել, թե «Տէց-ի կռուգի» տարածքում տեղակայված նախկին գործարանների շենքերում ապրող մարդիկ քանի մղոն են կտրում Երեւանի կենտրոն հասնելու համար: Այդտեղ հայտնվելիս մոռանում ես, որ ապրում ես Երեւանում, որովհետեւ «Տէց-ի կռուգի» բնակիչներն ապրում են քաղաքակրթությունից շատ հեռու: Մարդիկ այստեղ մեկուսացած են աշխարհից, եւ ապրում են միանգամայն գնչուական կենսակերպով:
Տիկին Մանիկն այդ տարածքի բնակիչներից մեկն է, ով դժվարությամբ է կարողանում պատասխանել, թե իրենք որ համայնքում ու որ հասցեում են ապրում: «Մեր մասին ոչ մեկն էլ չգիտի: Նույնիսկ էս ընտրությունների հաշվով ստեղ ոտք չեն դնում, չեն ներկայանում, որ իմանանք՝ ո՞վ ա մեր թեկնածուն: Սկի չգիտենք էլ, թե էսքան ժամանակ ով ա եղել մեր պատգամավորը: Բերել մի հատ պաստառ են փակցրել, բայց ո՞վ ա՝ սկի չգիտենք էլ»,- ասում է տիկին Մանիկն ու ինձ հրավիրում հանրակացարանի իր սենյակ, որպեսզի իմ աչքով տեսնեմ, թե նրանց համար կյանքն ինչպիսի դժոխք է:
Ներս մտնելուն պես զգուշացնում է, որ աղջկա խոսքերին ուշադրություն չդարձնեմ. «Իրա ներվերը լրիվ քայքայված ա, ինքն իրան խոսում ա, երգում ա, վիճակն ահավոր ա, բայց չենք կարում տանենք բժշկի: Քանի գնում՝ վատանում ա, գիշերները քուն ու դադար չունի, աչքին մարդիկ են երեւում, ձայներ ա լսում»,- շշնջում է տիկին Մանիկը: Նրա այս խոսքերից հետո ներս է մտնում տարօրինակ հագուկապով, վուլգար շպարով, հյուծված մի կին: 42- ամյա Ամալյա Հովակիմյանն ասում է, որ չարքերն իրեն տանջում ու հալածում են, ու ինքն անզոր է դրանց դեմ պայքարել: 5 տարի առաջ ամուսնալուծվել է ու ծնողների հետ է ապրում: «Ամուսինս շատ էր ինձ ծեծում, շանսատակ էր անում: Գլխիս էնքան էր խփում, որ արդեն բան չէի հասկանում, գիտակցությունս քանի անգամ կորցրել եմ: Էն ծանր տարիներն էր, ինքը չէր աշխատում, գործ չկար: Ես մատուցողուհի էի աշխատում, առավոտից մինչեւ գիշեր աշխատում էի, որ երեխեքին կերակրեմ, բայց էդ փողով խմում ու սկսում էր ինձ ծեծել: Այ տենց խախտվեցի»,- սառնասրտությամբ պատմում է Ամալյան՝ նշելով, որ իր մոտ նաեւ կաթվածի նշաններ են ի հայտ եկել, մարմնի ձախակողմյան հատվածը հաճախակի թուլանում է: Ամալյան, կարծես, երկու մարդ լինի, որովհետեւ մեկ խոսում է բավականին սթափ եւ հանգիստ, մեկ էլ դառնում է ագրեսիվ ու անիրական մտքեր է արտահայտում: Հայրը` Հովակիմ պապը, ուզում է խոսել, սակայն Ամալյան անմիջապես զայրացած միջամտում է. «Լավ էլ գիտեմ, որ էս ընտրությունների հաշվով եք եկել, թե չէ՝ դարդներդ կտրե՞լ էր, որ էսքան ճամփեն կտրեիք: Ես ձեզ պարզ ասում եմ, որ մենք ոչ մեկին էլ չենք ընտրելու, մենք ընտրելու ենք Եհովային»: Հարցնում եմ` «Ի՞նչ Եհովա»: Հարցից վիրավորված՝ պատասխանում է. «Ո՞նց թե՝ ինչ Եհովա: Մեր Եհովա Աստծուն: Թագավորների թագավորին ենք ընտրելու: Մեր քույրերն ու եղբայրներն ասել են, որ ոչ մի ընտրության էլ չպիտի մասնակցենք, որովհետեւ մենք մեր ընտրությունն արդեն կատարել ենք: Իշխանությունը Եհովայինն ա, իսկ էս ղեկավարներն իշխանությունը չարաշահողներն են: Ղեկավարների արածը չի՞, որ մենք էսօր այ սենց ողորմելի ենք: Կոնկրետ ինձ էդ ղեկավարները ոչ մի բանով չեն օգնում, իսկ իմ հոգեւոր քույրերն ու եղբայրներն օգնում են»: Ամալյան ամուսնալուծվելուց հետո դարձել է Եհովայի վկա եւ համոզված է, որ ինքը երանության ճանապարհն է բռնել: Ասում է, որ, եթե ժողովներին չմասնակցի եւ իրենց «հովիվների» քարոզները չլսի` կխելագարվի: Սակայն ինքն իրեն հակասելով՝ անընդհատ կրկնում է` «Օ՜ֆ, գժվել եմ, հոգեկանս լավ չի, էդ չարքերը որտեղի՞ց եկան, ինձ շատ են տանջում: Ինձ բուժում ա պետք»: Հայացքը հառում է անորոշ մի կետի ու երկար մտածում: Հարցնում եմ` «Եհովան քեզ չի՞բուժում»: Պատասխանում է` «Բա ո՞նց չի բուժում, բուժած չլիներ` ես հիմա չէի լինի: Գիտե՞ս ինչ օրեր եմ տեսել, ինչ չարքերի եմ դիմացել: Հեռախոսիդ համարը տուր, կտամ մեր հովիվին, որ քեզ կանչի ժողովի: Կգաս, կտեսնես, թե ինչ լավ ա ընդեղ»: Ամալյան երկու չափահաս երեխաների մայր է, սակայն երեխաներին ամուսինն է խնամում եւ թույլ չի տալիս մորը տեսակցել: Խոր թախիծով նայում է դեպի հեռուն ու ասում. «Էնքան եմ կարոտել երեխեքիս, շատ երկար ժամանակ ա, ինչ չեմ տեսել: Հերը տարավ ու զրկեց ինձ իմ երեխեքից: Կարոտից մեռնում եմ, գիտե՞ս»: Տիկին Մանիկը սաստում է աղջկան` պահանջելով դադարեցնել շատախոսությունն ու լռել, սակայն հասկանալով, որ աղջիկն անսասան է` սկսում է հեկեկալ: Ասում եմ` «Հասկանում եմ: Վատ մի զգացեք, թող խոսի»: Ամալյան իմ համբերատարությունից ոգեւորվելով՝ շարունակում է իր կյանքից պատմել: Ասում է, որ թեեւ երեխաներին ինքը չի տեսնում, բայց իրեն ինչ-որ ուժեր փոխանցում են, որ նրանք գալիս են մորը տեսնելու: «Ես գիտեմ, զգում եմ, որ երեխեքս գալիս են մոտս, բայց չեն թողնում, որ ինձ տեսնեն: Ինչ-որ չարքեր կան, որ ինձ դեմ են, ինձ բռնանում ու նվաստացնում են: Բայց ես կին եմ, չէ՞, ես մատուցողուհի էի աշխատում, որ երեխեքիս փող հասցնեի: Ամբողջ գիշերը չէի քնում, որ 2 կոպեկ աշխատեի: Ես վատ բան չէի անում, Եհովայի վկա էի: Ծեծում էր, սաղ օրը տունը նստած սպասում էր, որ փող տանեմ, խմի ու սկսի ծեծել, շատ էր ծեծում»,- ասում է Ամալյան ու անսպասելի, կտրուկ շարժումով ոտքի կանգնելով՝ քամու արագությամբ փախչում է սենյակ: Սենյակի պատից այն կողմ հանկարծ լսվում է Ամալյայի հանգստացած ձայնը ու Եհովային վերաբերող խոսքերով մեղեդի: Տիկին Մանիկին հարցնում եմ` «Դուք նո՞ւյնպես Եհովայի վկա եք»: «Չէ՛, աղջիկ ջան, հո չե՞նք գժվել, որ մենք էլ դրա խելքին ընկնենք: Դու իրա ասածներին ուշադրություն մի դարձրու, լրիվ ներվերը քայքայվել ա, ցնդել ա խեղճ երեխես: Գնում ա էդ մարդկանց հետ շփվում ա, բայց մենք դրանցից չենք»: Տիկին Ամալյայի չարացած ձայնը վերածվում է ցավոտ հեծկլտոցի, ու կոկորդը սեղմվում է, չի կարողանում խոսել:
«Փող չկա, վախենում եմ բժշկի գնամ»
Հովակիմ պապն, ով այսքան ժամանակ ատելությամբ հանդուրժում էր աղջկա ներկայությունը, հառաչանքով ասում է. «Մեր վիճակը ծանր ա, աղջիկս: Բոլորս հիվանդ ենք ու էդ հիվանդություններով մեռնում ենք»: Հովակիմ պապն ասում է, որ ամբողջ կյանքում աշխատել է, ու սկսում է բազում գործարանների անուններ թվարկել` «Հայէլեկտրո», «Էլեկտրաապարատ», «Ձեթ-օճառ», «Քիմռեակտիվ» ու այդպես շարունակ: «Երքիմստրոյ» գործարանում աշխատելիս ձեռքը մնացել է հաստոցի տակ ու մի քանի մատներից զրկվել է. «Գործարաններն ալան-թալան արին, սեփականաշնորհեցին, սկի փոխհատուցում չտվեցին»: Հովակիմ պապը մարմնի վրա ոչ մի առողջ մաս չունի: «Սաղ շլանգ ա, արհեստական ապրող մարդ եմ»,- ասում է նա, ով նաեւ զրկվել է մի աչքի տեսողությունից: Տիկին Մանիկը պատմում է, որ ամուսնու ճնշումն այնքան է բարձրանում, որ կոմայի մեջ է ընկնում: «Ամեն օր 3 շիշ մածուն եմ խմացնում, թե չէ՝ ուշքը տեղը չի գալիս»,- ասում է տիկին Մանիկն, ասելով, որ իրենց թոշակով կարողանում են միայն ցամաք հաց եւ մածուն ուտել: Այս ընտանիքի միակ եկամուտը Հովակիմ պապի 15.000 դրամ ծերության եւ հաշմանդամության թոշակն է ու Մանիկ տատի 11.000 դրամ թոշակը: Ամալյայի հաշմանդամությունը փաստաթղթերով ապացուցված չէ, որովհետեւ` «Ուզում էինք պառկացնենք, որ մի քիչ հանգստացնողներով բուժեն, բայց ասեցին՝ պիտի օրը 5000 դրամ վճարեք: Ո՞նց վճարենք, եթե երկուսիս թոշակն իրար հետ կազմում ա 26.000 դրամ: Էդ էլ լրիվ տալիս ենք շլանգի ու դեղի փող: Տենց էլ մնաց, ու քանի գնում, հոգեկան վիճակը ծանրանում ա»,- ասում է Մանիկ տատը, ով վստահեցնում է, որ Էրեբունի համայնքում գտնվող իրենց բնակարանը տարիներ առաջ վաճառել են, որովհետեւ չէին դիմանում սովին: «Ծախեցինք, որ մի քիչ փող մնա, մինչեւ մեռնելներս յոլա գնանք: Էս զիբիլանոցը էժան էր, առանք ու էս ամայության մեջ էլ հաստատվեցինք: Ասում են, որ առաջ էս շենքում վիետնամների են պահել»: Տիկին Մանիկն ասում է, որ իրենց նպաստից կտրել են, որովհետեւ թոշակը 2000 դրամով ավելացրել են: Հովակիմ պապը հազար անգամ ներողություն խնդրելով՝ բացում է ոտքերն ու ցույց է տալիս: Սոսկալի է: Ծերունու ոտքերն այտուցված ու աննկարագրելի սեւացած են: Հարցնում եմ` «Բժիշկն ի՞նչ է ասում»: Բղավում է` «Բայց ո՞վ ա բժշկի գնացել: Ես վախենում եմ, չեմ կարա, փող չունեմ: Չգիտեմ, թե ինչի ա սենց սեւ, սենց էլ մեռնում եմ»: Հովակիմ պապի ոտքերի սեւությունը, հավանաբար, փտախտի արդյունք է: Ասում է, որ սկզբում վերջույթներն են կապտել, ապա՝ ոտքերն ամբողջությամբ: «Հավատա, որ տղամարդ հալով ցավից հեկեկում եմ, գոռում եմ, չեմ դիմանում էդ ցավին: Ազոտս էլ որ բարձրանում ա՝ ես լրիվ դիակ եմ դառնում»:
Սենյակ է մտնում Ամալյան ու պահանջում է` «Համարդ տուր, որ մեր բարի քույրերն ու եղբայրները քեզ պատմեն ճշմարտության մասին»: «Չէ՛,- ասում եմ,- կարիք չկա»: «Երբեք քո կամքով չշարժվես, Եհովային առաջնորդվելով կանես քայլերդ: Էս ընտրություններն էլ են ժամանակավոր, իսկ Եհովան հավիտենական ա: Մեզ որ նպաստից զրկեցին, էդ չարի գործը չէ՞ր»: Տիկին Մանիկի համբերությունը տեղի է տալիս, սենյակից վռնդում է Ամալյային: «Արդեն ես էլ եմ հոգեկան դարձել: Էս հիվանդությունները, սրա հոգեկանը ինձ լրիվ խելագարության կհասցնեն»:
Ամալյան չի դադարում իր «քույրերի ու եղբայրների գթասրտությունից» խոսել՝ զայրացնելով ընտանիքի մյուս անդամներին՝ ուշադրություն չդարձնելով Հովակիմ պապի ցավերին ու տիկին Մանիկի դառը կյանքին: