«Ազգային Միաբանություն» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հավակնում է 101%-անոց հաղթանակի։ Այդ մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը։
Այդ 101%-ը նա, իհարկե, փոխաբերական իմաստով ասաց. ավելի ճիշտ՝ 101%-ով վստահ է, որ ապագա խորհրդարանում ԱՄ-ը շատ ձայներ կունենա։ ԱՄ առաջնորդը կոնկրետ թիվ չնշեց, սակայն հավաստիացրեց, որ բնակչության 85%-ն ընդդիմադիր է տրամադրված։ Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք փորձում են իրենց հետ մարդիկ տանել, ցույց տալ, որ ժողովուրդն իրենց վստահում է։ «Բայց մարդկանց դեմքին ոչ ժպիտ կա, ոչ ուրախություն։ Կողքից մեկ-մեկ խուտուտ են տալիս, որ ծիծաղեն»,- ասաց պրն Գեղամյանը։ Այդուհանդերձ, նա գտնում է, որ իշխանական կուսակցությունները եւս ներկայացված կլինեն ԱԺ-ում։ Ընդդիմադիրներից Ա. Գեղամյանը հույս ունի տեսնել ՀԺԿ-ին, «Նոր Ժամանակներին», Մանուկ Գասպարյանի ԺՈՒԿ-ին, «Իմպիչմենտին», ինչպես նաեւ՝ Շավարշ Քոչարյանին։ Իսկ Սամվել Բաբայանի հնարավորություններին վերաբերող հարցին պրն Գեղամյանը պատասխանեց, որ նրան գնահատում է որպես լուրջ ռազմական գործիչ եւ տեսնում նրան ռազմական ամենաբարձր ատյաններում։
Արտաշես Գեղամյանն իր կանխատեսումներում հիմնվում է ընտրողների հետ հանդիպումների եւ իրենց արած ուսումնասիրությունների վրա։ Իսկ ահա Ահարոն Ադիբեկյանի անցկացրած եւ նմանատիպ այլ սոցհարցումներին լուրջ չի վերաբերվում։ Դրանց մասին խոսելիս՝ պրն Գեղամյանը մեջբերեց իր գործընկերներից մեկի խոսքերը՝ սոցիոլոգիան ճշգրիտ գիտություն է՝ ինչքան վճարում ես, այնքան էլ գրում են։ Եվ ընդհանրապես, ըստ Ա. Գեղամյանի, ուժեղ, ինքնավստահ մարդիկ սոցիոլոգի կարիք չունեն։ Իսկ ուժը երեւում է ընտրողների վերաբերմունքի մեջ։ ԱՄ նախագահը տեղեկացրեց, որ իրենք 81 հանդիպում են ունեցել, որոնք ցույց են տվել, թե ժողովուրդն ինչպես է տրամադրված իրենց նկատմամբ։ Պրն Գեղամյանը նաեւ համոզված է, որ «Ազգային Միաբանությունը» միակ կուսակցությունն է, որին ժողովուրդը միայն օրհնում է եւ ոչ մի վատ բան չի ասում։
Որպես իր խոսքերի ապացույց, Ա. Գեղամյանն օրինակ բերեց Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի իրենց հանդիպումը։ Ժամանելով այդ գյուղ՝ իմացել են, որ այնտեղ մարդ է մահացել։ Գնացել են այդ տունը՝ հարազատներին ցավակցելու, եւ… մեջբերեմ Ա. Գեղամյանի խոսքերը. «Գնացի օջախ ու, պատկերացնո՞ւմ եք, դին սեղանի վրա դրված՝ մարդիկ մեզ էին օրհնում»։
ԱՄ ղեկավարը մարզեր կատարած այցելությունների ժամանակ պարզել է նաեւ, որ ընտրողները հետաքրքրված են ոչ թե ընտրակաշառքներով, այլ կուսակցության ծրագրերով։ Ա. Գեղամյանին հիացրել է, որ մարդիկ ձեռքից ձեռք խլում են ոչ թե կաշառքը, այլ… ԱՄ հակաճգնաժամային ծրագիրը։ Եվ լրագրողներից մեկի այն հարցին, թե խոստացված լուսաբացը ե՞րբ է լինելու, Ա. Գեղամյանը պատասխանեց՝ լույսն արդեն բացվել է, որի ապացույցներից մեկը հենց այդ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն է։
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաեւ Արամ Զ. Սարգսյանի կոչը՝ ուղղված իրեն եւ Ստեփան Դեմիրճյանին՝ գիր-ղուշ գցելու վերաբերյալ։ Ի պատասխան, Ա. Գեղամյանն ասաց, որ ինքը ղումարի հետ կապ չունի, եւ ճիշտ կլիներ այդ սլաքն ուղղել իշխանության դեմ։ ԱՄ ղեկավարի կարծիքով, նման հայտարարություններով փորձում են ստվեր գցել «Ազգային Միաբանության» վրա՝ միաժամանակ ջուր լցնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ջրաղացին։ Սակայն գիտակցաբա՞ր են դա անում, թե՞ ոչ, Ա. Գեղամյանը չգիտի։ «Իմպիչմենտի» այն հայտարարությանը, որ իրական ընդդիմադիրները պետք է միավորվեն, պրն Գեղամյանն արձագանքեց՝ լավ կլինի հուշեն, թե ժողովուրդն իրենցից ո՞ր մեկին պետք է ձայն տա, երբ ընտրություններին մնացել են հաշված օրեր։
Անդրադարձ եղավ նաեւ Արթուր Բաղդասարյանի հետ կապված պատմությանը։ ՕԵԿ նախագահը, ըստ Ա. Գեղամյանի, պետք է դիմեր դատարան։ Ինչ վերաբերում է ձայնագրության բովանդակությանը, ապա պրն Գեղամյանը չցանկացավ մեկնաբանել «փալասի տակ դրված ձայնագրության բովանդակությունը», քանի որ «դա նշանակում է՝ վստահել փալասին»։
Ինչեւէ, ԱՄ ղեկավարը նշեց, որ համագործակցության եզրեր բոլոր ընդդիմադիր ուժերի հետ կարելի է գտնել, բայց միայն մայիսի 13-ին։ Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենց հանդիպումների ժամանակ ընտրողներին կոչ են արել մայիսի 13-ին գալ Երեւան։ Եթե ընտրություններն անցնեն ազատ եւ արդար, ապա իրենք միասին կտոնեն հաղթանակը։ Իսկ եթե «բախտախնդրությունը մթագնի իշխանությունների ուղեղը» եւ նրանք նենգափոխեն ընտրությունների արդյունքները, ապա տոներին կփոխարինի իշխանություններին խստագույն պատժելու գործընթացը։