Արցախի 4-րդ նրբանցք է կոչվում այն տարածքը, որտեղ հասնելու համար առնվազն պետք է կամ զինված լինես, կամ էլ հոգեբանորեն ինքդ քեզ համարձակություն ներշնչես:
Հատելով «Տէց-ի կռուգ» կոչված տարածքը, հայտնվում եմ կիսաավերակ գործարանների ու ամայի տարածության մի փակուղում, որի ոչ վերջն է երեւում, ոչ էլ սկիզբը: Հանգույցի ծայրը գտնելու համար կենդանի շունչ եմ փնտրում, սակայն տարածքի միակ կենդանության նշանը շների վայնասունն է ու ինչ-որ գործարանից օդ բարձրացող սեւացած մշուշը: Ամեն քայլափոխի թափված շինաղբի կույտերն այնպիսի տպավորություն են թողնում, ասես Արցախի 4-րդ նրբանցքում բնության արհավիրք է եղել: Ամեն ինչ մռայլ ու ոչ մարդկային է: Առերեւույթ անմարդաբնակ երեւացող եռահարկ շենքի պատուհանների վարագույրները հուշում են, որ, այնուամենայնիվ, այստեղ մարդիկ ապրում են: Մոտենում եմ…
«Ո՞վ կա»,- վախեցած հարցնում է մի ծերունի, ով «չորացած» ու ոսկրացած ձեռքերով շոշափելով շենքի պատերը` տոտիկ-տոտիկ առաջ է շարժվում: Իմ թիկունքում անձայն հայտնված ծերունին նման է ուրվականի: Անակնկալի եկած հարցնում եմ` «Ինչպե՞ս»: Հարցը կրկնում է` «Ո՞վ կա, էստեղ մա՞րդ կա: Ո՞վ ես դու, ճիշտն ասա, ո՞վ ես»: Շվարած ասում եմ` «Լրագրող»: «Լրագրո՞ղ,- քմծիծաղով հեգնում է ծերունին,- քեզ ո՞վ ասեց, որ էստեղ մարդիկ են ապրում, ճիշտն ասա՝ ի՞նչ է պետք, էստե՞ղ ես, թե՞ գնացել ես, հը՞»: Ինձ հրավիրում է իր սենյակ, ուր հասնելու համար ոչ թե ինքն է ինձ ուղեկցում, այլ` ես իրեն. պարզվում է՝ կույր է:
Ծերունին Կարապետ Միրաքյանն է, ով շատ գրագետ է խոսում ու մտքերը ձեւակերպելիս չի մոռանում բառերն «է»-ով ավարտել: Դողդողացող ձեռքերով գտնում է դռան փականն ու շոշափելով բացում է սենյակի դուռը: Սարսափելի է, գարշահոտի ու խոնավության թաց հոտից գլուխս պտտվում է: Կարապետ պապի սենյակն աննկարագրելի է, փալասներ, հոտած իրեր, միզահոտ դույլեր ու մի կոտրած մահճակալ: Մահճակալին գցած ծածկոցներն ու փալասներն ասես ցեխի ու կեղտի մեջ թաթախած լինեն: Սենյակի միակ պատուհանը, որտեղից մի քիչ լույս է ընկնում՝ ծածկված է հաստ ծածկոցով, ու ամեն ինչ խավար է: Կարապետ պապի հարեւանուհին իմ այցելությունից զարմացած՝ մոտենում է ու առանց դռնից ներս մտնելու, քիթը ձեռքերով պահած շշնջում է. «Ասում են, որ ինքը ռեկտոր ա եղել, շատ կարդացած մարդ ա: Բերել-շպրտել են խեղճ բիձուն, ոչ ոք տիրություն չի անում: Այ սենց անտեր, անտեր մեռնում ա: Սրա վիճակը շատ ծանր ա»:
76-ամյա ծերունին ասում է, որ անհամբեր սպասում է մեռնելուն: «Ուր ասես՝ աշխատել եմ. դպրոցում, ատաղձագործական գործարանում, Սննդի տեխնիկումում, ուր ուզես՝ աշխատել եմ: Եթե իմ կյանքը քեզ հետաքրքրում է, ուրեմն` ինձ ստեղ գցողին պետք է դատապարտես»,- ասում է ծերունին, ում ձայնի տոնայնությունն աստիճանաբար բարձրանում է՝ հասնելով բղավոցի: Հետո, երբ լաց լինելով զայրույթը մի քիչ թոթափում է` պատմում է, որ եղբոր թոռը խարդախությամբ տունը գրանցել է իր վրա ու իրեն բերել-գցել է «Տէց-ի կռուգի» հարակից տարածքում գտնվող նախկին Քիմռեակտիվ գործարանի հանրակացարան: «Ես մենակ մարդ եմ, ընտանիք չեմ կազմել: Քրոջս հետ Ամիրյան փողոցում էինք ապրում, իսկ հետո, երբ քույրս մահացավ, խաբեությամբ ինձ դուրս շպրտեցին: Սատանայից ծնված սատանա կին՝ էս ի՞նչ արեց իմ հետ»,- պատմում է Կարապետ պապն, ով ուզում է ամեն ինչ ծայրից ծայր պատմել, բայց հասկանալով, որ իր սենյակում երկար մնալը շատ ծանր է, շտապելուց մոռանում է, թե որտեղից էր սկսել իր պատմությունն ու ինչպես պետք է շարունակել: «Իմ հանդեպ պղծություն արեցին, աղջի՛կս, մարդիկ խարդախ են դարձել: Մեր ժամանակներում սատանան մտել է մարդկանց մեջ, կարող են ամենադաժան ձեւով քեզնից երես թեքել: Մենակ իմ եղբոր աղջիկը չէ, շատերն են էսօր չար, քար են դարձել մարդիկ»,- զայրացած ասում է ծերունին ու սկսում պատմել պատերազմ գնացած եղբայրներից, մասնագիտությամբ մանկավարժ քրոջից, ազգ ու տակից: Ասում եմ` «Պապի՛կ, արի քեզնից խոսենք: Արի պատմի, թե հիմա ո՞նց ես ապրում, ի՞նչ եղել՝ եղել է»: Ծանր հոգոցով պատասխանում է. «Հիմա, հիմա… Ի՞նչ պատմեմ, շան նման մի կերպ ինձ քարշ էի տալիս: Մեկ ամիս առաջ կանգնածս տեղը հանկարծակի աչքերիս դիմացը սեւացավ: Սեւացավ ու էդ սեւը դարձավ խրոնիկ սեւ, կուրացա, ոչինչ չեմ տեսնում: Պատերից բռնվելով ու մարդկանց օգնությամբ ինձ գցեցի բժշկի: Մի երկու դեղ տվեց, խմեցի, բայց չօգնեց: Սենց կույր էլ մնացի, ներվերս չդիմացավ, ներվերից է: Ասում է` պիտի գնաս վիրահատության, բայց ո՞նց գնամ, հացի փող չունեմ, դիմացս չեմ տեսնում, իմ տերն ո՞վ է, որ ինձ օգնի»: Արդեն երկու տարի է, ինչ Կարապետ պապն ապրում է այն սենյակում, որտեղ, հավանաբար, առնետներն ու միջատները վխտում են: Ծերունին չի տեսնում, թե ինչ է կատարվում շուրջբոլորն ու ոտքերի տակ: Ասում եմ` «Մութ է, ճնշող է, ո՞նց ես էստեղ ապրում»: Զայրացած ասում է` «Կույր եմ, հասկանո՞ւմ ես, եթե լույս ունենայի՝ պիտի լո՞ւյս տեսնեի»: Կարապետ պապը հունվար ամսից հոսանքազրկվել է, ու, թեեւ իր համար միեւնույն է էլեկտրական լույսի առկայությունն, այդուհանդերձ, անգամ տաքացուցիչ չի կարողանում միացնել: Սենյակում ցուրտ է, վերարկուով քնում, արթնանում ու ներսուդուրս է անում: Ասում է` «Խնդրում եմ, գնացե՛ք, եղբորս աղջկան կալանքի տակ վերցրե՛ք, էս ի՞նչ արեց իմ հետ: Ծանր հանցագործն ավելի մարդկային է, քան էդ սատանան: Առանց ձեռքերը կեղտոտելու ինձ սպանեց: Պատերը բռնելով ինչքա՞ն կարաս դուրս գաս շենքի մոտ ու հետ գաս էս ավերակ սենյակ: Ինչքա՞ն…»,- լաց լինելով ցավից բղավում է Կարապետ պապը:
Ծերունին ստանում է ընդամենը 4000 դրամ ծերության թոշակ, եւ ամսական միակ եկամուտն այդ թոշակն է: «Փաստաթղթերս կորցրել եմ, ստաժս հաշվի չեն առել»: Ասում է, որ սնվելու միակ միջոցը բարեգործական ճաշարանից օգտվելն է: «Պատկերացրու, էս կույր հալով մինչեւ հասնում եմ ճաշարան՝ կերածս հարամ է լինում, ինձ դժվար է, հասկանո՞ւմ ես: Էնքան որ՝ բնազդով եմ ուտում, թե չէ՝ չարժե էդքան տառապելով գնալ մի տաք ճաշի համար: Իմ թոշակով մենակ ծխախոտ եմ առնում, որ ներվերս մի քիչ հանգստացնեմ, ուրիշ ոչ մի բան»,- ասում է Կարապետ պապն, ով չի կարողանում պատասխանել, թե ինչպե՞ս է օգտվում հանրակացարանի ընդհանուր զուգարանից: «Խնդրում եմ, ինձ մի՛ տանջիր, աղջիկս: Մի՛ հարցրու, էդքան հարցեր մի՛ տուր, ներվերս չի դիմանում, չեմ կարողանում բառեր գտնել: Էդ Կարինե, Անուշավան Մեսրոպյաններին հարկավոր է դատի տալ, որ կատարվածի իրավաբանական իսկությունը պարզվի, որ իմանան, որ ինձ կենդանի-կենդանի թաղեցին»: Բնավ զարմանալի չէ, որ Կարապետ պապը նաեւ թոքաբորբով է հիվանդացել: Ասում է` «Ես դատապարտված եմ տանջամահ լինելու: Ինձ ոչ մի բան չի փրկի: Ուզում եմ էս դժոխքից, էս հեռավորությունից դուրս գամ: Ուզում եմ էս կեղտից, էս տարածքից հեռանալ»: Ասում եմ` «Կգնա՞ս ծերանոց»: «Չէ՛,- բղավում է,- չէ՛, երբեք: Ես վախենում եմ, ինձ հետ վատ կվարվեն, մարդիկ չար են: Ես կույր եմ, իմ գլխի տերն ո՞վ է, չեմ ուզում, վախենում եմ: Էնտեղ էլ ինձ տիրություն չեն անի, կգցեն նրանց նման: Քոռ մարդուն ո՞վ կպահի էնտեղ, էսօր գնամ` վաղը չեմ լինի»: Կարապետ պապը խոսում, խոսում, պատմում, լաց է լինում ու, երբ մի պահ ձայնս չի լսում` ասում է. «Աղջի՛կ, ո՞ւր ես, գնացե՞լ ես: Էստե՞ղ ես, թե՞ դու էլ փախար»: Ասում եմ` «Էստեղ եմ, բայց պիտի գնամ»: «Մի՛ գնա,- ասում է,- մի քիչ էլ մնա: Ուզում եմ էլի խոսեմ, էլի պատմելու բան կա»:
Որոշ ժամանակ անց հեռանում եմ…
Կրկին ճանապարհի վերջն եմ փնտրում: Կարապետ պապը 76 տարեկան է ու պետության տված 4000 դրամով կարողանում է միայն ծխել, որպեսզի նյարդերը թուլացնի: 76-ամյա այս ծերունին ասես չի էլ եղել, որովհետեւ որեւէ մեկը չգիտի նրա ողջության ու որպիսության մասին: