Հայաստանում քչերն են ռոք սիրում

06/05/2007

Հայկական «Բամբիռ» ռոք-խումբը 30 տարվա պատմություն ունի, խմբի կազմում մոտ 40 երաժիշտ է եղել, որոնք եկել են «Բամբիռ», որոշ ժամանակ նվագել ու աշխատել միասին, հետո ամեն մեկն իր գործն է գտել: Այժմ նույն անվան տակ երկու սերնդի երաժիշտներ են աշխատում, նրանք միասին հավաքվում են միայն մեծ համերգների ժամանակ: Այդպիսի մեծ համերգ կլինի հունիսի 15-ին` Տիկնիկային թատրոնի շենքում: Իսկ մինչ այդ երիտասարդ «Բամբիռները» ելույթ են ունենում երեւանյան ակումբներում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խմբի մեծահասակ ներկայացուցիչները` Գագիկ Բարսեղյանն ու Գուրգեն Հակոբջանյանը, նկատեցին, որ Հայաստանում ռոքի մասին թյուր պատկերացում է ստեղծվել, որ ռոք երաժիշտ ասելով՝ հայերը միայն «կաշի հագած՝ գլուխը թափ տվող տղա» են պատկերացնում, մինչդեռ ռոքը դա «Բիթըլզը», «Ռոլինգ սթոունզը», Գաբրիելն ու Քոլինզն են, որոնք դասական են դարձել: «Լոնդոնի կոնսերվատորիայում ռոքի բաժին կա, որտեղ դասավանդում են Մաքքարտնին ու Քոլինզը, եւ այնտեղ, ուզես թե չուզես, լավ երաժիշտներ են ծնվում»,- ասաց Գ. Բարսեղյանը, որ կարեւորում է դպրոցի դերը: Այժմ «Բամբիռը» պատրաստվում է թողարկել իր չորրորդ ձայներիզը, որը կազմված կլինի Ռոբերտ Բյորնսի ու Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված կոմպոզիցիաներից եւ խորհրդանշական անվանում կունենա` «Արմենիա-Սքոչ»: Ինչպես Շոտլանդիան ու շոտլանդական հայտնի վիսկին: «Մեր ազգն ավելի շատ սիրում է սեւերի քաղցրիկ` սոուլ երաժշտությունն ու պատրաստ չէ ռոք ընկալել: Նա ուրախանալու երաժշտություն է ուզում լսել: Եվ հետո էլ ռաբիսը կա, այդ մուտանտը, որը եկել-կպել է մեր ժողովրդին ու պոկ չի գալիս: Իսկ ռոքն իր բնույթով ավելի մոտ է ֆոլկլորին ու ավելի ազնիվ է, բայց Հայաստանում ռոք չեն սիրում»,- ասաց Գ. Բարսեղյանը՝ նշելով, որ աշխարհի ամենահարուստ երաժիշտները ռոք երաժիշտներն են: «Բամբիռի» բոլոր անդամները (2 մեծահասակ եւ 4 երիտասարդ) ծնունդով Գյումրիից են, սակայն նոր սերունդն արդեն գյումրեցի համարվել չի կարող, քանի որ նրանք վաղուց արդեն Երեւան են տեղափոխվել: «Երեւանը միշտ փոշեկուլի նման քաշում է բոլորին»,- փաստեցին ավագ «Բամբիռները»: