Այս նախընտրական շրջանը Հայաստանում նախորդների համեմատ ավելի հանգիստ է, եւ ընթացիկ շրջանում գրեթե չկան հայհոյանքներ եւ անեծքներ: Երեկ Մամուլի Ազգային ակումբում (ՄԱԱ) նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Թորոսյանը:
Իրոք որ, այս անգամ ոչ թե հայհոյում կամ անիծում են, այլ կրակում են ու սպանում: «Առաջընթացը» տվյալ դեպքում այն է, որ կրակում կամ սպանում են՝ առանց շատ հայհոյելու կամ անիծելու: Սակայն նախընտրական շրջանում արձանագրված կրակոցները, պայթյունները, մահափորձերն ու սպանություններն, ըստ Տ. Թորոսյանի, կապված չեն նախընտրական գործընթացների հետ: Նրա խոսքերով՝ նախընտրական շրջանը ղարաբաղյան շարժման նման չէ, երբ քրեական աշխարհն «իր գործողությունների համար հայտարարեց մորատորիում»: «Ոչ միայն Հայաստանում, ամենուրեք, ամեն մի երկրում, ցավոք, նախընտրական շրջանում քրեական հանցագործություններ տեղի են ունենում,- նշեց ԱԺ խոսնակն ու հավելեց,- Մինչ այժմ չկա որեւէ հանցագործություն այդ շարքից, որը որեւէ մեկը կարող է փաստարկված կապել ընտրությունների հետ»: Երբ նրան հիշեցրին, որ վերջերս, օրինակ՝ Վանաձորում, պատգամավորի թեկնածու Վահրամ Բաղդասարյանի համախոհը սպանել էր Բաղդասարյանի մրցակից Վիկտոր Դալլաքյանի համախոհին, Տ. Թորոսյանը կրկին նշեց, թե «ցավոք, նախընտրական շրջանում քրեական աշխարհը չի հայտարարում մորատորիում»: Դառնալով ՀՀԿ քարոզարշավին՝ Տ. Թորոսյանը փորձեց բացատրել, թե ինչո՞ւ է ՀՀԿ քարոզարշավը հիմնականում իրականացնում վարչապետ Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, դա այնքան էլ այդպես չէ, եւ ՀՀԿ քարոզարշավում ներգրավված են նաեւ այլ կուսակցականներ: Տ. Թորոսյանի հավաստմամբ՝ Ս. Սարգսյանը քարոզարշավի հիմնական բեռը տանում է այցերի ընթացքում, իսկ մյուս գործիչներն էլ ՀՀԿ քարոզարշավին մասնակցում են մամուլի ասուլիսների, հեռուստահաղորդումների եւ ընտրողների հետ հանդիպումների միջոցով: Իսկ Տ. Թորոսյանը քարոզարշավին անձամբ իր մասնակցությունը բավարա՞ր է համարում: «Ընդհանրապես որեւէ կուսակցության քարոզչական մարտավարությունը կարելի է գնահատել ընտրությունների արդյունքներով: Այնպես որ, հուսով եմ, որ 15 օր հետո կարող ենք գնահատել՝ կուսակցությունը ճի՞շտ մարտավարություն է ընտրել, թե՞ ոչ: Ես վստահ եմ, որ կուսակցությունը հաջողություն կունենա առաջիկա ընտրություններում, եւ սա կհաստատի նաեւ մարտավարության ճշմարտացիությունը»,- պատասխանեց նա: Իսկ հնարավո՞ր է, որ Ս. Սարգսյանի ակտիվությունը պայմանավորված է նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում նրա հավանական մասնակցությամբ: ԱԺ խոսնակի հավաստմամբ՝ ԱԺ ընտրություններն ինքնին ունեն չափազանց կարեւոր նշանակություն: «Սակայն ակնհայտ է, որ ընդամենը մի քանի ամիս հետո տեղի ունենալիք նախագահական ընտրության տեսակետից նույնպես, այս խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ նշանակություն»,- հավելեց նա: Հարցին, թե գուցե Ս. Սարգսյանը քարոզարշավը միայնակ է իրականացնում, որ հետագայում էլ հաղթանակը վերագրի բացառապես իրեն եւ «կուսակցության հետ անի ինչ ուզում է»՝ Տ. Թորոսյանը, շեշտելով, թե Ս. Սարգսյանը ՀՀԿ-ի վերաբերյալ ունի լավ ցանկություններ, պատասխանեց. «Եթե ականատես եք եղել այդ հանդիպումներին, կամ գոնե հեռուստատեսային լուրերի ընթացքում տեսել եք հանդիպումները, կնկատեք, որ միայնակ չի մասնակցում քարոզչությանը պարոն Սարգսյանը: Այնտեղ կան եւ՛ մեծամասնականով առաջադրված թեկնածուներ, եւ՛ տարածքային կազմակերպության ներկայացուցիչներ»: ԱԺ խոսնակը գտնում է, որ ապագա ԱԺ-ի կոալիցիոն մեծամասնությունը կազմելիս ՀՀԿ-ն կլինի առանցքային դերակատար, իսկ թե ո՞ր ուժերը տեղ կունենան կոալիցիայում, ցույց կտա կյանքը: Տ. Թորոսյանը հայտարարեց նաեւ, որ ՀՀԿ-ն յուրաքանչյուր ընտրության ժամանակ աշխատում է պահպանել եղածը եւ ավելացնել այն, ինչ հնարավոր է: Ըստ նրա, գործնականում չկա մի ուժ, որի հետ ՀՀԿ-ն բացառի կոալիցիա կազմելը: Այդ թվում եւ ՕԵ՞Կ-ը: Այս հարցին պատասխանելուց առաջ Տ. Թորոսյանը մի քիչ երկար մտածեց, սակայն դա, նրա հավաստմամբ՝ չի նշանակում, թե ինքը պատասխան չունի, պարզապես, ըստ նրա, կան հարցեր, որոնք առանց պատասխանի էլ պարզ են: Երբ լրագրողներից մեկը փորձեց «Արթուր Բաղդասարյանի թեման փակելու համար» մի հարց տալ, Տ. Թորոսյանը հայտարարեց. «Արթուր Բաղդասարյանի թեման պետք չէ փակել, որովհետեւ մենք չենք բացել այդ հարցը, մենք էլ չենք փակելու»: «Այդ զրույցն ինձ համար բացարձակապես անընդունելի է (Խոսքը վերաբերում է անգլիացի դիվանագետի եւ Ա. Բաղդասարյանի հանդիպման ձայնալսմանը.- Ռ.Թ.): Նման զրույց չի կարող վարվել եւ չի վարվում ժողովրդավարական երկրներում, քաղաքական որեւէ ուժի ղեկավարի եւ որեւէ երկրի դիվանագետի հետ: Եվ ինձ համար բացարձակապես անընդունելի են բոլոր հարցադրումները՝ եւ՛ երկրի նկատմամբ պատժամիջոցների հրահրումը, եւ՛ մնացած ամեն ինչ, ընդհուպ մինչեւ այլ կուսակցությունների ղեկավարներին տրվող, կարծում եմ, առնվազն ոչ կոռեկտ գնահատականները»,- շարունակեց նա: Ինչպես նկատեցիք, Տ. Թորոսյանը եւս, ինչպես եւ Ռոբերտ Քոչարյանը, չդատապարտեց գաղտնալսման փաստը: Երեկ երբ Տ. Թորոսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ ժողովրդավարական երկրներում ընդունվա՞ծ է գաղտնալսել դիվանագետներին, ԱԺ խոսնակը պատասխանեց. «Ժողովրդավարական երկրներում գաղտնալսումների հետ կապված կա հետեւյալ իրավիճակը. նախ, բնականաբար, իրավապահ մարմինները պետք է ամեն ինչ անեն օրենքի սահմաններում: Բայց այդ դեպքում, վստահ եմ, ինչքան էլ փորձեր արվեն մեղադրելու Հայաստանի իրավապահ մարմիններին, որեւէ մեկը, մինչ այս պահը, որեւէ հիմնավորում չի բերել, որ դա արել են Հայաստանի իրավապահ մարմինները: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ժամանակակից տեխնիկան, ցանկացած մարդու, որը քիչ թե շատ ծանոթ է այդ տեխնիկայի մակարդակին, հնարավորություն է տալիս, որ դա արվի, ցանկացած մեկը, ում դա հետաքրքրում է»: Այնպես որ, ըստ Տ. Թորոսյանի, տեղի ունեցածն այդքան էլ արտառոց դեպք չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել: «Եվ հաջորդը. որեւէ մեկը չի դիմում իրավապահ մարմիններին, ինչքան էլ տարօրինակ է, պարզելու, թե ինչպե՞ս է դա արվել: Շատ կարեւոր է՝ որեւէ հարցի հետ կապված պատասխան որոնելու ժամանակ, տան մեկ հարց՝ ո՞ւմ է դա ձեռնտու: Միգուցե նրանց, ովքեր ինչ-որ սկանդալնե՞ր են մտմտում այս ընտրությունների հետ կապված եւ ում ձեռնտու կլիներ այս ընտրությունների ժամանակ սկանդալների բացահայտումը: Ո՞ւմ է ձեռնտու: Չեմ կարծում, որ իշխանություններին, կամ չեմ կարծում, որ իշխանությունները պետք է այս ձայնագրությունը պահեին, հետո էլ հրապարակեին, ընդամենն ընտրությունների օրվանից մի քանի օր առաջ»,- հայտարարեց Տ. Թորոսյանը: Այդ տրամաբանությամբ՝ կարո՞ղ է՝ Ա. Բաղդասարյանն ինքն է կազմակերպել այս ամենը: Ըստ ԱԺ խոսնակի, ինքը կոնկրետ որեւէ մեկին չի մեղադրում, իսկ թե իր ասածից ով ինչ հետեւություն կանի, դա մնում է տվյալ հետեւությունն անողի հայեցողությանը: