Մամուլի ազատության միջազգային օրը, որը նշվում է մայիսի 3-ին, Երեւանի Մամուլի ակումբը, «Ինտերնյուս» կազմակերպությունն ու Ժուռնալիստների միությունն, արդեն երկրորդ տարին է, մրցանակ են շնորհում «չդողացող գրիչ» ունեցող լրագրողին: «Չդողացող գրիչը» ազատ ու խիզախ լրագրության խորհրդանիշն է: Այս տարի այդ մրցանակին արժանացավ լրագրող, հրապարակախոս եւ բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանը՝ «168 Ժամ» թերթում տպագրվող իր «Չընտրություն» շարքի համար:
«Չընտրությունը» շատ ազնիվ եւ անկեղծ մարդու հայացք է, իհարկե, դա դեռ չի նշանակում, որ նրա հայացքները անվիճելի չեն: Այսօրվա քաղաքական խնդիրները հասկանալու համար, մենք պետք է հետադարձ հայացք գցենք մեր անցած ուղուն»,- մրցանակակրին շնորհավորելով՝ նշել է ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը: «Ինտերնյուս» կազմակերպության նախագահ Նունե Սարգսյանն ավելացրել է. «Այս մրցանակը ոչ միայն խոսքի ազատության, այլ` խոսքի վարպետության համար է»: Տիգրան Պասկեւիչյանն, իհարկե, ուրախ էր իր աշխատանքը գնահատելու համար, սակայն չկարողացավ թաքցնել իր տխրությունը. «Տխուր եմ, որովհետեւ «Մամուլի ազատության» համար մրցանակ եմ ստանում մի ժամանակահատվածում, երբ չկա մամուլի ազատություն: Մենք, իսկապես, շատ բան ունենք անելու, որ Հայաստանում մամուլը լինի ազատ»: Սկսնակ լրագրողներին Տ. Պասկեւիչյանը խորհուրդ տվեց լինել սկզբունքային եւ վստահեցրեց, որ այսօր էլ հնարավոր է լինել այդպիսին. «Պետությունը կամ հասարակությունը չպետք է հատուկ պայմաններ ստեղծի լրագրողի սկզբունքային լինելու համար»: «Հայաստանում կա՞ ազատ մամուլ, թե՞ ոչ» հարցին նա դիվանագիտորեն ու զգույշ պատասխանեց. «Մամուլի ազատությունը հարաբերական է: Հայաստանում կան մամուլի ազատության նախանշաններ, սակայն չկա խոսքի ազատություն: Դա է հիմնական պատճառներից մեկը, որ Հայաստանն այսօր կանգնած է չընտրության առաջ: Ես կուզեի, որ այդ հարաբերական ազատությունը լիներ նաեւ Հայաստանում: Մենք չունենք նույնիսկ այդ հարաբերական ազատությունն ու անկախությունը՝ հատկապես Երեւանի սահմաններից դուրս, որտեղ մարդիկ ընդամենը մի կարծիք են լսում եւ չեն էլ հասկանում, թե ինչ է կատարվում իրենց շրջապատում»: Կյանքը տեսնելու եւ այն իրատեսորեն ու վարպետորեն ներկայացնելու համար Տ.Պասկեւիչյանն արժանացավ պատվոգրի եւ ավանդական նվերի` ժամացույց ստացավ: ժամացույցը պետք է ժամանակի եւ խոսքի ազատության մասին չմոռանալու համար: Անցյալ տարի այս մրցանակին արժանացել էր «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: